(2012/2) Դրամավարկային քաղաքականության ծրագիր 2012թ. 2-րդ եռամսյակ, Դրամավարկային քաղաքականության 2012թ. 1-ին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն
Համառոտագիր
2011թ. Դրամավարկային քաղաքականության ծրագրերով կանխատեսվում էր գնաճային միջավայրի շարունակական մեղմացում և արդեն 2011-ի չորրորդ եռամսյակից գնաճի ձևավորում նպատակային թիրախի տատանումների թույլատրելի միջակայքում: Փաստացի միտումներն հիմնականում համահունչ են եղել ծրագրված դրույթին և 12-ամսյա գնաճի շարունակական նվազման արդյունքում 2011-ի վերջին այն կազմել է 4.7%, իսկ 2012-ի մարտի վերջին` 2.2%:
Կանխատեսվող հորիզոնում ինչպես արտաքին աշխարհի, այնպես էլ ՀՀ տնտեսության ներքին զարգացումները չեն նախանշում գնաճային միջավայրի ընդլայնում և առաջիկա ամիսներին գնաճը կձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում: Սակայն, դրամավարկային պայմանների թուլացման արդյունքում, մինչև տարեվերջ գնաճը կմոտենա 4% նպատակային ցուցանիշին և մինչև կանխատեսվող հորիզոնի վերջ կկառավարվի առավելապես դրա շրջակայքում:
2011 թվականին տնտեսական աճը կազմել է տարեկան 4.7%: 2012 թվականի առաջին եռամսյակում ԱՎԾ-ի կողմից հրապարակված ՏԱՑ-ի ցուցանիշը վկայում է տնտեսական ակտիվության աշխուժացման մասին, որը ամբողջությամբ արդյունք է արդյունաբերության և ծառայությունների ճյուղերում արձանագրված թողարկման ծավալների աճի: Բազային սցենարի ներքո, պայմանավորված համաշխարհային տնտեսական աճի հեռանկարների վերաբերյալ լավատեսական սպասումների ձևավորման պարագայում արտաքին և ներքին պահանջարկի վերականգման տեմպերի ակնկալվող արագացմամբ` 2012 թվականին մեծ հավանականությամբ սպասվում է 3.5-4.8% տնտեսական աճ: Ընդ որում, տնտեսական աճին կշարունակի մեծապես նպաստել արդյունաբերության և ծառայությունների ճյուղերի ավելացված արժեքի աճը. 2012-ին դրանք կկազմեն համապատասխանաբար շուրջ 10.0% և 3.5%: Տնտեսական աճի նախանշված միտումները կշարունակվեն կանխատեսվող հորիզոնում և տնտեսական աճը կկայունանա 4-5 % շրջանակներում:
Ըստ ԿԲ գնահատումների, 2012 թվականի առաջին եռամսյակում աշխատանքի շուկայում գրանցվել է միջին անվանական աշխատավարձի 5.5% աճ, իսկ պաշտոնապես գրանցված գործազրկությունը նվազել է 0.8 տոկոսային կետով` կազմելով 6.2%: Սպասվող տնտեսական ակտիվության պայմաններում 2012 թվականին աշխատանքի շուկայում ակնկալվում է անվանական միջին աշխատավարձերի 5.3% աճ և գործազրկության մակարդակի 0.4 տոկոսային կետով նվազում: Տնտեսական աճի` բազային սցենարով նախանշված զարգացումների պահպանման պարագայում աշխատանքի շուկայում միջին աշխատավարձերի աճի և գործազրկության կրճատման նման տեմպերը կշարունակվեն նաև կանխատեսվող հորիզոնում:
2012 թվականի առաջին եռամսյակում, ըստ ԿԲ գնահատումների, մասնավոր ծախսումների իրական աճը կազմել է 2.5%: Տնտեսական ակտիվության աշխուժացման սպասելիքների ներքո 2012 թվականին ակնկալվում է մասնավոր ծախսումների իրական 4.6% աճ` պայմանավորված ինչպես մասնավոր սպառման, այնպես էլ մասնավոր ներդրումների աճով` համապատասխանաբար 4.3% և 5.4%, որոնք կանխատեսվող հորիզոնում կշարունակեն աճել փոքր-ինչ ավելի արագ տեմպերով:
2012 թվականի առաջին եռամսյակում հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի և հետևաբար գների վրա, ըստ հարկաբյուջետային ազդակի ցուցանիշի, կանխատեսված փոքր ընդլայնողի դիմաց ունեցել է 1.5 տոկոսային կետ զսպող ազդեցություն, ինչը հիմնականում պայմանավորվել է առաջին եռամսյակում ձևավորված պետական ծախսերի տնտեսումներով: 2012 թվականի համար, համաձայն բազային սցենարի, գնահատվել է 0.7 տոկոսային կետ զսպող ազդեցություն` ի հաշիվ ծախսերի չեզոք և եկամուտների զսպող ազդեցությունների դրսևորման: Կանխատեսվող հորիզոնում հարկաբյուջետային քաղաքականությունը միտված է լինելու արդյունավետ պարտքի կառավարման ապահովմանը և մինչև 3% պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցության պահպանմանը, ինչի պարագայում հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը կանխատեսվող հորիզոնում գնահատվում է ոչ գնաճային:
2012թ. առաջին եռամսյակի ընթացքում համաշխարհային և ներքին տնտեսության զարգացումների ներքո ընթացիկ հաշիվը նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ բարելավվել է. ապրանքների արտահանման դոլարային արժեքի աճը եռամսյակի ընթացքում կազմել է տ/տ 31.4%, ապրանքների ներմուծման դոլարային արժեքի աճը` տ/տ 9.7%: Ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների տ/տ աճի տեմպերն առաջին եռամսյակում պահպանվել են՝ պայմանավորված Ռուսաստանի տնտեսության դրական զարգացումներով: 2012թ. ընթացքում, ըստ կանխատեսված բազային սցենարի, ընթացիկ հաշվի բարելավման միտումը կպահպանվի և ընթացիկ հաշիվ/ՀՆԱ ցուցանիշը կգտնվի 9-11% միջակայքում: 2012թ. սպասվում է ապրանքների և ծառայությունների արտահանման դոլարային աճ 9-11%, իսկ ապրանքների և ծառայությունների ներմուծման դոլարային աճ` 4-6% միջակայքերում: Ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքի աճը 2012թ. ընթացքում կգտնվի 10-12% միջակայքում:
Կանխատեսվող հորիզոնում ընթացիկ հաշվի դիրքի բարելավման միտումները կշարունակվեն և ընթացիկ հաշիվ/ՀՆԱ ցուցանիշը կգտնվի 7-9% միջակայքում: Այն պայմանավորված կլինի համաշխարհային տնտեսության դրական զարգացումների պահպանման ներքո արտաքին պահանջարկի շարունակական վերականգնմամբ և ներքին արդյունաբերության աճի տեմպերի պահպանմամբ:
Համաշխարհային տնտեսության առաջատար մի շարք երկրներում տնտեսական ակտիվության դրական միտումների ներքո 2012 թվականի սկզբին պարենային ապրանքների միջազգային գները դրսևորել են թույլ աճի միտումներ` տարեվերջին արձանագրված ցածր մակարդակների համեմատ: Ըստ բազային սցենարի համաշխարհային տնտեսության աճի տեմպը նախորդ գնահատումների համեմատությամբ վերանայվել է աճի ուղղությամբ, սակայն այն կձևավորվի 2011 թվականի փաստացի ցուցանիշների համեմատությամբ ավելի ցածր մակարդակում: Վերջինիս հիմնական պատճառը Եվրոմիության համար կանխատեսվող 0.3% տնտեսական անկումն է՝ պայմանավորված պարտքային հիմնախնդիրների շուրջ անորոշությունների պահպանմամբ, աշխարհում վարկավորման պայմանների արդեն իսկ արձանագրված և սպասվող խստացմամբ:
Կանխատեսվող հորիզոնում համաշխարհային տնտեսական աճը կշարունակի չափավոր տեմպերով վերականգնվել` 2014-ին հասնելով 4.4%-ի: Բազային սցենարի ներքո, 2012թ-ին սպասվող համաշխարհային տնտեսական աճի տեմպերի նվազման պայմաններում, հիմնական հումքային և պարենային ապրանքների շուկաներում պահանջարկի նվազման հետևանքով կձևավորվի թույլ գնանկումային միջավայր: Բարենպաստ եղանակային պայմանների դեպքում պարենային ապրանքների միջազգային գները կանխատեսվող հորիզոնում կդրսևորեն թույլ գնանկումային միտումներ, չնայած պարենի նկատմամբ աճող համաշխարհային պահանջարկը որոշ չափով կչեզոքացնի այդ նվազումը, այն դեպքում, երբ համաշխարհային պահանջարկի չափավոր աճով և աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված` արդյունաբերական մետաղների և նավթամթերքների միջազգային գները կդրսևորեն թույլ գնաճային միտումներ:
Կանխատեսվող հորիզոնում բազային սցենարի նկատմամբ համաշխարհային տնտեսական զարգացումների հիմնական ռիսկերը վերաբերում են համաշխարհային տնտեսության աճի տեմպերի` կանխատեսվածի համեմատությամբ առավել դանդաղմանը` պայմանավորված Եվրոգոտում պարտքային հիմնախնդիրների անորոշությունների պահպանմամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հետ կապված աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում նավթամթերքների միջազգային գների ավելի մեծ աճով: Այս համատեքստում հարկ է առանձնացնել Եվրոմիության ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող ռիսկը, որի դրսևորման դեպքում կարձանագրվի տնտեսական աճի ավելի մեծ տեմպով դանդաղում թե' զարգացած և թե' զարգացող երկրներում, ինչպես նաև կառաջանան նշանակալի գնանկումային ճնշումներ հանքահումքային ապրանքների միջազգային շուկաներում:
2012 թվականի առաջին եռամսյակում ԿԲ-ն շարունակել է իրականացնել չեզոք դրամավարկային քաղաքականություն` անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը (8.0%): Նման քաղաքականությանը ֆինանսական շուկան ընդհանուր առմամբ արձագանքել է նույն չեզոքությամբ` ևս անփոփոխ է թողնելով շուկայական տոկոսադրույքները, չնայած շուկայի որոշ հատվածներում դիտվել է աճ, որոշում` նվազում (տե'ս III 3.2 Տոկոսադրույքներ բաժինը):
Կանխատեսվող հորիզոնում, ընդհանուր առմամբ, ինչպես արտաքին աշխարհի, այնպես էլ ՀՀ տնտեսության ներքին զարգացումները չեն նախանշում գնաճային միջավայրի ընդլայնում և առաջիկա ամիսներին գնաճը կձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում: Այս իրավիճակում ԿԲ գործողությունները կտանեն դրամավարկային պայմանների թուլացման արդյունքում, մինչև տարեվերջ գնաճը կմոտենա 4% նպատակային ցուցանիշին և կպահպանվի մինչև կանխատեսվող հորիզոնի վերջ: Կանխատեսվող հորիզոնում կպահպանվեն ֆինանսական համակարգի կողմից տնտեսության վարկավորման աճի բարձր տեմպերը, կդիտվի տնտեսության դոլարացման աստիճանի շարունակական նվազում և ֆինանսական միջնորդության աճ:
Համաշխարհային տնտեսության զարգացման ամենահավանական ռիսկը շարունակում է մնալ Եվրոմիության անկման խորացումը, ինչի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա նվազագույնին հասցնելու գործընթացում ԿԲ-ն բազայինի նկատմամբ առավել հավանական սցենար է դիտարկում դրամավարկային պայմանների ավելի մեծ քայլերով թուլացումը: