Գնաճի հաշվետվություն 2015/4 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 4-րդ եռամսյակ 2015թ., Դրամավարկային քաղաքականության 2015թ. 3-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)

Համառոտագիր

ՀՀ ԿԲ կանխատեսումների համաձայն՝ մինչև 2015 թ. վերջ 12-ամսյա գնաճը կձևավորվի նպատակային ցուցանիշի 4% + 1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում, իսկ հետագա ամիսներին կպահպանվի ցածր մակար­դակում՝ կան­խատեսվող հորիզոնում աստիճանաբար մոտենալով և կայունանա­լով նպատակային ցուցանիշի շուրջ: 2015 թ. կավարտվի 3.2-3.9% տնտեսական աճով, որը 2016 թ-ին կդանդաղի՝ պայմա­նավորված հիմնականում գյուղատնտեսության և արդյունաբե­րության ոլորտնե­րում սպասվող աճի տեմպերի դանդաղմամբ: 2017 թվականից ներ­քին պահանջարկի վերականգնմանը զուգընթաց, տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ աստիճանաբար մո­տենալով երկարաժամ­կետ հավասարակշիռ մակարդակին:

2015 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում տնտեսական աճը սպասվում է 3.4-3.6% միջակայքում, ինչը գերա­զանցում է սպասելիքները՝ պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում ակնկալվածից ավելի բարձր թո­ղարկման ծավալներով: Ներքին պահանջարկը նվազել է՝ կապված ՌԴ-ից դրամական փոխանցումների նվազման հետևանքով տնային տնտեսությունների տնօրինվող եկամուտների զգալիորեն կրճատ­ման, շինարարության ոլորտում թույլ ակտիվության ու տնտեսության վարկավորման աճի տեմպերի դանդաղման հետ: Պահանջարկի նվազումը անցած ինն ամիսների ընթացքում մեղմվել է Կառավա­րության կողմից իրականացված շարունակական խթանող հարկա­բյուջետային քաղաքականությամբ ու տարեսկզբից ԿԲ կողմից դրա­մավարկային պայմանների զգալի մեղմացմամբ (լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը 20%-ից իջեցվել է 12%-ի, իսկ վերաֆինան­սավորման տոկոսադրույքը՝ 10.5%-ից 9.75%-ի):

Այնուամենայնիվ, 2015 թ. երրորդ եռամսյակում գնահատվում է մասնավոր սպառմանն ուղղված ծախսերի 7.0%, իսկ մասնավոր ներդրումների՝ 10.0% նվա­զում: Զուտ արտահանումը իրական արտահայտությամբ եր­րորդ եռամսյակում շարունակել է բարելավվել, ինչը պայմանավորվել է ապրանքների և ծառայությունների արտահան­ման տ/տ 21.4% իրա­կան աճով և ապրանքների և ծառայությունների ներմուծման տ/տ 8.5% իրական արտահայտությամբ նվազմամբ:

ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների համաձայն՝ 2015 թ. կավարտվի մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների՝ հա­մապատասխանաբար 6.0%-ով և 5.0%-ով կրճատմամբ՝ մեծապես պայմանավորված նույն ժամանակահատվածում ֆիզիկական ան­ձանց դրամական զուտ փոխանցումների՝ դոլարային արտահայտու­թյամբ շուրջ 30% նվազմամբ: Տարվա համար հարկաբյուջետային ազդակը (հաշվարկված նախորդ տարվա համեմատ) գնահատվում է 2.0-2.5 ընդլայնող, որը դրամավարկային պայմանների թուլացման հետ մեկտեղ կմեղմի 2015 թվականի մասնավոր ծախսումների կրճատումը: Ներքին պահանջարկի կրճատման արդյունքում ապ­րանքների և ծառայությունների ներմուծման իրական նվազումը 2015 թվականին կկազմի 7.0-9.0%: Թեև համաշխարհային տնտե­սությունում տարվա ընթացքում պահպանվել է թույլ պահանջարկը, այդուհանդերձ, ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճը 2015 թ. համար կանխատեսվում է 13.0-15.0%, ինչը պայմանավորված է ՀՀ տնտեսության արտահանելի հատվածում արտադրողականու­թյան աճի և գյուղատնտեսության ու հանքարդյու­նաբերության ճյու­ղերի առաջարկի ավելացմամբ:

Արդյունքում, ընթացիկ հաշիվը 2015 թվականին զգալիորեն կբարելավվի և կկազ­մի ՀՆԱ-ի 3.0-4.0 տոկոսը, որի ներքո վերականգնվել է հավասա­րակշռությունը արժութային շուկայում: Այս տեսակետից ակնկալվում է, որ փոխարժեքով պայմանավորված գնաճային սպասումները կշա­րունակեն թուլանալ, որը կնպաստի սեզոնային տատանողական պարենային ապրանքներից և կարգավորվող ծառայություններից զտված գնաճի նվազմանը:

Արդյունքում 2015 թ. տնտեսական աճը գնահատվում է 3.2-3.9%, որին մեծապես կնպաստի զուտ արտահանման աճը: Նախորդ կան­խատեսման համեմատ, տնտեսական աճը փոքր-ինչ վերանայվել է դեպի վեր՝ ի հաշիվ արդյունաբերության և մատուցված ծառայու­թյունների ոլորտում սպասվածից ավելի բարձր արձանագրվող աճով:

2016 թ. տնտեսական աճի տեմպերը կնվազեն, իսկ 2017 թ-ից կարագանան՝ կրելով արտահանման ու ներդրումների խթանմանն ուղղված Կառավարության ծրագրի արդյունավետ իրագործման, ար­տաքին տնտեսական միջավայրի աստիճանական բարելավման և կառուցվածքային բարեփոխումների ազդեցությունը: Վերը նկարա­գրված զարգացումներով պայմանավորված ակնկալվում է, որ տնտեսական աճը կանխատեսվող հորիզոնի վերջում կկազմի 3.0-4.5%: Այսպիսով, կանխատեսվող հորիզոնում, մասնավոր պահան­ջարկը աստիճանաբար կկայունանա և կնպաստի տնտեսական աճի վերականգնման գործընթացին, թեև, այնուամենայնիվ, մասնավոր հատվածի պահանջարկը կգտնվի իր հավասարակշիռ մակարդակից ցածր: Հաշվի առնելով հարկաբյուջետային քաղաքականության ազ­դեցությունները, գնահատվում է, որ կանխատեսվող հորիզոնում ներ­քին պահանջարկը սպառողական շուկայում կպահպանի գնանկու­մային ճնշումները, որոնք 2015-2017 թվականներին կմեղմվեն զուտ արտահանման գնաճային ազդեցությամբ և կչեզոքանան կանխա­տեսվող հորիզոնի վերջում:

2015 թ. երրորդ եռամսյակում ՀՀ հիմնական գործընկեր երկրներ ԱՄՆ-ում և Եվրոգոտում շարունակվել են տնտեսական դանդաղ աճի տեմպերը, իսկ Ռուսաստանում արձանագրվել է կանխատեսվածից ավելի խոր տնտեսական անկում: Հիմնական ապրանքների միջազ­գային շուկաներում երրորդ եռամսյակում պահպանվել են գնան­կումային միտումները` պայմանավորված հիմնականում համաշխար­հային պահանջարկի ցածր մակարդակով և արտադրության մեծ ծա­վալների վերաբերյալ սպասումներով: Կանխատեսվող հորիզոնում, ցածր համաշխարհային պահան­ջարկի պայմաններում, հումքային և պարենային ապրանքների շու­կաներում կարճաժամկետ հատվածում գնանկումային միտումները դեռևս կպահպանվեն:

Այնուհետև, համաշխարհային պահանջարկի վերականգնմանը զուգընթաց, սպասվում է գների որոշակի վերա­կանգնում: Ելնելով վերը նշվածից կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն սպասվում: Կանխատեսվող հորիզոնի սկզբում համաշխարհային տնտեսու­թյան և ՀՀ հիմնական գործընկեր երկրների զարգացումներից բխող և ՀՀ տնտեսություն փոխանցվող ֆինանսատնտեսական ռիսկերը կպահպանվեն, ինչը աստիճանաբար կչեզոքանա միջնաժամկետ հատվածում՝ գործընկեր երկրներում տնտեսական աճի վերա­կանգնման, հումքային ու պարենային ապրանքների շուկաներում գների կայունացման, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական շուկաների տատանողականության չեզոքացման արդյունքում:

2015 թ. երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը դրսևորել է կանխատեսվածին համահունչ նվազող վարքագիծ, և սեպտեմբերի վերջին կազմել է 3.3%, իսկ հոկտեմբերին նվազել է մինչև 1.9%,  որը գրեթե ամբողջությամբ պայմանավորվել է գյուղմթերքների նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր գներով: Միևնույն ժամանակ, չնայած ձևավորված թույլ ներքին պահանջար­կին և արտաքին գնանկումային միջավայ­րին, սեզոնային գյուղ­մթերքներից զտված ապրանքների գները դրսևորել են կոշտու­թյուններ նվազման ուղղությամբ վկայելով դեռևս բարձր գնաճային սպասումների առկայության մասին:

Հաշվի առնելով առկա ցածր գնաճային միջավայրը, ինչպես նաև արտաքին ու ներքին թույլ պահանջարկի ներքո գնաճային ազդեցությունների բացակայու­թյունը, ԿԲ-ն մեղմացրել է դրամավարկային պայման­ները օգոստոսին վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցնելով 0.25 տոկոսային կետով և սահմանելով 10.25% (մանրամասն տես 3.1.1. Փաստացի գնաճ և գնաճի նպատակի իրագործում բաժ­նում): Ըստ ԿԲ գնահատումների, 2015 թ. վերջում 12-ամսյա գնաճը կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատ­վածի շրջակայքում, իսկ հետագա ամիսներին կպահպանվի ցածր մակարդակում կանխատեսվող հորիզոնում աստիճանաբար մոտենալով և կայու­նանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

Գնաճային սպասումների նվազմանը զուգընթաց կնվազի նաև սեզո­նային գյուղմթերքներից զտված գնաճը: Գնաճի զարգացումներում չի դիտարկվել սույն տար­վա օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ուղ­ղակի ազդեցությունը հաշվի առնելով Կառավարության և Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի կողմից բնակչության որոշ մասի և փոքր բիզնեսի համար մինչև հաջորդ տարվա օգոստոս սա­կագնի թանկացման սուբսիդավորման հայտարարությունը և հետա­գա ժամանակահատվածում դրա հետ կապված անորոշությունները: Միևնույն ժամանակ, էլեկտրաէներ­գիայի սակագնի թանկացման անուղղակի ազդեցությունը գնաճի վրա, որը դրսևորվել է մի շարք ապրանքների ինքնարժեքի ավելաց­ման միջոցով, եղել է ԿԲ գնահա­տումներին համահունչ, փոքր, և ապագայում դրա հետ կապված լրացուցիչ գնաճային ռիսկեր չեն ակնկալվում:

Գնաճի կանխատե­սումներում հաշվի է առնվել նաև 2016 թ. հարկային օրենսգրքում նախատեսվող ակցիզային հարկի փոփոխությունների գնաճային ազդեցությունը:  Գնահատման համաձայն 2015թ. չորրորդ եռամսյակում դրամավարկային պայմանների թուլացումը, ինչը ցածր գնաճային սպասումների պարագայում կարող էր լինել ավելի կտրուկ, զու­գակցվելով տարեսկզբից իրականացված դրամավարկային պայ­մանների մեղմման և խթանող հարկաբյուջետային քաղաքականու­թյան հետ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու կանխատեսվող հորիզոնում գնաճի կայունացմանը նպատակային ցուցանիշի շուրջ: Այս ամենի ներքո ԿԲ-ն 2015 թվականի նոյեմբերի 10-ին 0.5 տոկոսային կետով հասցնելով 9.75 տոկոսի նվազեցրեց վերաֆինան­սավորման տոկոսադրույքը: Ընդ որում, գնաճային սպա­սումների խարսխման, արտաքին և ներքին լրացուցիչ ռիսկերի բացակայության դեպքում ԿԲ-ն չորրորդ եռամսյակում կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը կանխատեսված ցուցանիշից գնաճի շեղման ռիսկերը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ հատվածում գնահատ­վում են հավասարակշռված:

Ընդ որում, արտաքին հատվածից եկող ռիսկերը կապված են ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների տնտեսական հեռանկարների հետ: Մասնավորապես առկա է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսա­դրույքների ակնկալվող բարձրացման հետևանքով զարգացող երկր­ներից դեպի ԱՄՆ կապիտալի արտահոսքի և զարգացող երկրների արժույթների տատանողականության աճի ռիսկ: Առավել նշանակալի են Ռուսաստանի տնտեսության հետագա զարգացումների հետ կապված ռիսկերը պայմանավորված նավթի գների կանխատեսվածի համեմատ ավելի շատ անկմամբ և կանխատեսվող հորիզոնում գների ավելի ցածր մակարդակում պահպանմամբ, ռուսական ռուբլու հետագա արժեզրկմամբ, ինչպես նաև սպասվող աշխարհա­քաղաքական զարգացումներով: Չինաստանի տնտեսական աճի կտրուկ դանդաղումը նույնպես կարող է ռիսկեր առաջացնել համաշխարհային տնտեսական աճի դանդաղման և հումքային ու պարենա­յին ապրանքների միջազգային գների անկման առումով:

Ներքին տնտեսությունից եկող ռիսկերը երկկողմանի են և հիմնականում պայմանավորված են բնակլիմայական պայմաններից կախված գյուղատնտեսության ճյու­ղի զարգացումներով, ներքին պահանջարկի վերականգնման ըն­թացքով, մասնավոր ներդրումների աճի վերա­կանգնման տեմպերով, ինչպես նաև կառավարության կողմից իրա­կանացվող խթանող ծրա­գրերով: Վերոնշյալ ռիսկերի դրսևորման պարագայում Կենտրոնա­կան բանկը կարձագանքի համապատաս­խան քաղաքականությամբ ապահովելով գնաճի նպատակային մա­կարդակը միջնաժամկետ հատվածում: