Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (Գնաճի հաշվետվություն, 2008թ. 3-րդ եռամսյակ)
(2008/3) Հարգելի ընթերցող,
2008 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 17-րդ հոդվածների փոփոխված դրույթները, որոնց համաձայն՝ փոխվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևաչափերը և կառուցվածքը: Նախկինում ներկայացվող «ՀՀ կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը» ներառում էր գնաճի և ֆինանսական կայունության մասին հաշվետվությունները, ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունը և կառավարման հաշվետվությունը, ինչպես նաև վիճակագրական հավելված: Օրենքի նոր պահանջների համաձայն՝ այսուհետ գնաճի եռամսյակային հաշվետվությունները կհրապարակվեն որպես առանձին փաստաթուղթ՝ դրամավարկային եռամսյակային ծրագրերի հետ մեկտեղ ներառվելով մեկ պարբերականում, որը տարեկան երկու անգամ՝ 1-ին և 3-րդ եռամսյակներին հաջորդող երկու ամսվա ընթացքում ներկայացվելու է Ազգային ժողով: Բացի այդ, տարեկան պարբերականությամբ հրատարակվելու են «Ֆինանսական կայունության հաշվետվությունը» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վիճակագրական տեղեկագիրը»:
Սույն պարբերականը ներկայացնում է 2008 թ. 3-րդ եռամսյակի ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիրը և գնաճի հաշվետվությունը:
2008 թվականի 3-րդ եռամսյակի (հուլիս, օգոստոս, սեպտեմբեր) դրամավարկային քաղաքականության ծրագիրը բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից.
- «2008 թվականի երկրորդ եռամսյակի փաստացի ցուցանիշները և զարգացումները». ներկայացվում են գնաճի, արտաքին հատվածի, համախառն առաջարկի ու պահանջարկի, ինչպես նաև դրամավարկային հատվածի փաստացի զարգացումները,
- «2008 թվականի երրորդից 2009 թվականի առաջին եռամսյակների ճշգրտված և 2009 թվականի երկրորդ եռամսյակի կանխատեսումները». ԿԲ կանխատեսումներն են արտաքին հատվածի, համախառն առաջարկի և պահանջարկի, աշխատուժի շուկայի և դրամավարկային զարգացումների վերաբերյալ,
- «Գնաճի կանխատեսումներ». տնտեսության առանձին հատվածներում ակնկալվող զարգացումներից ելնելով՝ տրվում է առաջիկա 12-ամսյա ժամանակահատվածի գնաճի կանխատեսումը,
- «Դրամավարկային քաղաքականության ուղղությունները կանխատեսվող 12-ամսյա ժամանակահատվածում». ներկայացվում է գնաճի վրա արտաքին և ներքին միջավայրի ազդեցության, առկա գնաճային ռիսկերի և դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունների վերաբերյալ ՀՀ ԿԲ գնահատականը:
2008 թվականի 3-րդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը ներառում է հետևյալ հիմնական բաժինները.
- Համառոտագիր. ամփոփ ներկայացվում են 2008 թ. 3-րդ եռամսյակում գնաճի միտումները, ԿԲ դրամավարկային քաղաքականության ընթացքը և ձևավորված մակրոտնտեսական միջավայրը.
- Գնաճի զարգացումներ. մանրակրկիտ ներկայացվում են գնաճի փաստացի ցուցանիշները՝ ըստ ապրանքների և ծառայությունների խմբերի, բնականոն գնաճի վարքագիծը և գնաճի նպատակային ցուցանիշի իրագործման ընթացքը.
- Գնաճի գործոններ, որի շրջանակներում ներկայացվում են.
- Արտաքին միջավայրը
- Վճարային հաշվեկշիռը
- Տոկոսադրույքները, փոխարժեքը և դրամավարկային զարգացումները
- Համախառն պահանջարկը և առաջարկը
- Աշխատանքի շուկան
- Ներմուծման և արտադրողների գները
- Գնաճի սպասումները: