Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2021թ. 2-րդ եռ. - 2022թ. 1-ին եռ.)
(2022/1) Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն
(2021 թ. 2-րդ եռ. - 2022 թ. 1-ին եռ.)
2021 թվականի 2-րդ եռամսյակից 2022 թվականի 1-ին եռամսյակն ընկած ժամանակահատվածում Հայաստանում պահպանվել է բարձր գնաճային միջավայր: Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի լայնամասշտաբ կիրառման պարագայում զգալիորեն թուլացավ համավարակի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա: Արդյունքում, հաշվետու ժամանակահատվածում դիտվել է տնտեսական ակտիվության և ամբողջական պահանջարկի՝ սպասվածից ավելի արագ տեմպերով վերականգնում: Միաժամանակ, պահանջարկի աճի պայմաններում, արժեշղթաների խաթարումների դրսևորմամբ զգալիորեն ընդլայնվել է արտաքին գնաճային միջավայրը:
2022թ-ի առաջին եռամսյակում վերջինիս գումարվեց փետրվարի վերջից ռուս-ուկրաինական հակամարտության սրման և Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների կիրառման ազդեցությունը՝ արտահայտվելով ապրանքահումքային միջազգային շուկաներում աննախադեպ մեծ անորոշությունների ձևավորմամբ: Ստեղծված իրավիճակում, ներմուծվող մի շարք ապրանքների միջոցով ՀՀ ապրանքային շուկայի գներին է փոխանցվել գնաճային զգալի ազդեցություն, ինչն իր հերթին արտահայտվել է գնաճային սպասումների և ռիսկերի ավելացմամբ։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և առաջնորդվելով գների կայունության նպատակի ապահովման սկզբունքով՝ հաշվետու ժամանակահատվածում ԿԲ-ը շարունակել է վարել դրամավարկային խթանող դիրքը չեզոքացնելու քաղաքականություն՝ աստիճանաբար բարձրացնելով քաղաքականության տոկոսադրույքը: Այսպես, հաշվետու մեկ տարվա ընթացքում քաղաքականության տոկոսադրույքը բարձրացվել է ընդհանուր հաշվով 3.75 տոկոսային կետով՝ 2022թ-ի մարտին սահմանելով 9.25%:
Նման քաղաքականության արդյունքում՝ արտաքին գնաճային ֆոնի պայմաններում մեղմվել են ներքին գնաճային միջավայրի ընդլայնման տեմպերը: Հաշվետու ժամանակահատվածի սկզբի՝ 2021թ-ի մարտի 5.8% գնաճի դիմաց 2022թ-ի մարտին 12-ամսյա գնաճը կազմել է 7.4%։ ԿԲ կողմից կանխատեսվում է, որ միջնաժամկետ 3 տարվա հորիզոնում գնաճի տեմպը աստիճանաբար կթուլանա և կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ: