Գնաճի հաշվետվություն 2013/1 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 1-ին եռամսյակ 2013թ., Դրամավարկային քաղաքականության 2012թ. 4-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)
Համառոտագիր
2012 թվականին շարունակվել են ՀՀ տնտեսությունում տնտեսական ներուժի ավելացման միտումները. կայուն տնտեսական ներուժի աճը ՀՀ ԿԲ կողմից գնահատվում է 5.5%` նախորդ ժամանակահատվածում գնահատված շուրջ 4.5%-ի փոխարեն: Տնտեսական ներուժի ավելացման հիմնական գործոններ են վարկավորման ծավալներում առաջարկը խթանող (տնտեսության ներուժն ավելացնող) վարկերի տեսակարար կշռի աճը (2009-2012 թթ. աճել է շուրջ 12 տոկոսային կետով` 2012-ին կազմելով 33.3%) և օտարերկրյա ներդրումների կառուցվածքում` արդյունաբերության ճյուղում իրականացված ներդրումների տեսակարար կշռի աճը (2009-2012 թթ. աճել է շուրջ երկու անգամ` 2012-ին կազմելով 60%):
Ձեռնարկությունների ներդրումային գործունեության վերաբերյալ ՀՀ ԿԲ կողմից իրականացված հարցումների տվյալները ևս վկայում են, որ ձեռնարկությունների՝ արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը շարունակաբար մեծանում է: Բացի այդ, մեքենասարքավորումների և այլ արտադրողական կապիտալի ձեռքբերմանը նպատակաուղղված ներդրումներն այս ճյուղերում գրեթե հասել են նախաճգնաժամային մակարդակին, ինչը կարող է վկայել տնտեսությունում արտադրողականության աճի մասին: ՀՀ ԿԲ գնահատումների համաձայն՝ 2012 թ. տնտեսական աճին արտադրողականության գործոնի նպաստումը նախորդ տարվա համեմատ ավելացել է (տե՛ս ներգիր 2):
Բարձր տնտեսական ներուժի ձևավորմանը զուգընթաց, 2012 թ. դիտվել է գյուղատնտեսության թողարկման ծավալների աննախադեպ բարձր աճ (2012 թ. գյուղատնտեսության ավելացված արժեքի աճը գնահատվում է 9.5 - 10%), որն էլ հիմնականում նպաստել է տարվա ընթացքում ներուժից բարձր` շուրջ 7.0% տնտեսական աճի ձևավորմանը: Գյուղատնտեսության բարձր աճը և դրա արդյունքում՝ պարենային ապրանքների (մասնավորապես՝ միրգ և բանջարեղեն ապրանքախմբեր) գների՝ պատմական միջինից ձևավորված բավականին ցածր մակարդակները նպաստել են մասնավոր իրական սպառման հավելուրդային աճի արձանագրմանը: Մասնավորապես, ԿԲ գնահատումներով, 2012 թ. մասնավոր իրական սպառման տարեկան աճը ակնկալվում է 10.5%, իսկ տարեկան գնաճը կազմում է 3.2%՝ պահպանվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում (միջին գնաճը 2012-ին կազմել է 2.6%): Մասնավոր իրական սպառման բարձր աճը ՀՀ ԿԲ կողմից գնահատվում է որպես առաջարկի շոկի հետևանք, որը այնուամենայնիվ ժամանակավոր բնույթ ունի, քանի որ գյուղատնտեսության թողարկման մեծ ծավալները առավելապես պայմանավորված են եղել բարենպաստ բնակլիմայական պայմաններով, որոնք հաջորդ տարիներին հնարավոր է նույնը չլինեն:
Արտաքին հատվածում 2012 թվականին համաշխարհային պահանջարկը մնացել է ցածր, և հիմնական հումքային ու պարենային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միտումներ չեն նկատվել: 2012 թվականին, հաշվի առնելով ձևավորված ցածր գնաճային միջավայրի վրա ժամանակավոր առաջարկի շոկի գերակայող ազդեցությունը, ՀՀ ԿԲ-ն իրականացրել է չեզոք դրամավարկային քաղաքականություն՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը (մանրամասն տե՛ս «Փաստացի գնաճ և գնաճի նպատակի իրագործում» բաժնում):
Կանխատեսվող հորիզոնում, ժամանակավոր առաջարկի շոկի աստիճանական մարման ազդեցության արդյունքում իրական սպառման հավելուրդային աճը կկրճատվի՝ հանգեցնելով տնտեսական աճի կայունացմանը իր հավասարակշիռ մակարդակի շուրջ: Մասնավորապես, 2013 թ. մասնավոր իրական սպառման աճի տեմպերը կդանդաղեն մինչև 4.6%, իսկ մասնավոր ներդրումները կվերականգնվեն ներկայիս ցածր մակարդակից՝ աճելով 5.1%-ով: Այս պարագայում, 2013 թ. տնտեսական աճը կկազմի շուրջ 5.2%՝ պայմանավորված հիմնականում արդյունաբերության և ծառայության ճյուղերի աճով (ընդհանուր նպաստումը՝ 3.4 տոկոսային կետ):
Այսպիսով, կանխատեսվող հորիզոնում մասնավոր պահանջարկի սպասվող թուլացման և հարկաբյուջետային քաղաքականության գնահատվող չեզոք ազդեցության արդյունքում ՀՀ տնտեսությունից ներքին գների վրա ակնկալվում է ոչ գնաճային ազդեցություն:
Կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում: Այսպես. զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ պահպանվող անորոշությունների պարագայում, ակնկալվում է համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնում: Նման պայմաններում ձևավորվող ցածր արտաքին պահանջարկի ազդեցությամբ հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գները կդրսևորեն համեմատաբար կայուն վարքագիծ՝ պահպանվելով առկա բարձր մակարդակներում:
Կանխատեսվող հորիզոնում գնաճը կկայունանա իր նպատակային 4% մակարդակի շուրջ: Հաշվի առնելով արտաքին և ներքին տնտեսությունների վերոնշյալ զարգացումները և ժամանակավոր առաջարկի շոկի մարման ազդեցությունը՝ կանխատեսվում է, որ 2013 թ. առաջին կիսամյակում 12-ամսյա գնաճի տեմպերը որոշակի կարագանան՝ հունիսի վերջին հասնելով 4.5%-ի:
Կանխատեսվող հորիզոնում ԿԲ-ն նախատեսում է շարունակել չեզոք դրամավարկային քաղաքականության իրականացումը՝ անփոփոխ պահելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը գործող 8% մակարդակում: Չեզոք դրամավարկային քաղաքականությունը վերաֆինանսավորման տոկոսադրույքի համադրումն է գնահատված չեզոք տոկոսադրույքին, որի պարագայում գնաճը գտնվում է նպատակային, իսկ ՀՆԱ-ն՝ իր հավասարակշիռ մակարդակում: Չեզոք տոկոսադրույքը ներկայումս գնահատվում է 8%: Կանխատեսվող հորիզոնում առկա ռիսկերը գնահատվում են հավասարակշռված՝ պայմանավորված համաշխարհային և ներքին տնտեսությունների զարգացման հեռանկարներով: Այս ռիսկերի՝ որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում ԿԲ-ն հնարավոր է համարում քաղաքականության տոկոսադրույքի համապատասխան ճշգրտումը: