Գնաճի հաշվետվություն 2014/3 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 3-րդ եռամսյակ 2014թ., Դրամավարկային քաղաքականության 2014թ. 2-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)
Համառոտագիր
ՀՀ ԿԲ կանխատեսումների համաձայն կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը ձևավորված համեմատաբար ցածր մակարդակից աստիճանաբար կաճի՝ տարեվերջին գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանի շրջակայքում, իսկ 2015թ. առաջին եռամսյակի վերջում կմոտենա նպատակային ցուցանիշին և կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կտատանվի դրա շուրջ: Տնտեսական աճը կարագանա 2015թ-ին և կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կկայունանա իր ներուժի շրջակայքում:
2014թ. երկրորդ եռամսյակում ևս պահպանվել է տնտեսական ցածր ակտիվության միջավայրը՝ պայմանավորված արտաքին և ներքին թույլ պահանջարկով: Վերջինս իր հերթին արտահայտվել է մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղ վերականգնմամբ և ներդրումային թույլ ակտիվության պահպանմամբ. 2014թ-ի երկրորդ եռամսյակում մասնավոր սպառման աճը գնահատվում է տ/տ 4.1%, իսկ մասնավոր ներդրումների աճը՝ տ/տ 5.4%: Ցածր պահանջարկն անդրադարձել է արդյունաբերության ու շինարարության ճյուղերի թողարկման ծավալների ցածր աճի վրա, իսկ գյուղատնտեսության ճյուղում, պայմանավորված բնակլիմայական վատ պայմաններով, դիտվել է թողարկման ծավալների՝ սպասվածից ցածր աճ, ինչը ևս խոչընդոտել է տնտեսական ակտիվությանը: Արդյունքում, ակնկալվում է, որ երկրորդ եռամսյակի տնտեսական աճը կգտնվի տ/տ 3.4-3.6%:
Կարճաժամկետ կանխատեսումների համաձայն ակնկալվում է մասնավոր սպառման աճի տեմպերի արագացում և ներդրումային կայուն միջավայր, ինչի պարագայում 2014թ-ին մասնավոր սպառման աճը կկազմի 4.0%, իսկ մասնավոր ներդրումներինը՝ 1.8%: Տարվա ընթացքում նախատեսվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում հարկաբյուջետային ազդակը գնահատվում է 0.3 տոկոսային կետ ընդլայնող: 2014թ-ի արդյունքներով ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճը կգտնվի 2.0-4.0%, ներմուծման իրական աճը՝ 1.5-3.5% միջակայքում, իսկ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների աճի տեմպը կկազմի 1.0-3.0%: Արդյունքում, տնտեսական աճը 2014թ-ին գնահատվում է 3.6-4.2% միջակայքում (կանխատեսման կենտրոնական արժեքը` 3.9%)` պայմանավորված հիմնականում գյուղատնտեսության և ծառայության ճյուղերի աճերով (ընդհանուր նպաստումը՝ 2.9 տոկոսային կետ):
Կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճը որոշ չափով կարագանա և կկայունանա իր ներուժի շրջակայքում՝ պայմանավորվելով մասնավոր սպառման աճի տեմպերի արագացմամբ և մասնավոր ներդրումների դանդաղ տեմպերով վերականգնմամբ: Այսպիսով, կանխատեսվող հորիզոնում մասնավոր պահանջարկի կայունացման և հարկաբյուջետային քաղաքականության ընդհանուր առմամբ չեզոք ազդեցության արդյունքում ներքին պահանջարկի առումով գնաճային միջավայրի ընդլայնում չի ակնկալվում:
Արտաքին հատվածում 2014 թվականի երկրորդ եռամսյակում աշխարհաքաղաքական զարգացումների ներքո ավելացել են անորոշությունները: Այս իրավիճակում հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում նկատվել են հիմնականում թույլ գնաճային զարգացումներ:
Կանխատեսվող հորիզոնում համաշխարհային տնտեսական աճի դանդաղ վերականգնման տեմպերը կպահպանվեն, որի պայմաններում հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներից էական գնաճային ճնշումներ չեն սպասվում: 2014թ. երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է աստիճանաբար նվազել և հունիսի վերջին կազմել է 1.8%՝ մոտ գտնվելով նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին: Եռամսյակում նվազող վարքագիծ է ցուցաբերել նաև բնականոն գնաճը, որի 12-ամսյա ցուցանիշը նախորդ եռամսյակի 1.8%-ից հասել է 0.4%-ի:
Կենտրոնական բանկը 2014թ-ի երկրորդ եռամսյակում ևս շարունակել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 0.5 տոկոսային կետով և հունիսի վերջին սահմանելով այն 7.0% (մանրամասն ներկայացված է «III. 1.1 Փաստացի գնաճ և գնաճի նպատակի իրագործումը բաժնում):
2014թ. երկրորդ կեսից պետական հատվածի աշխատավարձերի աճի, ինչպես նաև օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման և չորրորդ եռամսյակից մի շարք ապրանքատեսակների գծով դրոշմապիտակների ներմուծման պայմաններում գնաճը տարվա երկրորդ կիսամյակում որոշակիորեն կավելանա: Այնուամենայնիվ, տարեվերջին այն դեռևս կպահպանվի ցածր մակարդակում՝ գտնվելով նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ: Մակրոտնտեսական ձևավորված և ակնկալվող միջավայրին համապատասխան՝ 2014թ-ի երրորդ եռամսյակում ԿԲ-ն կշարունակի թուլացնել դրամավարկային պայմանները, որը զուգակցվելով մինչ օրս իրականացված դրամավարկային պայմանների մեղմման և տարվա կտրվածքով ծրագրված ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության հետ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը: Արդյունքում, տնտեսական ակտիվության տեմպերը առաջիկա ժամանակահատվածում որոշակիորեն կաշխուժանան՝ նպաստելով միջնաժամկետ հատվածում գնաճի՝ իր նպատակային մակարդակի շուրջ կայունացմանը:
Կանխատեսված ցուցանիշից գնաճի շեղման ռիսկերն ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ հատվածում գնահատվում են հավասարակշռված: Ընդ որում, արտաքին հատվածի ռիսկերը մեծամասամբ կապված են զարգացող երկրների, մասնավորապես Ռուսաստանի, տնտեսական զարգացումների հեռանկարների և հումքային ու պարենային ապրանքների շուկաների վրա դրանց հնարավոր ազդեցության փոխանցման հետ: Ներքին տնտեսությունից եկող ռիսկերը հիմնականում կապված են ներքին պահանջարկի զարգացումների, մասնավորապես՝ կապիտալ ներդրումների վերականգնման տեմպերի և ՀՀ պետբյուջեի կատարման ընթացքի հետ, ինչպես նաև բնակլիմայական պայմաններից կախված գյուղատնտեսության ճյուղի զարգացումների հետ: Վերոնշյալ ռիսկերի դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը կարձագանքի համապատասխան քաղաքականությամբ՝ ապահովելով գնաճի նպատակային մակարդակը միջինժամկետ հատվածում: