Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը (2015 թվական)
Նախաբան
Տարածաշրջանային տնտեսական զարգացումներից բխող անորոշությունների պայմաններում տնտեսությունում վարկային ռեսուրսների նկատմամբ պահանջարկի նվազման արդյունքում 2015 թվականին արձանագրվել է ֆինանսական միջնորդության որոշակի նվազում: Ֆինանսական միջնորդությունը բնութագրող ակտիվների ու ՀՆԱ-ի և վարկերի ու ՀՆԱ-ի հարաբերակցության ցուցանիշները նվազել են համապատասխանաբար 7.0 և 5.7 տոկոսային կետով և կազմել 76.8% և 43.4%: Ստեղծված տնտեսական իրավիճակում ֆինանսական հաստատությունների սպասումներին համահունչ արձանագրվել է արտաքին հատվածից բխող ռիսկերի որոշակի աճ, որի ազդեցությունը, սակայն, չեզոքացվել է ինչպես ռիսկերի աճի ազդեցության նվազեցմանը արագ արձագանքելու գործողություններ նախաձեռնելու, այնպես էլ բավարար կապիտալի համարժեքության և իրացվելիության մակարդակի ապահովման շնորհիվ: Այս իրավիճակում տարվա ընթացքում ֆինանսական կայունությունը վտանգող ռիսկեր չեն դրսևորվել:
Առաջին կիսամյակում նոր տնտեսական իրավիճակին հարմարվելու անցումային շրջանում փոխառուների ֆինանսական դժվարությունների հետևանքով որոշակիորեն նվազել է բանկային համակարգում վարկային պորտֆելի վերադարձելիությունը, որը, սակայն, արդեն իսկ երկրորդ կիսամյակում բարելավման միտում է ցուցաբերել: Այս զարգացումների ներքո բանկերի կողմից կանոնադրական կապիտալի համալրումները ապահովել են կապիտալի համարժեքության զգալի աճ: Ավանդների աճի տեմպերը 2015 թ. նույնպես պահպանվել են, ինչի արդյունքում, վարկային ներդրումների կրճատման պայմաններում, ապահովվել է բանկային համակարգի իրացվելիության մակարդակի և վարկային պորտֆելի ֆինանսավորման աղբյուրների կայունության աճ:
Ոչ բանկ ֆինանսական հաստատություններում դիտարկվել է գործունեության ծավալային զգալի ընդլայնում, իսկ նորմատիվային ցուցանիշները պահպանվել են պահանջվող սահմանաչափերում:
Ֆինանսական համակարգի կարգավորման և վերահսկողության ոլորտում ՀՀ կենտրոնական բանկը շարունակել է ֆինանսական հաստատությունների գործունեության կարգավորման ու վերահսկողության արդյունավետության բարձրացման և սպառողների շահերի պաշտպանության ու հասարակության տարբեր նպատակային խմբերի ֆինանսական կրթման աշխատանքները: 2015 թվականին Կենտրոնական բանկը նախաձեռնել է Բազել 3 համաձայնագրով սահմանված՝ իրացվելիության պահանջների ներդրման աշխատանքները և շարունակել կանոնների վրա հիմնված վերահսկողական մոդելից ռիսկերի վրա հիմնված վերահսկողության մոտեցմանը ամբողջական անցման միջոցառումները: