Գնաճի հաշվետվություն 2013/4 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 4-րդ եռամսյակ 2014թ., Դրամավարկային քաղաքականության 2014թ. 3-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)

Համառոտագիր

ՀՀ ԿԲ կանխատեսումների համաձայն առաջիկա 3 տարվա հորիզոնում 12-ամսյա գնաճը շարունակաբար կնվազի և կտատանվի նպատակային ցուցանիշի շուրջ, իսկ տնտեսական աճը որոշ չափով կարագանա 2014թ-ին և կկայունանա իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակում:

Այդուհանդերձ, 2013թ. երրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ տնտեսության զարգացումները բնութագրվել են տնտեսական աճի տեմպերի դանդաղմամբ և ձևավորված բարձր գնաճային միջավայրով: Նշենք, որ տնտեսական աճի տեմպերի դանդաղումը հիմնականում պայմանավորվել է մասնավոր և պետական ներդրումների նվազմամբ՝ հիմնականում ի հաշիվ շինարարության կրճատման և տարեսկզբից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության, իսկ բարձր գնաճին բացառապես նպաստել են էներգակիրների սակագների բարձրացման ուղղակի և երկրորդային ազդեցությունները (ընդհանուր առմամբ շուրջ 3.0 տոկոսային կետ): Երրորդ եռամսյակի արդյունքներով 12-ամսյա գնաճը կազմել է 8.2%, մինչդեռ բնականոն գնաճի ցուցանիշը գտնվել է 12-ամսյա գնաճի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանագծին մոտ՝ կազմելով 5.3%:

Ձևավորված բարձր գնաճային միջավայրին և տնտեսական աճի տեմպերի դանդաղմանը համահունչ երրորդ եռամսյակում դիտվել է մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղում, ինչի պարագայում հունվար-սեպտեմբերին մասնավոր սպառման աճը գնահատվում է տ/տ 2.5%: Երրորդ եռամսյակում սպասվածից ավելի շատ նվազում է դիտվել մասնավոր ներդրումների գծով՝ գնահատումը տ/տ 9%, ինչը պայմանավորվել է առավելապես շինարարության ճյուղի ավելացված արժեքի նվազմամբ:

Կարճաժամկետ կանխատեսումների համաձայն մասնավոր սպառման աճը 2013թ-ին կկազմի 2.7%, մասնավոր ներդրումները դեռևս կնվազեն շուրջ 7.0%-ով, իսկ տարվա արդյունքներով կարձանագրվի հարկաբյուջետային քաղաքականության շուրջ 1.0 տոկոսային կետով զսպող ազդեցություն: 2013թ-ի արդյունքներով ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճը կգտնվի 7.0-9.0%, իսկ ներմուծման իրական աճը՝ 0-1.0% միջակայքում: Արդյունքում, տնտեսական աճը կկազմի 3.4-3.8%` պայմանավորված հիմնականում գյուղատնտեսության և ծառայության ճյուղերի աճերով (ընդհանուր նպաստումը՝ մոտ 3.8 տոկոսային կետ): Հաշվի առնելով հատկապես 2014թ. իրականացվելիք հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնողական բնույթը, այդ ժամանակահատվածում սպասվում է տնտեսական աճի տեմպերի արագացում: Արդյունքում, կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճը կկայունանա 4.6-6% շրջանակներում և մոտ կգտնվի իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին՝ պայմանավորվելով մասնավոր սպառման աճի տեմպերի կայունացմամբ և մասնավոր ներդրումների դանդաղ տեմպերով վերականգնմամբ:

Այսպիսով, կանխատեսվող հորիզոնում մասնավոր պահանջարկի որոշ չափով աշխուժացման և հարկաբյուջետային քաղաքականության գնահատվող ընդհանուր առմամբ ընդլայնող ազդեցության արդյունքում ներքին պահանջարկի առումով  ակնկալվում է  թույլ գնաճային ազդեցություն:

Արտաքին հատվածում 2013 թվականի երրորդ եռամսյակում արտաքին պահանջարկը շարունակել է ցածր մնալ՝ պայմանավորված առավելապես Ռուսաստանի տնտեսության զարգացումներով: Այս իրավիճակում հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում էական գնաճային միտումներ չեն նկատվել:

Կանխատեսվող հորիզոնում ակնկալվում է համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնում, որի պայմաններում հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում կձևավորվի կայուն ցածր գնաճային միջավայր:

Երրորդ եռամսյակում, ինչպես և ակնկալվում էր, պայմանավորված էներգակիրների սակագների բարձրացման ուղղակի և երկրորդային ազդեցություններով, 12-ամսյա գնաճը շարունակել է ցուցաբերել աճողական վարքագիծ՝ սեպտեմբերի վերջին կազմելով 8.2%: Գնաճային սպասումները խարսխելու և էներգակիրների սակագների բարձրացման երկրորդային ազդեցությունները մեղմելու նպատակով Կենտրոնական բանկը օգոստոսին խստացրել է դրամավարկային պայմանները՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով և սահմանելով այն 8.5% (մանրամասն ներկայացված է «III. 1.1  Փաստացի գնաճ և գնաճի նպատակի իրագործումը բաժնում):

Այդուհանդերձ, հիմնականում ներքին պահանջարկի նախատեսվածից ավելի թուլացման և ԿԲ գործողությունների հետևանքով չորրորդ եռամսյակում կձևավորվի ցածր գնաճային միջավայր, որի ներքո գնաճն ավելի արագ կնվազի, քան կանխատեսվում էր: Ըստ ԿԲ կանխատեսումների, գնաճը 2013 թվականի վերջին կնվազի մինչև տ/տ 6.5-7.0%, որը դեռևս բարձր է տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանից: Սակայն այն կշարունակի նվազել նաև 2014 թվականի առաջին կեսին՝ վերադառնալով նպատակային մակարդակ: Այդ իրավիճակում 2013թ-ի չորրորդ եռամսյակում ԿԲ-ն կթուլացնի դրամավարկային պայմանները, որը համարժեք կլինի տնտեսական ակտիվության դանդաղմանն ու գնաճային միջավայրի մեղմմանը, իսկ ԿԲ դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունները կպայմանավորվեն նաև հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ընթացքով:

Կանխատեսված ցուցանիշից գնաճի շեղման ռիսկերը ներկայումս գնահատվում են հավասարակշռված և՛ կարճաժամկետ հատվածում, և՛ միջնաժամկետ հատվածում: Հիմնական ռիսկերը կապված են համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերի և ներքին պահանջարկի զարգացումների հետ: Նման ռիսկերի դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը կարձագանքի համապատասխան քաղաքականությամբ՝ ապահովելով գնաճի նպատակային մակարդակը միջինժամկետ հատվածում: