Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2021թ. 3-րդ եռ. - 2022թ. 2-րդ եռ.)

(2022/2) Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն

(2021 թ. 3-րդ եռ. - 2022 թ. 2-րդ եռ.)

2021 թվականի 3-րդ եռամսյակից 2022 թվականի 2-րդ եռամսյակն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում պահպանվել է բարձր գնաճային միջավայրը: Վերջինիս նպաստել են թե՛ արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցությունները, թե՛ ներքին պահանջարկի աճը: Այսպես, 2021 թ. երկրորդ կիսամյակում պատվաստանյութերի լայնամասշտաբ կիրառումը զգալիորեն թուլացրել է համավարակի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա, որի արդյունքում դիտվել է տնտեսական ակտիվության և ամբողջական պահանջարկի՝ սպասվածից ավելի արագ տեմպերով վերականգնում: Սակայն, համաշխարհային պահանջարկի նման տեմպերով աճը, արժեշղթաների խաթարումների պարագայում, ուղեկցվել է արտաքին գնաճային միջավայրի զգալի ընդլայնմամբ, ինչը ներմուծվող մի շարք ապրանքների միջոցով ՀՀ ապրանքային շուկայի գներին է փոխանցել գնաճային զգալի ազդեցություն: Այս պայմաններում, բարձր գնաճը զսպելուն և գնաճային սպասումները խարսխելուն ուղղված ԿԲ քաղաքականության արդյունքում, տարեվերջից դիտվել է 12-ամսյա գնաճի էական նվազում, սակայն 2022 թ-ի փետրվարի վերջից, ռուս-ուկրաինական հակամարտության սրման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման ազդեցությամբ, թե՛ միջազգային ապրանքահումքային շուկաներում և թե՛ ՀՀ տնտեսությունում ձևավորվել են գնաճային նոր գործոններ:

Առաջնորդվելով գների կայունության նպատակի ապահովման սկզբունքով և  արձագանքելով ստեղծված իրավիճակին՝ ԿԲ-ն հաշվետու ժամանակահատվածում շարունակել է վարել դրամավարկային պայմանները խստացնելու քաղաքականություն՝ բարձրացնելով քաղաքականության տոկոսադրույքը ընդհանուր առմամբ 2.75 տոկոսային կետով: Ընդ որում, 2022 թ-ի մարտին ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ արձագանքելով փետրվարի վերջից աննախադեպ անորոշությունների պարագայում ձևավորված բարձր գնաճային իրավիճակին: Արդյունքում՝ տարեվերջից գնաճային միջավայրը որոշակիորեն մեղմվել է և, 12-ամսյա գնաճը մինչև դեկտեմբեր ավելանալուց հետո (հունիսի 6.5%-ից նոյեմբերին հասնելով 9.6%-ի), 2021 թ. դեկտեմբեր – 2022 թ. փետրվար ժամանակահատվածում նվազել է մինչև 6.5%, իսկ երկրորդ եռամսյակում կրկին ավելացել է՝ հունիսին հասնելով 10.3%-ի: Նման իրավիճակում կանխատեսվում է, որ միջնաժամկետ 3 տարվա հորիզոնում գնաճի տեմպը աստիճանաբար կթուլանա և կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ: