Գնաճի հաշվետվություն 2013/3 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 3-րդ եռամսյակ, 2013թ., Դրամավարկային քաղաքականության 2013թ. 2-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)
Համառոտագիր
2013 թվականի երկրորդ եռամսյակը աչքի է ընկել ձևավորված բարձր գնաճային միջավայրով՝ պայմանավորված այդ ժամանակահատվածում գյուղատնտեսության ճյուղի զարգացումներով (կարկտահարություն և վեգետացիոն շրջանի մասնակի հետաձգում) և որոշ ծառայությունների գների աճով: Արդյունքում 12-ամսյա գնաճը հունիսի վերջին կազմել է 6.5%՝ բարձր գտնվելով թույլատրելի վերին սահմանից: Ընդ որում, եռամսյակի ընթացքում աճողական վարքագիծ է ցուցաբերել նաև 12-ամսյա բնականոն գնաճը՝ նախորդ եռամսյակի 4.2%-ից հասնելով 5.5%-ի, որը հիմնականում պայմանավորվել է ծառայությունների գների աճով:
2013թ. երկրորդ եռամսյակում արձանագրվել է տնտեսական աճի տեմպերի դանդաղում. ըստ ԿԲ գնահատումների, 2013թ. առաջին կիսամյակում նախատեսված 6.3-6.7%-ի փոխարեն ակնկալվում է 5.5-5.7% տնտեսական աճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է շինարարության ճյուղի բացասական զարգացումներով:
Միևնույն ժամանակ, 2013թ. երկրորդ եռամսյակում ՀՀ կառավարությունը իրականացրել է ծրագրվածի համեմատ առավել զսպողական հարկաբյուջետային քաղաքականություն, որը տեղի է ունեցել հարկերի հավաքագրման նախատեսված ծավալների գերակատարման և ծախսերի տնտեսման հաշվին:
Ինչպես և նախանշված էր դրամավարկային քաղաքականության 2-րդ եռամսյակի ծրագրով, նախորդ տարում դիտված գյուղատնտեսության առաջարկի շոկի աստիճանական մարման ազդեցությունը պետք է արտահայտվեր նաև մասնավոր իրական սպառման հավելուրդային աճի կրճատմամբ: Այսպես, երկրորդ եռամսյակում գրանցվել է մասնավոր իրական սպառման սպասվածից ավելի ցածր տ/տ 4.8% աճ: Շինարարության թողարկման ծավալների անկմամբ պայմանավորված՝ երկրորդ եռամսյակում սպասվածից ավելի շատ նվազում է դիտվել մասնավոր ներդրումների գծով՝ գնահատումը 2.8%:
Կանխատեսվող հորիզոնում մասնավոր սպառման աճի տեմպերը կկայունանան, իսկ մասնավոր ներդրումները դանդաղ տեմպերով կվերականգնվեն արդեն երրորդ եռամսյակից սկսած: Այս պարագայում, մասնավոր սպառման աճը 2013թ-ին կկազմի 4.5%, իսկ մասնավոր ներդրումները կպահպանվեն նախորդ տարվա մակարդակում: Զուտ արտահանման աճը կկազմի 6.0%՝ արտահանման աճի և ներմուծման կրճատման հետևանքով: Արդյունքում, տնտեսական աճը կկազմի 4.7-5.3%` պայմանավորված հիմնականում արդյունաբերության և ծառայության ճյուղերի աճերով (ընդհանուր նպաստումը՝ մոտ 3.8 տոկոսային կետ):
Այսպիսով, կանխատեսվող հորիզոնում մասնավոր պահանջարկի կայունացման և հարկաբյուջետային քաղաքականության գնահատվող չեզոք ազդեցության արդյունքում ներքին պահանջարկի առումով գների վրա ակնկալվում է փոքր գնանկումային ազդեցություն:
Արտաքին հատվածում 2013 թվականի երկրորդ եռամսյակում համաշխարհային պահանջարկը շարունակել է ցածր մնալ՝ պայմանավորված առավելապես Եվրոմիության հիմնախնդիրներով, չնայած ԱՄՆ-ում դիտվել է տնտեսական աճի տեմպերի որոշ չափով արագացում: Այս իրավիճակում հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում էական գնաճային միտումներ չեն նկատվում, որոշ շուկաներում պահպանվում են գնանկումային զարգացումները:
Կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածը մնում է ոչ գնաճային: Այսպես, ակնկալվում է համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնում, որի պայմաններում ձևավորվող ցածր արտաքին պահանջարկի ազդեցությամբ հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գները կդրսևորեն համեմատաբար կայուն վարքագիծ:
Արտաքին և ՀՀ տնտեսությունների վերոնշյալ փաստացի զարգացումների ներքո երկրորդ եռամսյակում, ինչպես և ակնկալվում էր, 12-ամսյա գնաճը ցուցաբերել է աճողական վարքագիծ՝ հունիսի վերջին կազմելով 6.5%, որը կանխատեսվածից ավելին է և մեկ տոկոսային կետով գերազանցում է տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանագիծը:
2013 թվականի երկրորդ եռամսյակում, հաշվի առնելով բարձր գնաճի ժամանակավոր բնույթը, բնականոն գնաճի նպատակին մոտ մակարդակը և իրական տոկոսադրույքների պահպանվող դրական մակարդակը, ինչպես նաև արտաքին և ՀՀ տնտեսություններից գնաճային ճնշումների բացակայությունը՝ ՀՀ ԿԲ-ն շարունակել է իրականացնել չեզոք դրամավարկային քաղաքականություն՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը (մանրամասն ներկայացված է «III. 1.1 Փաստացի գնաճ և գնաճի նպատակի իրագործումը բաժնում):
Այդուհանդերձ, հաշվի առնելով հուլիսից էներգակիրների սակագների բարձրացման երկրորդային ազդեցությունները ներքին գների վրա և տնտեսվարող սուբյեկտների գնաճային սպասումները, տարվա երրորդ եռամսյակում ակնկալվում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր գնաճ, ինչի արդյունքում երրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը կբարձրանա մինչև 8.5% և աստիճանաբար կնվազի մոտակա ամիսներին՝ 2014 թվականի ընթացքում վերադառնալով նպատակային մակարդակին:
Ձևավորված բարձր գնաճային միջավայրում, էներգակիրների սակագների բարձրացման երկրորդային ազդեցությունները մեղմելու և գնաճային սպասումները խարսխելու նպատակով ԿԲ-ն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ներկայիս ուղղությունները՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Նշված գործողությունների արդյունքում 12-ամսյա գնաճը կնվազի և 2014թ-ի ընթացքում կմոտենա նպատակային ցուցանիշին՝ կանխատեսվող հորիզոնում պահպանվելով տատանումների թույլատրելի միջակայքում: Գնաճի աստիճանական նվազման և տնտեսական աճի հնարավոր դանդաղման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կարձագանքի՝ թուլացնելով դրամավարկային պայմանները:
Կանխատեսված արժեքից գնաճի շեղման ռիսկերը կարճաժամկետ հատվածում գնահատվում են նվազման ուղղությամբ՝ պայմանավորված համաշխարհային տնտեսության ավելի դանդաղ վերականգնման ռիսկերով և ներքին պահանջարկի հնարավոր թուլացմամբ: Նման ռիսկերի դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը կարձագանքի համապատասխան քաղաքականությամբ՝ ապահովելով գնաճի նպատակային մակարդակը միջինժամկետ հատվածում: Միջինժամկետ հատվածում գնաճի ռիսկերը հավասարակշռված են: