Գնաճի հաշվետվություն 2012/4 (Դրամավարկային քաղաքականության 2012թ. ծրագիր 4-րդ եռամսյակ, Դրամավարկային քաղաքականության 2012 թ. 3-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)

Համառոտագիր

2012 թվականի երրորդ եռամսյակի փաստացի արդյունքներով եռամսյակի ընթացքում գրանցվել է 1.1% գնանկում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.8%-ի դիմաց, որի արդյունքում 12-ամսյա գնաճի մակարդակը, տարվա առաջին կիսամյակի շարունակական նվազումից հետո, երրորդ եռամսյակի սկզբին բարձրացել է և ողջ ընթացքում գտնվել տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանագծում՝ սեպտեմբերի վերջի դրությամբ կազմելով 2.5%: Արձանագրված 12-ամսյա գնաճը պայմանավորվել է պարենային ապրանքների գների 1.8% (նպաստումը ընդհանուր գնաճին 0.96 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար տ/տ 5.7% և 2.1% աճերով (ընդհանուր նպաստումը գնաճին 1.55 տոկոսային կետ):  

Կանխատեսվող հորիզոնում ինչպես արտաքին աշխարհի, այնպես էլ ՀՀ տնտեսության ներքին զարգացումները նախանշում են գնաճային միջավայրի փոքր-ինչ ընդլայնում և առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կբարձրանա` տարեվերջին կազմելով 3.4%, իսկ այնուհետև կանխատեսվող հորիզոնում կկառավարվի առավելապես նպատակային 4% մակարդակի շրջակայքում: 

2012 թվականին երկրորդ եռամսյակում տնտեսական աճը կազմել է տ/տ 6.6%, որի պարագայում հունվար-հունիս ժամանակահատվածի աճը կազմել է 6.2%: 2012 թվականի երրորդ եռամսյակում ԱՎԾ-ի կողմից հրապարակված ՏԱՑ-ի ցուցանիշը վկայում է տնտեսական բարձր ակտիվության մասին, որը արդյունք է արդյունաբերության, գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերում արձանագրված թողարկման ծավալների աճի: Բազային սցենարի ներքո, հիմնականում պայմանավորված ներքին տնտեսական աճի հեռանկարների վերաբերյալ լավատեսական սպասումների ձևավորման պարագայում ներքին պահանջարկի վերականգնման տեմպերի ակնկալվող արագացմամբ և արտաքին պահանջարկի շարունակական վերականգնմամբ` 2012 թվականին սպասվում է տարեկան 7-7.4% տնտեսական աճ: Ընդ որում, տնտեսական աճին կշարունակի մեծապես նպաստել ծառայությունների, արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի ավելացված արժեքների աճը՝ տարեվերջին կազմելով համապատասխանաբար շուրջ 6%, 9.5% և 11%: Տնտեսական աճի նախանշված միտումները կշարունակվեն կանխատեսվող հորիզոնում և այն կկայունանա 5-6% շրջանակներում:

Ըստ ԿԲ գնահատումների, 2012 թվականին  աշխատանքի շուկայում կգրանցվի միջին անվանական աշխատավարձի 5.7% աճ, իսկ  գործազրկությունը կնվազի 1.2 տոկոսային կետով` կազմելով 17.2%: Տնտեսական աճի` բազային սցենարով նախանշված զարգացումների պահպանման պարագայում աշխատանքի շուկայում միջին աշխատավարձերի աճի և գործազրկության կրճատման նման տեմպերը կշարունակվեն նաև կանխատեսվող հորիզոնում: Վերը նշված զարգացումների պայմաններում աշխատանքի շուկայում գնաճի վրա ազդող էական անհավասարակշռություններ չեն սպասվում:

2012 թվականին, ըստ ԿԲ գնահատումների, մասնավոր սպառման 8% և մասնավոր ներդրումների 4.8% աճի պարագայում մասնավոր ծախսումները կաճեն 7.2%-ով և տարվա երկրորդ կիսամյակում սպառողական շուկայում կառաջացնեն որոշակի գնաճային ճնշումներ: 2013 թվականի մասնավոր սպառման և ներդրումների աճի տեմպերը նախորդ կանխատեսումների համեմատ վերանայվել են աճի ուղղությամբ և կկազմեն համապատասխանաբար 4% և 5.5%, իսկ մասնավոր ծախսումների աճը կկազմի 4.4%, որի տեմպերի դանդաղման արդյունքում կթուլանա գնաճային ազդեցությունը: Կանխատեսվող հորիզոնում մասնավոր սպառումը 2012 թվականի բարձր աճի  տեմպերի համեմատ կաճի ավելի դանդաղ, բայց կայուն տեմպերով: Իսկ մասնավոր ներդրումները կշարունակեն վերականգնվել 2012 թվականի առաջին կիսամյակի անկումից հետո և կայուն աճ կունենան միջնաժամկետ հատվածում` նպաստելով տնտեսական աճին և չստեղծելով գնաճային ճնշումներ:

2012 թվականի երրորդ եռամսյակում հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա, ըստ հարկաբյուջետային ազդակի ցուցանիշի, գնահատվել է զսպող, որը ԿԲ կողմից կանխատեսվածի շրջանակում է: Վերջինս պայմանավորված է եկամուտների 0.57 և ծախսերի 0.51 զսպող ազդեցություններով: 2012 թվականի համար, համաձայն բազային սցենարի, հարկաբյուջետային ազդակը գնահատվել է 1.1 զսպող` ի հաշիվ տարվա արդյունքում պետական ծախսերի տնտեսման: 2013 թվականի համար համախառն պահանջարկի վրա ակնկալվում է հարկաբյուջետային քաղաքականության չեզոք ազդեցություն, որը պայմանավորված կլինի եկամուտների զսպող և ծախսերի նույնչափ ընդլայնող ազդեցություններով: Կանխատեսվող հորիզոնում հարկաբյուջետային քաղաքականությունը միտված է լինելու պարտքի արդյունավետ կառավարմանը և մինչև 3% պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցության պահպանմանը, ինչի պարագայում հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը գնահատվում է ոչ գնաճային: 

2012թ. վերջին, ըստ ԿԲ գնահատումների, ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը կկազմի շուրջ 9.0%՝ նախորդ տարվա 10.9%-ի համեմատ: 2012թ. երրորդ եռամսյակում գնահատվում է այդ ցուցանիշի 1.5 տոկոսային կետով նվազում:

2012թ. երրորդ եռամսյակի ընթացքում համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերի դանդաղման և ներքին տնտեսության ակտիվության աճի բարձր տեմպերի պահպանման ներքո ընթացիկ հաշվի պակասուրդը նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ նվազել է. արտահանման գների նվազման պայմաններում ապրանքների արտահանման դոլարային արժեքը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 5.3%-ով, իսկ ապրանքների ներմուծման դոլարային արժեքը նվազել է տ/տ 8.7%-ով: 2012թ. երրորդ եռամսյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումերի աճի տեմպերը պահպանվել են՝ հիմնականում պայմանավորված Ռուսաստանի տնտեսության զարգացումներով:

2013թ. ապրանքների և ծառայությունների արտահանման դոլարային արժեքի աճը կկազմի 4-6%, իսկ ապրանքների և ծառայությունների ներմուծման դոլարային արժեքի աճը կգտնվի 3-5% միջակայքում: 2013թ. Ռուսաստանի տնտեսական աճի նվազման ուղղությամբ վերանայման արդյունքում ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքի աճի տեմպերը կպահպանվեն և կգտնվեն 8-10% միջակայքում:   

Կանխատեսվող հորիզոնում ընթացիկ հաշվի դիրքի բարելավման գործընթացը կշարունակվի և նախորդ ծրագրի համեմատ կգտնվի առավել բարենպաստ մակարդակում՝ 6-8% միջակայքում: 

Համաշխարհային տնտեսությունում 2012թ. երրորդ եռամսյակը նշանավորվեց ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից տնտեսական քաղաքականության որոշակի քայլերով՝ ուղղված տնտեսական աճի խթանման և պարտքային հիմնախնդիրների լուծմանը: Մասնավորապես, հատկանշական էր ԱՄՆ Ֆեդերալ պահուստային համակարգի կողմից երրորդ քանակական ընդլայնման որոշումը, ցածր տոկոսադրույքների քաղաքականության երկարաձգումը ևս մեկ տարով՝ մինչև 2015թ., ինչպես նաև ԵԿԲ-ի կողմից հատուկ պայմանների ներքո երկրորդային շուկայից պարտքային խնդիրներով երկրների պարտատոմսերի գնման որոշումը:

Ըստ ԱՄՀ գնահատումների, 2012թ-ի համաշխարհային տնտեսական աճը կկազմի 3.3%՝ նվազելով 2011թ-ին գրանցված 3.8%-ի համեմատ: Նման դանդաղումը հիմնականում պայմանավորված էր 2012թ-ին զարգացած երկրների տնտեսական աճի 1.3% դանդաղմամբ, որը իր ազդեցությունը ունեցավ նաև զարգացող երկրների տնտեսական աճի վրա. 2012-ին այն գնահատվում է 5.3%՝ 2011թ-ին արձանագրված 6.2%-ի դիմաց:

2012թ. երրորդ եռամսյակում հիմնական հումքային և պարենային որոշ ապրանքների միջազգային շուկաներում առկա եղան գնաճային միտումներ՝ պայմանավորված առաջարկի հետ կապված խնդիրներով և ԱՄՆ-ի Ֆեդերալ պահուստային համակարգի կողմից երրորդ քանակական ընդլայնմամբ: Այսպես, պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հրապարակվող պարենի գների ինդեքսը երրորդ եռամսյակում` նախորդ եռամսյակի նկատմամբ միջինում արձանագրել է 3.8% աճ, որը դեռևս 6.6%-ով ցածր է նախորդ տարվա նույն եռամսյակի ցուցանիշից:

2013թ-ին զարգացած երկրների տնտեսական աճը կվերականգնվի շատ դանդաղ տեմպերով և կկազմի 1.5% (0.3 տոկոսային կետով նվազման ուղղությամբ ճշգրտում): Զարգացած երկրների տնտեսական զարգացումները իրենց ազդեցությունը կունենան զարգացող երկրների վրա, որտեղ ևս կնկատվի տնտեսական աճի դանդաղում և 2013թ-ին կարձանագրվի 5.6% աճ (0.2 տոկոսային կետով նվազման ուղղությամբ ճշգրտում):

Կանխատեսվող հորիզոնում արտաքին միջավայրի ճնշումները կլինեն թույլ գնաճային, քանի որ առանձին հումքային և պարենային շուկաներում առկա գնաճային զարգացումները մեծամասամբ կհավասարակշռվեն համաշխարհային պահանջարկի առկա ցածր մակարդակով: Անհրաժեշտ է նշել նաև, որ ցորենի միջազգային շուկան գտնվում է հիմնարար լարվածության մեջ և բավականին զգայուն է ցանկացած սպասումների նկատմամբ գների բարձր տատանողականություն դրսևորելու առումով:

Կանխատեսվող հորիզոնում համաշխարհային տնտեսության զարգացման հետագա ընթացքի վերաբերյալ առկա են լուրջ անորոշություններ և ռիսկերը գերակշռում են նվազման ուղղությամբ: Մասնավորապես, կարճաժամկետ հորիզոնում համաշխարհային տնտեսական աճի նվազման ուղղությամբ ռիսկերը պայմանավորված կլինեն ԵՄ երկրներում պարտքային հիմնախնդիրների սրմամբ, ԱՄՆ-ում ֆիսկալ կոնսոլիդացիայի ընթացքով, ինչպես նաև աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված էներգակիրների գների հնարավոր աճով: Աճի ուղղությամբ ռիսկերը հիմնականում կպայմանավորվեն ԱՄՆ-ում և ԵՄ-ում ավելի արդյունավետ տնտեսական քաղաքականությունների կիրառման արդյունքում տնտեսական աճի արագ վերականգնմամբ, որի հավանականությունը սակայն ցածր է: 

2012 թվականի երրորդ եռամսյակում ԿԲ-ն շարունակել է անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը (8.0%): Այստեղ հիմնական փաստարկը եղել է 12-ամսյա գնաճի ցուցաբերած աճողական վարքագիծը և արդյունքում կայունացումը տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանագծում, ինչը ուղեկցվել է նաև արտաքին և ՀՀ տնտեսություններից ակնկալվող թույլ գնաճային սպասումներով: Այս պայմաններում երրորդ եռամսյակի ընթացքում ֆինանսական շուկայում դիտվել են հիմնականում շուկայական տոկոսադրույքների նվազման և դրամի արժևորման միտումներ (տե'ս III 3.1 Տոկոսադրույքներ և III 3.3 Փոխարժեք բաժինները):

Կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կշարունակի վերականգնվել և կմնա թույլատրելի միջակայքում՝ 2013 թվականի առաջին կեսին մոտենալով 4% նպատակային ցուցանիշին: Դա հնարավոր կլինի դրամավարկային չեզոք քաղաքականության իրականացման արդյունքում, ինչը ենթադրում է քաղաքականության դրույքի համադրում գնահատված չեզոք տոկոսադրույքին (այդ պարագայում գնաճը գտնվում է նպատակային, իսկ ՀՆԱ-ն՝ իր հավասարակշիռ մակարդակում), իսկ այն ներկայումս գնահատվում է շուրջ 8%:

Կարճաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածում գնաճի` կանխատեսված արժեքից շեղման ռիսկերը համարվում են հավասարակշռված և պայմանավորված են արտաքին և ներքին տնտեսական գործոններով: Այսպես, ՀՀ տնտեսությունում հնարավոր բնակլիմայական անբարենպաստ պայմանների առկայության հետևանքով գյուղմթերքների առաջարկի կրճատմանն ի պատասխան ներքին գների ավելացումը, և աշխարհաքաղաքական բացասական զարգացումների հետևանքով միջազգային շուկայում էներգակիրների գների աճի գնաճային հետևանքները նախանշում են գնաճի ավելացման ուղղությամբ առկա ռիսկերը: Մյուս կողմից, կանխատեսվող հորիզոնում հարկաբյուջետային զսպող քաղաքականությամբ, պարտքային հիմնախնդիրների սրումով և երկարաժամկետ հատվածում պոտենցիալ ՀՆԱ-ի աճի տեմպի դանդաղմամբ պայմանավորված` ԱՄՆ և ԵՄ երկրների տնտեսական աճի դանդաղումից բխող համաշխարհային պահանջարկի անկումը վկայում են հնարավոր գնանկումային ռիսկերի մասին, որոնք կչեզոքացվեն վերը նկարագրված գնաճային ռիսկերով: