Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը (2012 թվական)

Նախաբան

Համաշխարհային տնտեսությունը 2012 թվականին ամբողջապես դուրս չեկավ ճգնաժամային վտանգավոր գոտուց: Հայաստանում, սակայն, 2012 թվականին ապահովվեց մակրոտնտեսական կայունություն՝ բարենպաստ միջավայր ստեղծելով նաև առաջիկա տարիների տնտեսության դրական զարգացումների համար: Հաշվետու տարում Կենտրոնական բանկին հաջողվեց գնաճը կայունացնել նպատակի շուրջ՝ ուղղորդված քաղաքականության և հասարակության շրջանում գնաճային սպասումների խարսխման շնորհիվ: 2012 թվականին արձանագրվեց 3.2% գնաճ:

Մակրոմիջավայրի կայունացումն իր դրական ազդեցությունն  ունեցավ նաև ֆինանսական համակարգի կայունության ամրապնդման վրա: Հաշվետու տարվա հատկանշական դրսևորումներից է տնտեսության իրական և ֆինանսական հատվածների ինտեգրման բարձր տեմպը: Ֆինանսական համակարգի ակտիվների մեծությունը տարեվերջին  կազմեց համախառն ներքին արդյունքի 68%-ը, իսկ վարկերի մեծությունը՝ 41%-ը, որոնք 2011 թվականի համեմատ ավելացել են մոտ 9-ական տոկոսային կետերով:

Հայաստանի ֆինանսական համակարգը, որը դեռևս ճգնաժամի խոր փուլում ապացուցեց ցնցումներին դիմակայելու ունակությունը, 2012 թվականին շարունակեց կայուն զարգացման միտումները և տարին ամփոփեց դրական արդյունքերով: Հաշվետու տարում Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությունը գնահատվեց նաև Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացված «Ֆինանսական համակարգի գնահատման ծրագրի» առաքելության կողմից: Ծրագրի առաքելության կողմից ամփոփվեցին Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության գնահատականները և տրվեցին արժեքավոր առաջարկեր, որոնց զգալի մասն արդեն իսկ իրագործվել է: Ընդհանուր առմամբ առաքելության կողմից Հայաստանի ֆինանսական համակարգին և կայունության ապահովման գործընթացներին տրվեց բավականին գոհացուցիչ գնահատականներ (ըստ գնահատականների՝ Հայաստանի բանկային համակարգը բավականին կայուն է և ունակ՝ դիմակայելու հնարավոր ցնցումներին, իսկ Կենտրոնական բանկում ներդրված է արդյունավետ վերահսկողական համակարգ և ճգնաժամերի կառավարման կենսունակ մեխանիզմ):

Ֆինանսական համակարգի սպառողների շահերի պաշտպանության ոլորտում ևս Համաշխարհային բանկի կողմից իրականացվել է հետազոտություն, ինչի արդյունքում գնահատվել է Հայաստանում սպառողների շահերի պաշտպանության և սպառողների ֆինանսական գրագիտության մակարդակը: Դրա հիման վրա մշակվել են ֆինանսական ոլորտում սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական գրագիտության բարձրացման ռազմավարությունները: Ֆինանսական ոլորտի կրթման ազգային ռազմավարության մշակման և իրագործման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որին անդամակցում են մի շարք պետական, հասարակական և մասնավոր կառույցներ: Բնակչության ֆինանսական կրթման համատեքստում շարունակվել են իրականացվել կենսաթոշակային համակարգի բարեփոխումների լայնամասշտաբ լուսաբանման միջոցառումների իրականացում: 2012 թվականին Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում են գտնվել կենսաթոշակային բարեփոխումները. մասնավորապես այս ոլորտում կարգավորման դաշտի ձևավորման ուղղությամբ իրականացված աշխատանքներին զուգընթաց Կենտրոնական բանկը նաև ակտիվ բանակցություններ վարեց օտարերկրյա հեղինակավոր փորձառու ակտիվների կառավարիչների հետ՝ վերջիններիս պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարման մեջ ներգրավելու ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ Կենտրոնական բանկը 2012 թվականին շարունակել է իրականացնել ֆինանսական համակարգի կայուն զարգացման, կարգավորման դաշտի արդիականացման, ֆինանսական համակարգի վերահսկողության, սպառողների շահերի պաշտպանության ու հասարակության տարբեր նպատակային խմբերի ֆինանսական կրթման ուղղություններով լայնամասշտաբ աշխատանքներ:

2012 թվականին Հայաստանի ֆինանսական համակարգի մասնակիցները շարունակել են ապահովել ամփոփ ցուցանիշների (ակտիվներ, վարկեր, պարտավորություններ, ավանդներ, կապիտալ և այլն) կայուն աճի միտումները: