Գնաճի հաշվետվություն 2016/4 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 4-րդ եռամսյակ 2016թ., Դրամավարկային քաղաքականության 2016թ. 3-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)

Համառոտագիր

Չնայած համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերի պահպանմանը, 2016թ. երրորդ եռամսյակում ևս շարունակվել է հիմնական առևտրային գործընկեր երկրների տնտեսական ակտիվության արագացումը, ինչն արտահայտվել է ՀՀ արտահանելի ապրանքների նկատմամբ արտաքին պահանջարկի ավելացմամբ և ՀՀ տնտեսությունում արտահանելի հատվածի դրական զարգացումներով: Այդուհանդերձ, երրորդ եռամսյակում առաջին կիսամյակի համար հրապարակված տնտեսական աճը զգալիորեն ցածր է եղել սպասվածից, ինչպես նաև երրորդ եռամսյակում պահպանվել են առևտրի շրջանառության ցածր ծավալները և դրսևորվել՝ գյուղատնտեսության ու հանքարդյունաբերության ոլորտներում թողարկման ծավալների նվազման ռիսկերը: Ելնելով նշված զարգացումներից՝ ԿԲ-ն վերանայել է 2016թ-ի տնտեսական աճի կանխատեսումը դեպի ներքև, իսկ կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում աճի տեմպերը կարագանան՝ աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին: Տարվա անցած ինն ամիսների ընթացքում դիտվել են առավելապես գնանկումային զարգացումներ. 12-ամսյա գնաճը տատանվել է միջին հաշվով -1.7% ցուցանիշի շուրջ: Առաջիկա ամիսներին գնանկումային միջավայրը կպահպանվի՝ պայմանավորված տնտեսական ցածր ակտիվությամբ և 2017թ-ի առաջին եռամսյակում գազի և էլեկտրաէներգիայի սակագնի իջեցմամբ, իսկ կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կվերադառնա նպատակային ցուցանիշին:

2016թ. երրորդ եռամսյակի արդյունքներով տնտեսական ակտիվության կտրուկ վատացումը հիմնականում պայմանավորվել է առաջարկի գործոններով, մասնավորապես՝ գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերի աճի տեմպերի դանդաղմամբ, իսկ ներքին պահանջարկը շարունակել է թույլ մնալ: Առևտրի ծավալների սպասվածից ավելի շատ նվազման, տնտեսական ավելի ցածր ակտիվության և շինարարության ճյուղի դեռևս անկման պարագայում երրորդ եռամսյակի համար գնահատվում է իրական արտահայտությամբ մասնավոր սպառման շուրջ 2% աճ և մասնավոր իրական ներդրումների 1.0% նվազում: Ընդ որում, տնտեսական ցածր ակտիվության բացասական ազդեցությունը մասամբ մեղմվել է ի հաշիվ 2015թ-ի սկզբից մինչ օրս ԿԲ և Կառավարության կողմից դրամավարկային ու հարկաբյուջետային խթանող քաղաքականության իրականացման և տնտեսության արտահանելի հատվածում համեմատաբար մեծ ծավալի ներդրումների կատարման: Վերջինիս ազդեցությամբ այս եռամսյակ ևս շարունակել է բարելավվել զուտ իրական արտահանումը. երրորդ եռամսյակում ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճը գնահատվում է տ/տ 10.5%, իսկ ապրանքների և ծառայությունների ներմուծումը իրական արտահայտությամբ աճել է ընդամենը 3.1%-ով: Նշված զարգացումների ներքո 2016թ-ի անցած ինն ամիսների ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է տ/տ 1.6%, որի պարագայում հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի տնտեսական աճը գնահատվում է տ/տ 1.3-1.5% միջակայքում:

2016թ. երրորդ եռամսյակում արձանագրվել է 2.7% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.9%-ի դիմաց, որի պարագայում գնաճի 12-ամսյա ցուցանիշը սեպտեմբերի վերջին կազմել է -1.9%: Ելնելով առաջիկա ամիսներին դեռևս պահպանվող գնանկումային միջավայրից, թույլ ներքին պահանջարկից և գնաճային սպասումների շարունակաբար մեղմումից՝ ԿԲ-ն երրորդ եռամսյակում ևս շարունակել է թուլացնել դրամավարկային պայմանները. վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է ընդհանուր հաշվով 0.75 տոկոսային կետով՝ սեպտեմբերի վերջին այն սահմանելով 6.75% (մանրամասն ներկայացված է «III. 1.1 Փաստացի գնաճ և գնաճի նպատակի իրագործումը» բաժնում):

ԿԲ կանխատեսումների համաձայն 2016թ-ին արտաքին հատվածում կպահպանվեն տնտեսական աճի դանդաղ տեմպերը, իսկ միջազգային ապրանքային շուկաներում հիմնականում կդիտվեն թույլ գնաճային զարգացումներ: Ռուսաստանի տնտեսության նվազման տեմպերի դանդաղման պարագայում տարվա ընթացքում ակնկալվում է սեզոնային աշխատողների փոխանցումների և մասնավոր տրանսֆերտների նվազման տեմպերի էական դանդաղում, սակայն դրա ազդեցությունը ներքին պահանջարկի, հետևաբար և մասնավոր սպառման վերականգնման վրա մեծամասամբ կչեզոքացվի սպասվող ՀՀ տնտեսական ցածր աճի ազդեցությամբ: Այս պարագայում 2016թ-ի համար կանխատեսվում է մասնավոր սպառման շուրջ 0.8% աճ և մասնավոր ներդրումների մոտ 3.5% նվազում: Սպառման աճը տեղի կունենա հիմնականում ի հաշիվ 2015 թվականից վարվող ընդլայնողական դրամավարկային քաղաքականության, 2016թ-ին Կառավարության կողմից իրականացրած խթանող հարկաբյուջետային քաղաքականության և տնտեսությունում առկա գնանկումային միջավայրի: Ներդրումների նվազումը պայմանավորված կլինի շինարարության ճյուղի ցածր ակտիվությամբ: Այս զարգացումների ներքո 2016թ-ի տնտեսական աճը գնահատվում է 1.3-1.8% միջակայքում: 2016 թվականի տնտեսական աճին հիմնականում կնպաստի զուտ արտահանումը՝ պայմանավորված ինչպես հիմնական առևտրային գործընկեր երկրների տնտեսական ակտիվության արագացմամբ, այնպես էլ առկա արտաքին պահանջարկի պայմաններում արտահանելի հատվածի դրական զարգացումներով, որին մեծապես նպաստել է նաև ԿԲ կողմից իրականացրած հետևողական դրամավարկային քաղաքականությունը և գործընկեր երկրների համեմատ ավելի ցածր գնաճի հետևանքով կազմակերպությունների մրցունակության աճը:

2017թ-ից տնտեսական աճի տեմպերը կշարունակեն արագանալ՝ կրելով ՀՀ տնտեսությունում ներքին պահանջարկի աստիճանական վերականգնման, արտահանման ու ներդրումների խթանմանն ուղղված Կառավարության ծրագրի արդյունավետ իրագործման, արտաքին տնտեսական միջավայրի շարունակվող բարելավման և կառուցվածքային բարեփոխումների ազդեցությունը: Վերը նկարագրված զարգացումներով պայմանավորված՝ ակնկալվում է, որ տնտեսական աճը կանխատեսվող հորիզոնի վերջում կկազմի 2.8-4.3%:

Այսպիսով, կանխատեսվող հորիզոնում, մինչև 2018թ-ի երկրորդ եռամսյակ ներքին գների վրա ներքին պահանջարկի ազդեցությունը կլինի գնանկումային, իսկ այնուհետև՝ մինչև կանխատեսվող հորիզոնի վերջ այն կվերածվի գնաճայինի:

ԿԲ կանխատեսումների համաձայն, տարեվերջին ակնկալվում է գնանկումային միջավայրի զգալի մեղմում: 2017 թվականի առաջին եռամսյակի գնաճի կանխատեսումներում հաշվի է առնվել գազի սակագնի իջեցման գործոնը (մանրամասն տե՛ս «II. 3. Գնաճի կանխատեսումները և դրամավարկային քաղաքականության ուղղությունները կանխատեսվող երեք տարվա հորիզոնում» բաժնում): Վերոնշյալ զարգացումների ներքո ԿԲ-ն գնահատում է, որ գնանկումային միջավայրը 2017թ-ի առաջին եռամսյակում դեռևս կպահպանվի, որից հետո հիմնականում կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:

Արդյունքում՝ ԿԲ-ն կարծում  է, որ միջնաժամկետ հատվածում գնանկումային ռիսկերը հիմնականում պահպանվում են, որոնց ներկայումս ավելացել է 2017թ. հարկաբյուջետային քաղաքականության գործոնը: Այս պարագայում, ԿԲ-ն գնահատում է, որ 2016թ. չորրորդ եռամսյա­կում դեռևս նպատակահարմար է դրամավարկային պայմանների որոշակի թուլացումը:

Կանխատեսված ցուցանիշից գնաճի շեղման ռիսկերը ընդհանուր առմամբ գնահատվում են նվազման ուղղությամբ թե՛ կարճաժամկետ, և թե՛ միջնաժամկետ հատվածում: Ընդ որում, արտաքին հատվածից բխող ռիսկերը փոքր-ինչ գնաճային են, որոնց թվում հատկանշական են զարգացող երկրներից կապիտալի արտահոսքի և դրանից բխող ֆինանսական շուկաների տատանողականության, Եվրոմիությունում դիտարկվող գործընթացների, Չինաստանի կառուցվածքային վերափոխման գործընթացի արդյունքում համաշխարհային տնտեսական աճի հնարավոր դանդաղման, ինչպես նաև հումքային ու պարենային ապրանքների միջազգային գների զարգացումների հետ կապված ռիսկերը: Ներքին տնտեսությունից բխող ռիսկերը գնահատվում են գնանկումային, որտեղ նախկինում նախանշվող ռիսկերին ներկայումս ավելացել են 2017թ. հարկաբյուջետային քաղաքականության գործոնը և այդ նույն տարվա առաջին եռամսյակում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր նվազեցումը: Միևնույն ժամանակ, նախորդ կանխատեսման ռիսկերը հիմնականում պահպանվել են՝ կապված ներքին գների վրա արտաքին ապրանքային շուկաներում գների փոփոխությունների ազդեցության փոխանցման չափի, բնակլիմայական պայ­մաններից կախված՝ գյուղատնտեսության ճյուղի զարգացումների, ներքին պահանջարկի վերականգնման ընթացքի, մասնավոր ներդրումների աճի վերականգնման տեմպե­րի, ինչպես նաև Կառա­վարության կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումների հետ:

Վերոնշյալ ռիսկերի դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը: