Գնաճի հաշվետվություն 2014/1 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 1-ին եռամսյակ 2014թ., Դրամավարկային քաղաքականության 2013թ. 4-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)
Համառոտագիր
ՀՀ ԿԲ կանխատեսումների համաձայն կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը կշարունակի նվազել մինչև տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահման՝ 2014թ-ի վերջից մոտենալով նպատակային ցուցանիշին և միջնաժամկետում տատանվելով դրա շուրջ, իսկ տնտեսական աճը կարագանա 2014թ-ին և կկայունանա իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակում:
2013թ. չորրորդ եռամսյակում դիտվել է տնտեսական ակտիվության որոշ չափով վերականգնում և գնաճային միջավայրի զգալի մեղմում, այդուհանդերձ, տնտեսական աճը սպասվածից ցածր է եղել, իսկ 12-ամսյա գնաճը գտնվել է իր տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանին մոտ: 2013թ. ձևավորված մակրոտնտեսական միջավայրը բնութագրվել է մի շարք առանձնահատկություններով: Այսպես, տարեսկզբից դիտվել է տնտեսական աճի տեմպերի շարունակական դանդաղում՝ հիմնականում պայմանավորված շինարարության ճյուղի անկմամբ, էներգակիների սակագների բարձրացմամբ և տարեսկզբից իրականացված զսպողական հարկաբյուջետային քաղաքականությամբ: Միևնույն ժամանակ, մինչև մայիս համեմատաբար կայուն վարքագծից հետո, տեղի է ունեցել գնաճային միջավայրի զգալի ընդլայնում՝ հիմնականում պայմանավորված էներգակիրների սակագների բարձրացման ուղղակի և երկրորդային ազդեցություններով (ընդհանուր առմամբ շուրջ 3.0 տոկոսային կետ) և վատ բնակլիմայական պայմանների հետևանքով ձևավորված գնաճային սպասումներով: Գնաճը կրկին նվազել է սեպտեմբերից սկսած, երբ, պահպանվող ցածր տնտեսական ակտիվության և զսպողական հարկաբյուջետային քաղաքականության պարագայում, ԿԲ կողմից դրամավարկային պայմանների խստացումը որոշակիորեն մեղմել են գնաճային սպասումները: Տարվա արդյունքներով 12-ամսյա գնաճը կազմել է 5.6%՝ գրեթե համընկնելով տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանի հետ: 2013թ-ի ընթացքում նմանատիպ վարքագիծ է ցուցաբերել բնականոն գնաճը, որի 12-ամսյա ցուցանիշը տարեսկզբի 3.5%-ից օգոստոսին հասել է 5.7% մակարդակի, իսկ այնուհետև մինչև տարեվերջ նվազել՝ կազմելով 3.7%:
2013թ-ի չորրորդ եռամսյակում պահպանվել է մասնավոր սպառման ցածր աճի տեմպը, ինչի պարագայում հունվար-դեկտեմբերին մասնավոր սպառման աճը գնահատվում է տ/տ 1.8%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9%-ի դիմաց: Չորրորդ եռամսյակում ներդրումային միջավայրը սպասվածից ավելի թույլ է եղել՝ պայմանավորված առավելապես շինարարության ճյուղում ներդրումների նվազմամբ, որի հետևանքով մասնավոր ներդրումների գծով դեկտեմբերի վերջի դրությամբ գնահատվում է տ/տ 13.1% նվազում՝ նախորդ տարվա նույն ցուցանիշի 3.0% նվազման դիմաց: Արդյունքում, ակնկալվում է, որ 2013 թվականի հունվար-դեկտեմբերի տնտեսական աճը կգտնվի 3.3-3.6% միջակայքում:
Կարճաժամկետ կանխատեսումների համաձայն մասնավոր սպառման աճը 2014թ-ին կկազմի 5.3%, մասնավոր ներդրումները կաճեն 3.9%-ով, իսկ տարվա ընթացքում նախատեսվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում հարկաբյուջետային ազդակը գնահատվում է 1.5 տոկոսային կետ ընդլայնող: 2014թ-ի արդյունքներով ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճը կգտնվի 11-13%, ներմուծման իրական աճը՝ 3-5% միջակայքում, իսկ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների աճի տեմպը կկազմի 7-9%: Արդյունքում, տնտեսական աճը 2014թ-ին գնահատվում է 5.4-6.1%` պայմանավորված հիմնականում արդյունաբերության և ծառայության ճյուղերի աճերով (ընդհանուր նպաստումը՝ մոտ 3.5 տոկոսային կետ): Կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճը կկայունանա 5-6% շրջանակներում և մոտ կգտնվի իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին՝ պայմանավորվելով մասնավոր սպառման աճի տեմպերի կայունացմամբ և մասնավոր ներդրումների դանդաղ տեմպերով վերականգնմամբ: Այսպիսով, կանխատեսվող հորիզոնում մասնավոր պահանջարկի կայունացման և հարկաբյուջետային քաղաքականության չեզոք ազդեցության արդյունքում ներքին պահանջարկի առումով ակնկալվում է ոչ գնաճային ազդեցություն:
Արտաքին հատվածում 2013 թվականի չորրորդ եռամսյակում արտաքին պահանջարկը շարունակել է ցածր մնալ՝ պայմանավորված առավելապես զարգացող երկրների տնտեսությունների զարգացումներով: Այս իրավիճակում ինչպես հիմնական հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում պահպանվել է ոչ գնաճային միջավայր:
Կանխատեսվող հորիզոնում ակնկալվում է համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնում, որի պայմաններում հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներից էական գնաճային ճնշումներ չեն սպասվում:
2013թ-ի չորրորդ եռամսյակում, ինչպես արդեն վերը նշվել է, 12-ամսյա գնաճը ցուցաբերել է նվազողական վարքագիծ՝ տարեվերջին ընդհուպ մոտենալով իր տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանագծին: Նշվածի ներքո, հաշվի առնելով կարճաժամկետ հատվածում արտաքին ու ներքին տնտեսություններից գնաճային ճնշումների բացակայությունը և առաջարկի շոկի հետևանքով ձևավորված գնաճային սպասումների՝ չորրորդ եռամսյակում արդեն խարսխված լինելու հանգամանքը, Կենտրոնական բանկը տարեվերջին թուլացրել է դրամավարկային պայմանները՝ իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.75 տոկոսային կետով և դեկտեմբերի վերջին սահմանելով այն 7.75% (մանրամասն ներկայացված է «III. 1.1 Փաստացի գնաճ և գնաճի նպատակի իրագործումը բաժնում):
ԿԲ կանխատեսումների համաձայն 2014թ-ին գնաճը շարունակելու է նվազել և գնահատվում է, որ տարվա երրորդ եռամսյակում այն կիջնի մինչև տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ՝ պայմանավորված 2013 թվականի հուլիսի էներգակիրների սակագների աճի ազդեցության չեզոքացմամբ: Տարեվերջին 12-ամսյա գնաճը կկայունանա նպատակային ցուցանիշի շրջակայքում, ինչը տեղի կունենա հիմնականում դրամավարկային պայմանների թուլացման լագային ազդեցությամբ ու ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում, իսկ կանխատեսվող հորիզոնում կտատանվի նպատակային ցուցանիշի շուրջ: Այդ իրավիճակում 2014թ-ի առաջին եռամսյակում ԿԲ-ն կշարունակի թուլացնել դրամավարկային պայմանները՝ արձագանքելով դեռևս պահպանվող ցածր տնտեսական ակտիվությանն ու գնաճային միջավայրի մեղմմանը: Դրամավարկային պայմանների թուլացման համատեքստում ԿԲ-ն նաև որոշում է կայացրել տարեսկզբից նվազեցնել դրամով պարտադիր պահուստավորման նորման 4-ից 2%-ի:
ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունները մեծապես կպայմանավորվեն արտաքին ու ներքին տնտեսական զարգացման առկա անորոշությունների դրսևորումներով (մանրամասն ներկայացված է «II. 3. Գնաճի կանխատեսումները և դրամավարկային քաղաքականության ուղղությունները կանխատեսվող երեք տարվա հորիզոնում» բաժնում):
Կանխատեսված ցուցանիշից գնաճի շեղման ռիսկերն ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ հատվածում գնահատվում են հավասարակշռված: Ընդ որում, հիմնական ռիսկերը կապված են զարգացող երկրների տնտեսական զարգացումների հեռանկարների և ներքին պահանջարկի զարգացումների հետ, որոնց արդյունքում գնաճի կանխատեսված արժեքի շուրջ անորոշությունները պահպանվում են: Նման ռիսկերի դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը կարձագանքի համապատասխան քաղաքականությամբ՝ ապահովելով գնաճի նպատակային մակարդակը միջինժամկետ հատվածում: