(2012/1) ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիր (1-ին եռամսյակ, 2012թ.)

2011 թվականի փաստացի ցուցանիշները և զարգացումները

2011 թվականի սկիզբը բնութագրվում էր բարձր գնաճային միջավայրով, որը 2010 թվականի ընթացքում հումքային և պարենային ապրանքների միջազգային գների աճի, ՀՀ-ում գյուղատնտեսության ճյուղի խորը անկման պայմաններում այդ ճյուղի առաջարկի կրճատման, նշվածի արդյունքում արձանագրված բարձր գնաճի երկրորդային ազդեցությունների, ձևավորված բարձր գնաճային սպասումների հետևանք էր: 2010 թվականի վերջին ԿԲ խորհուրդը նախանշել էր դրամավարկային պայմանների խստացման անհրաժեշտության մասին, եթե սպառողական շուկայում շարունակվեին բարձր գնաճի երկրորդային ազդեցությունները և սպասումները: ԿԲ-ն իր հրապարակումներում պարբերաբար շեշտադրում էր 2011 թվականի երկրորդ կեսից գնաճի տեմպերի շարունակական նվազող հետագիծ ունենալու մեծ հավանականության մասին, սակայն գների աճը աստիճանաբար ընդգրկում էր սպառողական շուկայի ավելի շատ հատվածներ:

Այս ամենն ուղեկցվում էր արտաքին աշխարհից փոխանցվող անորոշություններով, որոնք հետագայում դրսևորվեցին հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային ճնշումների ուժգնացմամբ, հետևաբար՝ մեր երկրում գնաճային միջավայրի ընդլայնմամբ: 12-ամսյա գնաճը մարտին կազմեց 11.5% (ընդ որում՝ պարենային ապրանքների գների աճի նպաստումը կազմեց 8.3 տոկոսային կետ): ԿԲ խորհուրդը հայտարարեց, որ մոնետար գործոններով պայմանավորված գնաճը կառավարելի է, և գնաճային միջավայրը շարունակում է ձևավորվել բացառապես առաջարկի գործոնների ազդեցությամբ, իսկ համախառն պահանջարկի վերականգնումը և աշխատանքի շուկայի զարգացումները հետագայում չափավոր գնաճային ճնշումներ են առաջացնում: Այս իրավիճակում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն անհրաժեշտ է՝ արձանագրված բարձր գնաճի երկրորդային ազդեցությունների մեղմման և սպասումների խարսխման համար:

Առաջիկա ամիսներին գնաճային միջավայրը զսպելու՝  երկրորդային ազդեցությունները չեզոքացնելու և սպասումները խարսխելու նպատակով ԿԲ խորհուրդը, փետրվարից սկսած, երեք ամիս շարունակ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝  ընդհանուր առմամբ 1.25 տոկոսային կետով: Հաջորդող ամիսներին գնաճային միջավայրը մեղմվում էր, ինչին դրամավարկային պայմանների խստացումից զատ նպաստում էին հարկաբյուջետային քաղաքականության զսպող բնույթը, արտաքին աշխարհից ՀՀ տնտեսություն փոխանցվող գնաճային ճնշումների թուլացումը, մասնավոր սպառման չեզոք ազդեցությունը, աշխատանքի շուկայի՝ նախորդ ժամանակահատվածի համեմատությամբ ավելի թույլ գնաճային ազդեցությունը, գյուղմթերքների թողարկման ծավալների աճի պայմաններում դրանց գների անկումը: Սակայն տարվա կեսին 12-ամսյա գնաճը դեռևս հեռու էր տատանումների թույլատրելի միջակայքից, քանի որ ներառում էր նախորդ` 2010 թվականի երկրորդ կեսի բարձր գնաճը: Հունիսին 12-ամսյա գնաճը կազմեց 8.5%:

Այդ ժամանակահատվածի զարգացումները վկայում էին, որ գնաճային ռիսկերը հավասարակշռվել են: Երրորդ եռամսյակի սկզբին կանխատեսվեց գնաճի կտրուկ նվազում, գնաճի հեռանկարն ավելի լավատեսական էր ինչն էլ հնարավորություն տվեց սեպտեմբերին թուլացնելու դրամավարկային պայմանները. ԿԲ խորհուրդը նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով: Տարեվերջին ՀՀ տնտեսությունը զարգանում էր 4-րդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում նախանշած բազային սցենարին համապատասխան, ինչը ենթադրում է չեզոք քաղաքականության իրականացում, այսինքն՝ քաղաքականության տոկոսադրույքի այնպիսի մակարդակի սահմանում, որը գնաճային միջավայրի վրա չի թողնում ոչ ընդլայնող, ոչ էլ զսպող ազդեցություն: Տնտեսության զարգացման ներկա պայմաններում տոկոսադրույքի այդ մակարդակը տատանվում է 8%-ի շրջակայքում: Ելնելով նշվածից՝  2011 թվականի վերջին ամիսներին ԿԲ խորհուրդն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

Ինչպես և մշտապես ուրվագծվել էր 2011 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրերում, 12-ամսյա գնաճը տարվա երկրորդ կեսին շարունակաμար նվազեց և տարեվերջին ձևավորվեց 4% նպատակային ցուցանիշի +1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում՝ կազմելով 4.7%: 12-ամսյա ցուցանիշին պարենային, ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների նպաստումները համապատասխանաբար կազմել են 3.1, 0.7 և 0.9 տոկոսային կետ: