(2011/2) ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիր (2-րդ եռամսյակ, 2011թ.)

Համառոտագիր

Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները զգաց 2008 թվականի ավարտից: 2009 թվականից ՀՀ իշխանությունները նախաձեռնեցին հակաճգնաժամային միջոցառումներ: Այդ շարքում ԿԲ-ն, ելնելով ՀՀ տնտեսության առանձնահատկություններից և հետևելով գնաճի նպատակադրում իրականացնող կենտրոնական բանկերի կողմից ձեռնարկվող միջոցառումներին, գնաճի նպատակադրման ռազմավարության սկզբունքների ներքո իրականացրեց նաև ծավալային ընդլայնման քաղաքականություն: Վերջինս ուղղված էր տնտեսական անկման պայմաններում գների կայունության և տնտեսական աճի ապահովման խնդիրների արդյունավետ համադրմանը: Ներկայումս ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունն աստիճանաբար վերադարձվում է գնաճի նպատակադրման հիմնադրույթների հարթություն: Դրանից ելնելով, նաև ուղղորդվելով թափանցիկության սկզբունքով` ԿԲ-ն նպատակահարմար է գտնում հրապարակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության հիմնադրույթները գնաճի նպատակադրման ռազմավարության ներքո վերախմբագրված և որոշակի պարզաբանումներ պարունակող փաստաթուղթը: