Գնաճի հաշվետվություն 2014/2 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 2-րդ եռամսյակ 2014թ., Դրամավարկային քաղաքականության 2014թ. 1-ին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)

Համառոտագիր

ՀՀ ԿԲ կանխատեսումների համաձայն կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը կշարունակի նվազել՝ 2014թ-ի երրորդ եռամսյակում ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանի շրջակայքում, իսկ 2015թ. երկրորդ եռամսյակում կմոտենա նպատակային ցուցանիշին և կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կտատանվի դրա շուրջ: Տնտեսական աճը կարագանա 2014-2015թթ-ին և կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կկայունանա իր ներուժի շրջակայքում:

2014թ. առաջին եռամսյակում, պայմանավորված շինարարության ճյուղի աճի վերականգնման դանդաղ տեմպերով և արդյունաբերության ճյուղի թողարկման ծավալների ցածր աճով, պահպանվել է տնտեսական ցածր ակտիվության միջավայրը:  Վերջինս արտահայտվել է նաև դեռևս նախորդ տարի դրսևորված մասնավոր սպառման աճի ցածր տեմպերի և ներդրումային թույլ ակտիվության պահպանմամբ. 2014թ-ի առաջին եռամսյակում մասնավոր սպառման աճը գնահատվում է տ/տ 1.8%, իսկ մասնավոր ներդրումների գծով մարտի վերջի դրությամբ գնահատվում է տ/տ 4.5% նվազում: Արդյունքում, ակնկալվում է, որ առաջին եռամսյակի տնտեսական աճը կգտնվի տ/տ 3.2-3.5% միջակայքում:

Կարճաժամկետ կանխատեսումների համաձայն ակնկալվում է մասնավոր սպառման աճի տեմպերի արագացում և ներդրումային կայուն միջավայր, ինչի պարագայում 2014թ-ին մասնավոր սպառման աճը կկազմի 4.6%, իսկ մասնավոր ներդրումները կպահպանվեն գրեթե նույն մակարդակում: Տարվա ընթացքում նախատեսվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում հարկաբյուջետային ազդակը գնահատվում է 0.7 տոկոսային կետ ընդլայնող: 2014թ-ի արդյունքներով ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճը կգտնվի 5.5-7.5%, ներմուծման իրական աճը՝ 1.5-3.5% միջակայքում, իսկ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների աճի տեմպը կկազմի 4.5-6.5%: Արդյունքում, տնտեսական աճը 2014թ-ին գնահատվում է 4.1-4.8%` պայմանավորված հիմնականում գյուղատնտեսության և ծառայության ճյուղերի աճերով (ընդհանուր նպաստումը՝ 3.0 տոկոսային կետ):

Կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճը կկայունանա իր ներուժի շրջակայքում՝ պայմանավորվելով մասնավոր սպառման աճի տեմպերի կայունացմամբ և մասնավոր ներդրումների դանդաղ տեմպերով վերականգնմամբ: Այսպիսով, կանխատեսվող հորիզոնում մասնավոր պահանջարկի կայունացման և հարկաբյուջետային քաղաքականության ընդհանուր առմամբ չեզոք ազդեցության արդյունքում ներքին պահանջարկի առումով գնաճային միջավայրի ընդլայնում չի ակնկալվում:

Արտաքին հատվածում 2014 թվականի առաջին եռամսյակում արտաքին պահանջարկը շարունակել է ցածր մնալ. բացառությամբ Եվրոգոտու,  ՀՀ հիմնական գործընկեր երկրներում արձանագրվել են տնտեսական ակտիվության դանդաղման միտումներ: Այս իրավիճակում հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում նկատվել են հիմնականում գնանկումային միտումներ:

Կանխատեսվող հորիզոնում ակնկալվում է համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնում, որի պայմաններում հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներից էական գնաճային ճնշումներ չեն սպասվում:

2014թ. առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճն աստիճանաբար նվազել է և նախորդ տարվա վերջի 5.6%-ից մարտի վերջին հասել 3.8%-ի՝ մոտ գտնվելով նպատակային ցուցանիշին: Առաջին եռամսյակում նվազող վարքագիծ է ցուցաբերել նաև բնականոն գնաճը, որի 12-ամսյա ցուցանիշը տարեսկզբի 3.7%-ից մարտի վերջին իջել է 1.8%-ի:

Կենտրոնական բանկը 2014թ-ի առաջին եռամսյակում շարունակել է թուլացնել դրամավարկային պայմանները՝ իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով և մարտի վերջին սահմանելով այն 7.5% (մանրամասն ներկայացված է «III. 1.1 Փաստացի գնաճ և գնաճի նպատակի իրագործումը բաժնում): Դրամավարկային պայմանների թուլացման ևս մեկ միջոցառում էր 2014թ. փետրվարից դրամով պարտադիր պահուստավորման նորմայի իջեցումը 4-ից 2%-ի:

ԿԲ կանխատեսումների համաձայն գնաճը կշարունակի նվազել սպասվածից ավելի արագ տեմպերով՝ տարվա երրորդ եռամսյակում ձևավորվելով նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանի շրջակայքում, որին մեծապես կնպաստի նաև 2013 թվականի հուլիսի էներգակիրների սակագների աճի ազդեցության չեզոքացումը: 2014թ-ի երկրորդ եռամսյակում ԿԲ-ն կշարունակի թուլացնել դրամավարկային պայմանները, որը զուգակցվելով մինչ օրս իրականացված դրամավարկային պայմանների մեղմման և տարվա ընթացքում սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության հետ,  կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը: Արդյունքում, առաջիկա ժամանակահատվածում տնտեսական ակտիվության տեմպերը որոշակիորեն կաշխուժանան՝ նպաստելով կանխատեսվող հորիզոնում գնաճի՝  իր նպատակային մակարդակի շուրջ  կայունացմանը:

ԿԲ գնահատումների համաձայն 12-ամսյա գնաճը 2014 թվականի ընթացքում հիմնականում կգտնվի 2.5-5.5% միջակայքում: