Գնաճի հաշվետվություն 2013/2 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 2-րդ եռամսյակ 2013թ., Դրամավարկային քաղաքականության 2013թ. 1-ին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)

Համառոտագիր

2013թ. առաջին եռամսյակում շարունակվել են վերջին տարիներին դիտված տնտեսական ներուժի ավելացման միտումները, ինչն ակնհայտորեն արտահայտվել է տնտեսական բարձր ակտիվության պահպանվող դրսևորումներով, որի պարագայում, ըստ ԿԲ գնահատումների, 2013թ. առաջին եռամսյակում ակնկալվում է 7.4-7.7% տնտեսական աճ: Տնտեսական ներուժի ավելացման մասին է խոսում նաև այն, որ տնտեսական աճին շարունակում են գերակշռող ազդեցություն ունենալ արդյունաբերության և ծառայությունների ճյուղերի բարձր աճերը: Ելնելով այս զարգացումներից՝ ԿԲ-ն պատրաստվում էր ճշգրտել տնտեսական ներուժի գնահատականը աճի ուղղությամբ, սակայն, հաշվի առնելով մայիսին դիտված կարկտահարության և երրորդ եռամսյակից էներգակիրների սակագների հնարավոր վերանայման հնարավոր ազդեցությունները տնտեսական աճի վրա, պահպանել է նախորդ եռամսյակի ծրագրով կանխատեսվող հորիզոնի համար գնահատված տնտեսական ներուժի 5.5% մակարդակը:

Միևնույն ժամանակ, տարեսկիզբն աչքի է ընկել մասնավոր սպառման բարձր աճի տեմպերի պահպանմամբ՝ գնահատվում է 6.9%, որը, այնուամենայնիվ, որոշ չափով դանդաղում է նախորդ տարվա վերջին եռամսյակի ցուցանիշի համեմատ՝ պայմանավորված նախորդ տարում դիտված գյուղատնտեսության առաջարկի շոկի աստիճանական մարման ազդեցությամբ:

Կանխատեսվող հորիզոնում, գյուղատնտեսության առաջարկի շոկի աստիճանական մարման ազդեցության արդյունքում կշարունակվի իրական սպառման հավելուրդային աճի կրճատումը՝ հանգեցնելով տնտեսական աճի կայունացմանն իր հավասարակշիռ մակարդակի շուրջ: Մասնավորապես, 2013թ-ին մասնավոր իրական սպառման աճի տեմպերը կդանդաղեն մինչև 5%, իսկ մասնավոր ներդրումների մասով կդիտվի փոքր աճ՝ 5.3%: Այս պարագայում, 2013թ-ին տնտեսական աճը կկազմի միջին հաշվով շուրջ 5.6%` պայմանավորված հիմնականում արդյունաբերության և ծառայության ճյուղերի աճերով (ընդհանուր նպաստումը՝ 3.8 տոկոսային կետ):

Այսպիսով, կանխատեսվող հորիզոնում մասնավոր պահանջարկի սպասվող թուլացման և հարկաբյուջետային քաղաքականության գնահատվող չեզոք ազդեցության արդյունքում ներքին պահանջարկի առումով գների վրա ակնկալվում է  գնանկումային ազդեցություն:

Արտաքին հատվածում 2013 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային պահանջարկը շարունակել է ցածր մնալ՝ պայմանավորված առավելապես Հայաստանի հիմնական գործընկերներ Եվրոմիության խնդիրներով և Ռուսաստանի տնտեսության՝ սպասվածի համեմատ առավել դանդաղ զարգացման տեմպերով: Այս իրավիճակում հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միտումներ չեն նկատվում: Ավելին, առաջին եռամսյակի վերջում որոշ շուկաներում դիտվել են գնանկումային զարգացումներ: 

Կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածը մնում է ոչ գնաճային: Այսպես, զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ պահպանվող անորոշությունների պարագայում, ակնկալվում է համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնում: Նման պայմաններում ձևավորվող ցածր արտաքին պահանջարկի ազդեցությամբ հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գները կդրսևորեն համեմատաբար կայուն վարքագիծ՝ պահպանվելով առկա բարձր մակարդակներում:

Արտաքին և ՀՀ տնտեսությունների վերոնշյալ զարգացումների ներքո առաջին եռամսյակում, ինչպես և ակնկալվում էր, 12-ամսյա գնաճը ցուցաբերել է համեմատաբար կայուն վարքագիծ՝ մարտի վերջին կազմելով 3.4%, որը դեռևս գտնվում է տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում:

2013 թվականի առաջին եռամսյակում, հաշվի առնելով գնաճային միջավայրի վրա նախորդ տարի դրսևորված գյուղատնտեսության առաջարկի շոկի մարման ազդեցությունը, ինչպես նաև արտաքին և ՀՀ տնտեսություններից գնաճային ճնշումների բացակայությունը՝ ՀՀ ԿԲ-ն շարունակել է իրականացնել չեզոք դրամավարկային քաղաքականություն՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը (մանրամասն ներկայացված է «III. 1.1  Փաստացի գնաճ և գնաճի նպատակի իրագործում» բաժնում):

Կանխատեսվող հորիզոնում գնաճը կկայունանա իր նպատակային 4% մակարդակի շուրջ: Արտաքին և ներքին տնտեսությունների վերոնշյալ զարգացումների ներքո և ժամանակավոր առաջարկի շոկի մարման ազդեցությամբ 2013թ. երկրորդ եռամսյակում կանխատեսվում է 12-ամսյա գնաճի որոշակի արագացում՝ հունիսի վերջին գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքի վերին հատվածում: Գնաճային միջավայրը կընդլայնվի նաև մայիսին դիտված կարկտահարության հետևանքով գյուղմթերքների գների հնարավոր բարձրացման և երրորդ եռամսյակից էներգակիրների սակագների հնարավոր վերանայման ազդեցությամբ: Արդյունքում, երրորդ եռամսյակից 12-ամսյա գնաճը կգերազանցի տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանը՝ հաջորդող մեկ տարում տատանվելով միջին հաշվով 8% մակարդակի շուրջ: Էներգակիրների սակագների վերանայման վերջնական որոշման առկայության պարագայում, բարձր գնաճը և դրա երկրորդային ազդեցությունները մեղմելու, ինչպես նաև գնաճային սպասումները խարսխելու նպատակով ԿԲ-ն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ներկայիս ուղղությունները՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Գնաճային սպասումների չեզոքացումից հետո ԿԲ-ն կճշգրտի իր քաղաքականությունը խթանման ուղղությամբ և կիջեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Նշված գործոնների ազդեցության արդյունքում 2014թ-ի երրորդ եռամսյակից 12-ամսյա գնաճը կնվազի և կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում:

Կանխատեսվող հորիզոնում գնաճի կանխատեսված արժեքից շեղման առկա ռիսկերը գնահատվում են հավասարակշռված՝ պայմանավորված համաշխարհային և ներքին տնտեսությունների զարգացման հեռանկարներով: