ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիր (1-ին եռամսյակ, 2011թ.)
(2011/1) 2010 թվականի չորրորդ եռամսյակի փաստացի ցուցանիշները և զարգացումները
2010 թ. սկզբին ՀՀ ֆինանսատնտեսական իրավիճակը բնութագրվում էր բարձր գնաճային միջավայրով, քանի որ 2009 թվականին իրականացված ընդլայնողական հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ազդեցությունը սկսեց ի հայտ գալ 2009 թվականի վերջին, և ակնկալվում էր, որ 2010 թվականի առաջին եռամսյակում կհասնի իր գագաթնակետին: Գնաճային միջավայրի ձևավորմանը նպաստող երկրորդ գործոնը 2009 թվականի երկրորդ կեսից համաշխարհային տնտեսության վերականգնման պայմաններում պարենային և հիմնական հումքային ապրանքների միջազգային գների աճն էր, որի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա ակնկալվում էր առավելապես 2010 թվականի առաջին եռամսյակում: Գնաճային միջավայր ձևավորող երրորդ գործոնը 2010 թվականի ապրիլի 1-ից գազի և ջրի սակագների բարձրացումն էր, որի ազդեցությունը գնաճի վրա արտահայտվեց ինչպես ուղղակիորեն՝ այդ ծառայությունների սակագների աճի միջոցով, այնպես էլ անուղղակիորեն` ինքնարժեքի միջոցով այլ ապրանքների գների աճով: Նման իրավիճակում Կենտրոնական բանկը 2010 թվականի հունվարից իրականացրել է կոշտ դրամավարկային քաղաքականություն` առաջին հինգ ամիսներին շարունակ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը (ընդհանուր առմամբ՝ 2.5 տոկոսային կետով)` զուգահեռաբար իրականացնելով ապադոլարայնացմանն ուղղված միջոցառումներ:
Իրականացված քաղաքականության արդյունքում 12-ամսյա գնաճը փետրվարին արձանագրված 9.4%-ից շարունակաբար նվազելով՝ հունիսին մոտեցավ նպատակային միջակայքի վերին սահմանին` կազմելով 5.8%: Սակայն հունիսից իրավիճակը կտրուկ փոխվեց, և գնաճային միջավայրը կտրուկ ընդլայնվեց: Այդուհանդերձ, բնականոն գնաճը1 շարունակում էր նվազել` արտացոլելով տարեսկզբին իրականացված դրամավարկային պայմանների խստացումը: Առաջին գործոնը, որը նոր գնաճային ազդակներ հաղորդեց ՀՀ տնտեսությանը, ցորենի միջազգային գնի կտրուկ աճն էր, որին հաջորդեց այլ պարենային ապրանքների միջազգային գների աճը: Հաջորդ էական գործոնը գյուղատնտեսության ճյուղի խորը անկումն էր, որն արտահայտվեց գյուղատնտեսական մթերքների առաջարկի կտրուկ նվազմամբ:
Ակնհայտ էր, որ գնաճային միջավայրը ձևավորվում է բացառապես առաջարկի գործոններով պայմանավորված, որոնք ենթակա չեն դրամավարկային կարգավորման: Այս իրավիճակում, չնայած գնաճի արագացմանը, Կենտրոնական բանկը ձեռնպահ է մնացել վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումից, քանի որ բոլոր գնահատումները ցույց էին տալիս, որ ներքին պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնումը գնաճային ճնշումներ չի ստեղծում: Այսինքն` բարձր գնաճը պայմանավորված չէր դրամավարկային քաղաքականության ներգործությանը ենթակա պահանջարկի գործոններով: Այս իրավիճակում ԿԲ-ն 2010 թվականի հունիսից անփոփոխ է թողել հիմնական գործիքի տոկոսադրույքը:
Նման պայմաններում 2010 թվականի ընթացքում արձանագրվեց 9.4% գնաճ, որի միայն 7.5 տոկոսային կետը պարենային ապրանքների գների աճի հաշվին էր. ներքին գյուղատնտեսական ապրանքների գների աճի հաշվին արձանագրվել է շուրջ 5 տոկոսային կետ գնաճ, ավելի քան 2 տոկոսային կետ՝ ներմուծվող պարենային ապրանքների գների աճի հաշվին: Ընդ որում, չորրորդ եռամսյակում ավելացել է պարենային ապրանքների նպաստումն ընդհանուր գնաճին: Եռամսյակի ընթացքում արձանագրվել է 4.5% գնաճ՝ պարենային ապրանքների գները եռամսյակի ընթացքում բարձրացել են 8.1%-ով (նպաստումն ընդհանուր գնաճին՝ 4.4 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների գները` 1.5%-ով (նպաստումը` 0.2 տոկոսային կետ), իսկ ծառայությունների սակագները նվազել են 0.2%-ով (նպաստումը` 0.05 տոկոսային կետ): 2010 թվականի հունվար-դեկտեմբերին արձանագրված միջին գնաճը նախորդ տարվա միջինի նկատմամբ կազմել է 8.2%:
Նոյեմբեր-դեկտեմբերին նկատվել է առաջարկի շոկերով պայմանավորված և ամիսներ շարունակ դրսևորված գնաճի երկրորդային ազդեցությունների ուժգնացում, ձևավորվել են գնաճային սպասումներ, որոնք արտացոլվել են նաև բնականոն գնաճի ցուցանիշում: Եռամսյակի ընթացքում արձանագրվել է 3.0% բնականոն գնաճ, որի պարագայում 12-ամսյա բնականոն գնաճը տարեվերջին կազմել է 6.26%: