Գնաճի հաշվետվություն 2015/3 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 3-րդ եռամսյակ 2015թ., Դրամավարկային քաղաքականության 2015թ. 2-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)
Համառոտագիր
ՀՀ ԿԲ կանխատեսումների համաձայն մինչև 2015թ-ի վերջ 12-ամսյա գնաճը կձևավորվի նպատակային ցուցանիշի 4% +/- 1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում, իսկ կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կտատանվի թույլատրելի միջակայքում՝ հորիզոնի վերջին կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ: 2015թ-ի համար կանխատեսվում է տնտեսական աճի՝ նախորդ կանխատեսման համեմատ բարձր մակարդակ, որը պայմանավորված է առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ուղղությամբ տեղի ունեցած դրական զարգացումներով: 2016թ-ին տնտեսական աճի տեմպերը կպահպանվեն նույն մակարդակում, որից հետո կարագանան՝ աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:
2015 թվականի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է տ/տ 4.2%, որը գերազանցել է ակնկալիքները՝ մեծապես պայմանավորված գյուղատնտեսության և մասամբ արդյունաբերության ճյուղերում սպասվածից բարձր թողարկման ծավալների աճով: Պահանջարկի տեսանկյունից այդ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության աճին նպաստել են Կառավարության կողմից իրականացված առավել խթանող հարկաբյուջետային քաղաքականությունն ու ԿԲ կողմից տարեսկզբից դրամավարկային պայմանների զգալի թուլացումը (լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը 20%-ից իջեցվել է 12%-ի), ինչը հիմնականում մեղմել է մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների նվազման ազդեցությունը: Մասնավոր սպառման և ներդրումների նվազումը պայմանավորվել է համապատասխանաբար ՌԴ-ից դրամական փոխանցումների նվազման հետևանքով տնային տնտեսությունների տնօրինվող եկամուտների զգալիորեն կրճատմամբ և շինարարության ոլորտում թույլ ակտիվությամբ ու տնտեսության վարկավորման աճի տեմպերի դանդաղմամբ:
2015թ-ի երկրորդ եռամսյակում գնահատվում է մասնավոր սպառմանն ուղղված ծախսերի 2.0%, իսկ մասնավոր ներդրումների՝ 7.0% նվազում: Զուտ իրական արտահանման բացասական հաշվեկշիռը երկրորդ եռամսյակում բավականաչափ նվազել է՝ պայմանավորված ապրանքների և ծառայությունների արտահանման տ/տ 22.7% իրական աճով, այն դեպքում, երբ ապրանքների և ծառայությունների ներմուծումը իրական արտահայտությամբ նվազել է տ/տ 5.9%-ով: Արդյունքում՝ 2015 թվականի առաջին կիսամյակի տնտեսական աճը գնահատվում է տ/տ 2.7-2.9% միջակայքում:
ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների համաձայն 2015թ-ին թե՛ մասնավոր սպառումը և թե՛ մասնավոր ներդրումները կկրճատվեն՝ համապատասխանաբար 1.6%-ով և 4.0%-ով: Տարվա համար հարկաբյուջետային ազդակը (հաշվարկված նախորդ տարվա նկատմամբ) գնահատվում է 2.0-2.5 ընդլայնող: Հաշվի առնելով ՀՀ ազգային վիճակագրության ծառայության կողմից հունվար-հունիս ամիսների համար ՀՀ արտաքին առևտրի վերահաշվարկված ցուցանիշները, որոնք արտահայտում են արտահանման իրական աճի բարձր տեմպեր և ներմուծման իրական նվազում, արտահանման և ներմուծման կանխատեսումները վերանայվել են: Այսպես, ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճը 2015թ. համար կանխատեսվում է 15.0-17.0% միջակայքում, իսկ ապրանքների և ծառայությունների ներմուծման իրական նվազումը կգտնվի 3.0-5.0% միջակայքում: Չնայած երկրորդ եռամսյակում տրանսֆերտների աճը գերազանցել է սպասելիքները, սակայն ՌԴ տնտեսության ավելի վատ վիճակից ելնելով՝ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների կանխատեսումները մնացել են անփոփոխ. 2015թ. ակնկալվում է դոլարային արտահայտությամբ զուտ շուրջ 25% նվազում:
Արդյունքում, 2015թ-ի տնտեսական աճը՝ նախորդ կանխատեսման համեմատ կրկին վերանայվել է դեպի վեր և գնահատվում է 2.8-3.6% միջակայքում՝ հիմնականում ի հաշիվ տարեսկզբից մակրոտնտեսական և ֆինանսական կայունության պահպանման, առաջին կիսամյակում ԿԲ կողմից դրամավարկային պայմանների թուլացման, նախատեսվածի համեմատ իրականացվող ավելի խթանող հարկաբյուջետային քաղաքականության և գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումների:
2016թ-ին տնտեսական աճի տեմպերը կպահպանվեն նույն մակարդակում, իսկ 2017թ-ից կարագանան՝ կրելով արտահանման ու ներդրումների խթանմանն ուղղված Կառավարության ծրագրի արդյունավետ իրագործման, արտաքին տնտեսական միջավայրի աստիճանական բարելավման և կառուցվածքային բարեփոխումների ազդեցությունը: Վերը նկարագրված զարգացումներով պայմանավորված՝ ակնկալվում է, որ տնտեսական աճը կանխատեսվող հորիզոնի վերջում կկազմի 3.5-4.5%:
Այսպիսով, կանխատեսվող հորիզոնում, մասնավոր պահանջարկի կայունացման և հարկաբյուջետային քաղաքականության ընդհանուր առմամբ չեզոք ազդեցության արդյունքում, ներքին գների վրա համախառն պահանջարկի ազդեցությունը կլինի չեզոք:
2015 թվականի երկրորդ եռամսյակում ևս ՀՀ հիմնական գործընկեր երկրներում պահպանվել են տնտեսական ակտիվության դանդաղ աճի միտումները, ինչի պարագայում արտաքին պահանջարկը մնում է ցածր մակարդակում: Հիմնական ապրանքների միջազգային շուկաներում երկրորդ եռամսյակում շարունակվել են գնանկումային զարգացումները՝ պայմանավորված պարենային ապրանքների արտադրության մեծ ծավալներով, համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակով, ինչպես նաև ԱՄՆ դոլարի արժևորմամբ, թեև հումքային որոշ ապրանքների մասով դիտվել է գնաճ:
Կանխատեսվող հորիզոնում, դեռևս պահպանվող ցածր համաշխարհային պահանջարկի պայմաններում, հումքային և պարենային ապրանքների շուկաներում գնանկումային միտումը կշարունակվի մինչև 2015թ-ի վերջ: Այնուհետև, պայմանավորված շուկաներում առաջարկի կրճատմամբ և պահանջարկի վերականգնմամբ, սպասվում է գների որոշակի վերականգնում: Ընդ որում, նավթի շուկայում գները միջնաժամկետ հատվածում կձևավորվեն ցածր մակարդակում՝ պայմանավորված նավթի շուկա Իրանի մուտքով:
Միջնաժամկետ հատվածում գործընկեր երկրներում տնտեսական աճի աստիճանական վերականգնումը, հումքային ու պարենային ապրանքների շուկաներում գների կայունացումը, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական շուկաների տատանողականության չեզոքացումն իրենց դրական ազդեցությունը կունենան ՀՀ տնտեսության վրա:
Այսպիսով, կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն սպասվում:
2015թ. երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը, ինչպես և սպասվում էր, տատանվել է թույլատրելի միջակայքի վերին հատվածում և հունիսի վերջին կազմել է 5.5%: Չնայած ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների համաձայն գյուղատնտեսության դրական զարգացումներով պայմանավորված՝ առաջիկա ամիսներին ակնկալվում էր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գյուղմթերքների գների ավելի ցածր մակարդակների ձևավորում, այդուհանդերձ, ԿԲ-ն երկրորդ եռամսյակում անփոփոխ է թողել դրամավարկային պայմանները, քանի որ դրան հակակշռելու էր օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման գնաճային ազդեցությունը (մանրամասն ներկայացված է «III. 1.1 Փաստացի գնաճ և գնաճի նպատակի իրագործումը բաժնում):
Կանխատեսվող հորիզոնի վերջին 12-ամսա գնաճը կկայունանա իր նպատակային 4% մակարդակի շուրջ: 2015թ-ի երկրորդ կիսամյակում ակնկալվում է գնաճային միջավայրի զգալի մեղմում՝ պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումների արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղատնտեսական ապրանքների գների ցածր մակարդակների ձևավորմամբ: Սակայն ցածր գնաճային միջավայրը մասամբ կչեզոքացվի տարվա ընթացքում ԿԲ կողմից իրականացվող դրամավարկային պայմանների թուլացման և խթանող հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ազդեցությամբ: Հարկ է նշել, որ ներկայումս չի դիտարկվում օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման` նախկինում ակնկալվող գնաճային ազդեցությունը, սակայն Կառավարության կողմից սուբսիդավորման կիրառվող մեխանիզմի սկզբունքների և խորհդատվության ու «Հայաստանի Էլեկտական ցանցեր» ՓԲԸ-ի աուդիտի եզրակացության արդյունքների վերաբերյալ հստակ տեղեկատվության դեպքում հաջորդ հրապարակումներում կհստակեցվեն նաև այդ փոփոխության գնաճային ազդեցության ԿԲ գնահատումները: Միաժամանակ, գնաճի կանխատեսումներում հաշվի է առնվել նաև 2016թ-ի հարկային օրենսգրքում ակցիզային հարկի հնարավոր փոփոխությունների գնաճային ազդեցությունը: Այս զարգացումների ներքո ԿԲ-ն գնահատում է, որ տարվա երկրորդ կիսամյակում 12-ամսյա գնաճը կնվազի և կգտնվի թույլատրելի միջակայքի ներքևի հատվածում: Կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում գնաճը կտատանվի թույլատրելի միջակայքում՝ հորիզոնի վերջում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:
ԿԲ-ն գնահատում է, որ ստեղծված ցածր գնաճային միջավայրում նպատակահարմար է 2015թ-ի երրորդ եռամսյակում թուլացնել դրամավարկային պայմանները: Այդուհանդերձ, առկա են արտաքին և ներքին տնտեսություններից եկող ռիսկեր, որոնց դրսևորման պարագայում հնարավոր է գնաճային միջավայրի ընդլայնում և ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտում՝ ուղղված միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործմանը:
Կանխատեսված ցուցանիշից գնաճի շեղման ռիսկերը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ հատվածում գնահատվում են աճի ուղղությամբ: Ընդ որում, արտաքին հատվածից եկող գնաճային ռիսկերը կապված են ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների տնտեսական հեռանկարների հետ: Մասնավորապես, ԱՄՆ Դաշնային Պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների ակնկալվող բարձրացումը հնարավոր է հանգեցնի զարգացող երկրներից դեպի ԱՄՆ կապիտալի արտահոսքի և զարգացող երկրների արժույթների տատանողականության աճի: Առավել նշանակալի են Ռուսաստանի տնտեսության հետագա զարգացումների հետ կապված ռիսկերը՝ պայմանավորված նավթի գների կանխատեսվածի համեմատ ավելի շատ անկմամբ և կանխատեսվող հորիզոնում գների ավելի ցածր մակարդակում պահպանմամբ, ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու հետագա արժեզրկմամբ, ինչպես նաև աշխարհաքաղաքական զարգացումների հետագա ընթացքով: Չինաստանի տնտեսական աճի կտրուկ դանդաղումը նույնպես կարող է ռիսկեր առաջացնել համաշխարհային տնտեսական աճի դանդաղման և հումքային ու պարենային ապրանքների միջազգային գների անկման առումով:
Ներքին տնտեսությունից եկող ռիսկերը հիմնականում պայմանավորված են բնակլիմայական պայմաններից կախված՝ գյուղատնտեսության ճյուղի զարգացումներով, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցության անորոշությամբ, ներքին պահանջարկի վերականգնման ընթացքով, ինչպես նաև կառավարության կողմից խթանող ծրագրերի իրականացման ընթացքով: Վերոնշյալ ռիսկերի դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը կարձագանքի համապատասխան քաղաքականությամբ՝ ապահովելով գնաճի նպատակային մակարդակը միջնաժամկետ հատվածում: