Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիր

Դրամավարկային քաղաքականության հիմնադրույթները

ՀՀ ԿԲ-ն կշարունակի գնաճի լիարժեք նպատակադրմանն անցման ռազմավարությունը: Համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի՝ ԿԲ հիմնական խնդիրը գների կայունության ապահովումն է, որով ԿԲ-ն իր մասնակցությունն է ունենում երկարատև ժամանակահատվածում կայուն և բարձր տնտեսական աճի ձեռքբերմանն ուղղված տնտեսական քաղաքականության իրականացմանը: ՀՀ տնտեսությունում ներկայիս ձևավորված գնաճային մակրոմիջավայրի և արտաքին աշխարհում առկա գնաճային ռիսկերի պահպանման սպասումների պարագայում, 2008 թվականի համար սահմանվել է գնաճի 4% + 1.5% նպատակային միջակայք:

  1. Գնաճի նպատակադրման ռազմավարություն իրականացնելիս 2008 թ-ին ԿԲ-ն առաջնորդվելու է հետևյալ դրույթներով.
  2. ՀՀ ԿԲ հիմնական և առաջնային նպատակը գների կայունության ապահովումն է (գնաճի նպատակային ցուցանիշը 2008-2010թթ. համար սահմանվել է տարեկան 4% (+1.5%)): 2. Որպես գնաճի ցուցանիշ՝ սահմանվում է ընդհանուր գնաճը՝ սպառողական գների ինդեքսի աճը, որն իրենից ներկայացնում է 470 սպառողական ապրանքների գների և ծառայությունների սակագների ինդեքսի աճը:
  3. Որպես անվանական խարիսխ՝ ծառայում է գնաճի կանխատեսված մակարդակը:
  4. Որպես գործառնական նպատակ՝ ընդունվում է կարճաժամկետ տոկոսադրույքը:
  5. Որպես դրամավարկային քաղաքականության հիմնական գործիք՝ կիրառվում է ռեպո (վերաֆինանսավորման) գործառնությունը, որի տոկոսադրույքը սահմանվում է յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը: Ընդ որում, դրամավարկային քաղաքականությունը տնտեսությանն ազդակներ է հաղորդում ոչ միայն տոկոսադրույքի փոփոխության, այլ նաև որոշակի ժամանակահատվածում դրանց մակարդակն անփոփոխ թողնելու միջոցով:
  6. Յուրաքանչյուր եռամսյակի սկզբին ԿԲ խորհուրդը որոշում է կայացնում առաջիկա եռամսյակի դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ՝ հիմնվելով գնաճի կանխատեսումների, արտաքին աշխարհի և տնտեսության զարգացման սցենարների, ինչպես նաև գնաճային ռիսկերի վրա:
  7. Որպես գնաճի նպատակային ցուցանիշի ապահովման ժամանակային հորիզոն՝ սահմանվում է 12 ամիսը, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր եռամսյակ կանխատեսվում է առաջիկա 12 ամիսների գնաճը, և նպատակային ցուցանիշի ու կանխատեսվածի միջև հնարավոր շեղման վերացմանն էլ ուղղվում է դրամավարկային քաղաքականությունը:
  8. Դրամավարկային քաղաքականության հաշվետվելիության և թափանցիկության ապահովման նպատակով ԿԲ-ն յուրաքանչյուր եռամսյակ հրապարակում է «Գնաճի հաշվետվությունը», որը ներառում է նախորդ ժամանակահատվածի գնաճի վերլուծությունը, այն պայմանավորող գործոնները, ինչպես նաև հաջորդ ժամանակահատվածի գնաճի կանխատեսումները: Ընդ որում, համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի՝ ՀՀ ԿԲ-ն յուրաքանչյուր տարվա առաջին և երրորդ եռամսյակներին հաջորդող երկու ամսվա ընթացքում Ազգային ժողով է ներկայացնում այդ եռամսյակներում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագրերն ու համապատասխան «Գնաճի հաշվետվությունները»: Յուրաքանչյուր եռամսյակի համար հրապարակվում են «Տոկոսադրույքի արձանագրությունները», որոնք դրամավարկային քաղաքականության եռամսյակային ծրագրեր են և ներառում են մակրոտնտեսական ու դրամավարկային ցուցանիշների կանխատեսումները մեկ տարվա հորիզոնով, ինչպես նաև դրամավարկային քաղաքակա- նության ուղղությունների վերաբերյալ ԿԲ խորհրդի քննարկումները և որոշումները: Յուրաքանչյուր ամիս, տոկոսադրույքի վերաբերյալ ԿԲ խորհրդի որոշման կայացումից անմիջապես հետո, ԿԲ-ն հրապարակում է Մամուլի հաղորդագրություն, իսկ տասն օրվա ընթացքում՝ տվյալ ամսվա «Տոկոսադրույքի արձանագրությունը»: Տոկոսադրույքի արձանագրությունները հրապարակվում են նաև ԿԲ ամենամսյա «Տեղեկագրերում»՝ որպես Դրամավարկային ամփոփագրեր, և գնաճի վերաբերյալ եռամսյակային հաշվետվություններում՝ «ՀՀ ԿԲ բանբերում»՝ որպես գնաճի կառավարմանն ուղղված քաղաքականության մեկնաբանություններ և գնաճի սպա- սումների հավանական զարգացումներն արտացոլող մոտեցումներ:
  9. Առավել խորը կվերլուծվեն և կմեկնաբանվեն այն բացառիկ իրողությունները, որոնք համաշխարհային պրակտիկայում ընդունված է համարել գնաճի վրա օբյեկտիվորեն ազդող ոչ մոնետար գործոններ.
  • համաշխարհային գների մակարդակների էական փոփոխությունները,

  • արտաքին ցնցումներով պայմանավորված՝ դրամի փոխարժեքի զգալի տատանումները,
  • գյուղատնտեսության ոլորտում զգալի փոփոխությունները, որոնք անդրադառնում են ապրանքների գների վրա,
  • կարգավորվող գների էական փոփոխությունները,
  • բնական աղետները և այլ արտակարգ իրավիճակները, որոնք կարող են առաջացնել առաջարկով կամ պահանջարկով պայմանավորված գնային ցնցումներ:

Վերջիններս կարող են առաջացնել հիմնականում առաջարկի ցնցումներ, որոնք մեկանգամյա ու ժամանակավոր երևույթներ են, և դրամավարկային քաղաքականության միջոցով դրանց ազդեցության նվազեցումը կխանգարի տնտեսական ակտիվության աճին: Ցածր գնաճի կարճ պատմություն ունեցող երկրներում նման ցնցումները սովորաբար գնաճային սպասումներ են ձևավորում: Այդ իսկ պատճառով ԿԲ-ն անհրաժեշտ է համարում գնաճի վրա այդ գործոնների ազդեցության և ԿԲ դիրքորոշման մանրամասն մեկնաբանությունը:

Ինչպես գնաճի մոդելում, այնպես էլ հրապարակումներում, ԿԲ-ն կշարունակի ներկայացնել ապագա հավանական զարգացումներն արտացոլող մոտեցումները: