Գնաճի հաշվետվություն 2012/3 (Դրամավարկային քաղաքականության 2012թ. 3-րդ եռամսյակի ծրագիր, Դրամավարկային քաղաքականության 2012 թ. 2-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)
Համառոտագիր
2012 թվականի երկրորդ եռամսյակի փաստացի արդյունքներով եռամսյակի ընթացքում գրանցվել է 3.1% գնանկում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.6%-ի դիմաց, որի արդյունքում 12-ամսյա գնաճը այս եռամսյակ ևս շարունակել է նվազել և հունիսի վերջի դրությամբ կազմել 0.7%: Արձանագրված ցածր 12-ամսյա գնաճը պայմանավորվել է բացառապես պարենային ապրանքների գների անկմամբ (0.9%), այն դեպքում, երբ ոչ պարենային ապրանքների գները և ծառայությունների սակագներն հիմնականում արձանագրել են սպասված աճերը` համապատասխանաբար տ/տ 3.9% և 1.9%-ով:
Կանխատեսվող հորիզոնում ինչպես արտաքին աշխարհի, այնպես էլ ՀՀ տնտեսության ներքին զարգացումները նախանշում են գնաճային միջավայրի փոքր-ինչ ընդլայնում և առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կբարձրանա` տարեվերջին ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում, իսկ այնուհետև կանխատեսվող հորիզոնում կկառավարվի առավելապես նպատակային 4% մակարդակի շրջակայքում:
2012 թվականին առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 4.7%: 2012 թվականի երկրորդ եռամսյակում ԱՎԾ-ի կողմից հրապարակված ՏԱՑ-ի ցուցանիշը վկայում է տնտեսական ակտիվության աշխուժացման մասին, որը արդյունք է արդյունաբերության, գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերում արձանագրված թողարկման ծավալների աճի: Բազային սցենարի ներքո, հիմնականում պայմանավորված ներքին տնտեսական աճի հեռանկարների վերաբերյալ լավատեսական սպասումների ձևավորման պարագայում ներքին պահանջարկի վերականգնման տեմպերի ակնկալվող արագացմամբ և արտաքին պահանջարկի շարունակական վերականգնմամբ` 2012 թվականին մեծ հավանականությամբ սպասվում է 5.6-6.7% տնտեսական աճ: Ընդ որում, տնտեսական աճին կշարունակի մեծապես նպաստել ծառայությունների, արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի ավելացված արժեքների աճը. 2012-ին դրանք կկազմեն համապատասխանաբար շուրջ 5%, 9.5% և 7.5%: Տնտեսական աճի նախանշված միտումները կշարունակվեն կանխատեսվող հորիզոնում և այն կկայունանա 4-5% շրջանակներում:
Ըստ ԿԲ գնահատումների, 2012 թվականի երկրորդ եռամսյակում աշխատանքի շուկայում գրանցվել է միջին անվանական աշխատավարձի 6.0% աճ, իսկ գործազրկությունը նվազել է 0.3 տոկոսային կետով` կազմելով 18.9%: Սպասվող տնտեսական ակտիվության պայմաններում 2012 թվականին աշխատանքի շուկայում ակնկալվում է անվանական միջին աշխատավարձերի 6.2% աճ և գործազրկության մակարդակի 0.3 տոկոսային կետով նվազում: Տնտեսական աճի` բազային սցենարով նախանշված զարգացումների պահպանման պարագայում աշխատանքի շուկայում միջին աշխատավարձերի աճի և գործազրկության կրճատման նման տեմպերը կշարունակվեն նաև կանխատեսվող հորիզոնում: Վերը նշված զարգացումների պայմաններում աշխատանքի շուկայում գնաճի վրա ազդող էական անհավասարակշռություններ չեն սպասվում:
2012 թվականի երկրորդ եռամսյակում, ըստ ԿԲ գնահատումների, մասնավոր ծախսումների իրական աճը կազմել է 3.5%, իսկ մասնավոր ներդրումները նվազել են 11.5%-ով: 2012 թվականի երկրորդ կիսամյակում սպասվում է մասնավոր սպառման համեմատաբար բարձր աճի տեմպերի պահպանում և մասնավոր ներդրումների դանդաղ վերականգնում` առաջին կիսամյակի անկումից հետո` կազմելով համապատասխանաբար 7.1 և 4.1%, իսկ մասնավոր հատվածի ընդհանուր ծախսերը կաճեն 6.4%-ով: Կանխատեսվող հորիզոնում սպասվում է մասնավոր սպառման բարձր աճի տեմպերի ճշգրտում ներքևի ուղղությամբ և ավելի դանդաղ ու կայուն տեմպերով աճ: Մասնավոր ներդրումների աճի տեմպերը կվերականգնվեն` նպաստելով կանխատեսվող հորիզոնում մասնավոր ծախսումների աճին և կայուն տնտեսական աճին:
2012 թվականի երկրորդ եռամսյակում հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա, ըստ հարկաբյուջետային ազդակի ցուցանիշի, գնահատվել է չեզոք` պայմանավորված եկամուտների 1.25 ընդլայնող և ծախսերի 1.1 զսպող ազդեցություններով: 2012 թվականի համար, համաձայն բազային սցենարի, հարկաբյուջետային ազդակը գնահատվել է 1.1 տոկոսային կետ զսպող` ի հաշիվ ինչպես եկամուտների, այնպես էլ ծախսերի զսպող ազդեցությունների: Կանխատեսվող հորիզոնում հարկաբյուջետային քաղաքականությունը միտված է լինելու պարտքի արդյունավետ կառավարմանը և մինչև 3% պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցության պահպանմանը, ինչի պարագայում հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը կանխատեսվող հորիզոնում գնահատվում է ոչ գնաճային:
2012թ. երկրորդ եռամսյակի ընթացքում համաշխարհային և ներքին տնտեսության զարգացումների ներքո ընթացիկ հաշվի պակասուրդը նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ ավելացել է. ապրանքների արտահանման դոլարային արժեքը գրեթե պահպանվել է նախորդ տարվա նույն եռամսյակի մակարդակում, իսկ ապրանքների ներմուծման դոլարային արժեքի աճը կազմել է տ/տ 3.8%: Ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների աճի տեմպերը երկրորդ եռամսյակում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ փոքր-ինչ դանդաղել են՝ պայմանավորված Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղմամբ: 2012թ. ընթացքում ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը, ի տարբերություն նախորդ ծրագրի, կավելանա և կգտնվի 10-12% մակարդակում, որը պայմանավորված կլինի ներմուծման իրական աճի առավել բարձր տեմպերով և արտահանման գների նվազմամբ: 2012թ. սպասվում է ապրանքների և ծառայությունների արտահանման դոլարային աճ 6-8%, իսկ ապրանքների և ծառայությունների ներմուծման դոլարային աճ` 5-7% միջակայքերում: Ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքի աճը 2012թ. ընթացքում կգտնվի 10-12% միջակայքում:
Կանխատեսվող հորիզոնում ընթացիկ հաշվի դիրքը թեև կբարելավվի, սակայն նախորդ ծրագրի համեմատ կգտնվի առավել բարձր մակարդակում՝ 9-11% միջակայքում: Այս միտումը հիմնականում կպայմանավորվի համաշխարհային տնտեսության սպասվող վերականգնման հետաձգմամբ՝ Եվրոգոտու ֆինանսական խնդիրների անորոշությունների ավելացման պայմաններում:
Համաշխարհային տնտեսությունում վերջին զարգացումները նախանշում են թե՛ զարգացող, և թե՛ զարգացած երկրների տնտեսական աճի դանդաղում սպասվածի համեմատ, և Եվրոգոտու զարգացումները կպայմանավորեն համաշխարհային տնտեսության հետագա ընթացքը: Զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունների պայմաններում 2012-ի առաջին կեսին արձանագրվել է թույլ համաշխարհային պահանջարկ, և թե' հիմնական հումքային ապրանքների և թե' պարենային ապրանքների միջազգային շուկաներում դիտվել են գնանկումային միտումներ: Այսպես, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հրապարակվող պարենի գների ինդեքսը երկրորդ եռամսյակում` նախորդ եռամսյակի նկատմամբ միջինում արձանագրել է 4% նվազում, որը 11%-ով ցածր է նախորդ տարվա նույն եռամսյակի ցուցանիշի նկատմամբ:
Համաշխարհային տնտեսության աճի տեմպը 2012թ-ի հուլիսին ԱՄՀ-ի կողմից փոքր-ինչ նվազեցվել է` 2012թ-ի համար կանխատեսելով 3.5% (նվազման ուղղությամբ ճշգրտում՝ 0.1 տոկոսային կետով), իսկ 2013թ-ի համար 3.9% (նվազման ուղղությամբ ճշգրտում՝ 0.2 տոկոսային կետով):
2012-2013թթ. սպասվող համաշխարհային տնտեսական աճի տեմպերի նվազման պայմաններում հիմնական հումքային ապրանքների շուկաներում կձևավորվի թույլ գնանկումային միջավայր: Պարենի միջազգային շուկաներում հիմնականում կգերակշռեն գնաճային միտումները՝ ԱՄՆ-ում և ԱՊՀ խոշոր պարեն արտադրող երկրներում չոր եղանակի պատճառով բերքին հասցված վնասի պատճառով շուկայում առաջացած հիմնարար լարվածության ներքո:
Բարենպաստ եղանակային պայմանների դեպքում պարենային ապրանքների միջազգային գները 2014թ. կճշգրտվեն ձևավորված բարձր մակարդակի նկատմամբ, և այնուհետև պարենի նկատմամբ համաշխարհային պահանջարկի առաջանցիկ աճի պայմաններում կդրսևորեն չափավոր գնաճային միտումներ: Միևնույն ժամանակ, համաշխարհային պահանջարկի չափավոր աճի պայմաններում արդյունաբերական մետաղների և նավթամթերքների միջազգային գները 2014-2015թթ. կդրսևորեն թույլ գնաճային միտումներ, ընդ որում` նավթամթերքի շուկայի զարգացումները մեծապես կպայմանավորվեն աշխարհաքաղաքական զարգացումներով:
Կանխատեսվող հորիզոնում բազային սցենարի նկատմամբ համաշխարհային տնտեսական զարգացումների հետ կապված հիմնական ռիսկերը վերաբերում են համաշխարհային տնտեսության աճի տեմպերի` կանխատեսվածի համեմատությամբ առավելի դանդաղմանը` պայմանավորված Եվրոգոտում պարտքային հիմնախնդիրների և ֆինանսական ճգնաժամի նոր բարդություններով: Մասնավորապես, ավելացել են Եվրամիության ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող ռիսկերը, որոնց դրսևորման դեպքում կարձանագրվի տնտեսական աճի ավելի մեծ տեմպերով դանդաղում թե' զարգացած և թե' զարգացող երկրներում, ինչպես նաև կառաջացնի նշանակալի գնանկումային ճնշումներ հանքահումքային ապրանքների միջազգային շուկաներում: Վերոնշյալ ռիսկերի դրսևորման դեպքում, նշանակալի կլինի նաև Ռուսաստանի տնտեսական աճի դանդաղման ռիսկը՝ նավթի գների հնարավոր նվազմամբ պայմանավորված: Նման իրավիճակում հիմնական հումքային ապրանքների գների զարգացումների մասով առավելապես կդրսևորվեն նվազման ուղղությամբ ռիսկեր, մինչդեռ պարենային ապրանքների գների զարգացումները մեծապես կպայմանավորվեն բնակլիմայական պայմանների դրսևորումներով:
2012 թվականի երկրորդ եռամսյակում, չնայած 12-ամսյա գնաճի ձևավորված բավականին ցածր մակարդակին, ԿԲ-ն շարունակել է անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը (8.0%): Դա հիմնավորվում էր հիմնականում երկու գործոնով. նախ բնականոն գնաճն այդ ժամանակահատվածում մշտապես գտնվել է գնաճի նպատակային միջակայքի սահմաններում և, երկրորդ, մայիս-հունիս ամիսներին տեղի է ունեցել դրամի արժեզրկում, որն ըստ էության արդեն իսկ դրամավարկային պայմանների թուլացում էր: Դրամի արժեզրկմամբ է պայմանավորվել նաև երկրորդ եռամսյակի ընթացքում ֆինանսական շուկայում շուկայական տոկոսադրույքների դիտված կարճաժամկետ բարձրացումը, որը, այնուամենայնիվ, եթե դիտարկենք միջին եռամսյակային ցուցանիշներով, դեռևս արտահայտում է նախորդ եռամսյակի նկատմամբ նվազման միտումներ (տե'ս III 3.2 Տոկոսադրույքներ բաժինը):
Կանխատեսվող հորիզոնում, ընդհանուր առմամբ, ինչպես արտաքին աշխարհի, այնպես էլ ՀՀ տնտեսության ներքին զարգացումները նախանշում են որոշակի գնաճային միջավայրի ընդլայնում և առաջիկա ամիսներին գնաճը կբարձրանա` տարեվերջին ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում: Այնուհետև, մակրոտնտեսական արտաքին և ներքին ակնկալվող զարգացումների և ԿԲ կողմից դրամավարկային չեզոք քաղաքականության իրականացման արդյունքում գնաճը կմոտենա 4% նպատակային ցուցանիշին և կպահպանվի դրա շրջակայքում մինչև կանխատեսվող հորիզոնի վերջ: Կանխատեսվող հորիզոնում կպահպանվեն ֆինանսական համակարգի կողմից տնտեսության վարկավորման աճի բարձր տեմպերը և ֆինանսական միջնորդության շարունակական աճը:
Բազային սցենարի նկատմամբ ամենահավանական ռիսկ է դիտարկվում համաշխարհային տնտեսության աճի էական դանդաղումը, որը ենթադրում է հիմնական ապրանքների միջազգային գների նվազում, ՀՀ տնտեսություն մասնավոր փոխանցումների ներհոսքի տեմպերի կրճատում, ՀՀ ներքին պահանջարկի պայմանների վատթարացում: Այդ ռիսկի դրսևորման ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա նվազագույնին հասցնելու գործընթացում ԿԲ-ն բազայինի նկատմամբ առավել հավանական այլընտրանքային սցենար է դիտարկում դրամավարկային պայմանների թուլացումը: