Գնաճի հաշվետվություն 2016/3 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 3-րդ եռամսյակ 2016թ., Դրամավարկային քաղաքականության 2016թ. 2-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)

Համառոտագիր

Կանխատեսվող հորիզոնում ԿԲ կողմից իրականացվող քաղաքականությունը  դեռևս իր վրա է կրում 2014 թվականի վերջին տեղի ունեցած տնտեսական ցնցման ազդեցությունը և այդ ազդեցության մեխանիզմներին ԿԲ-ն պարբերաբար անդրադարձել է իր Գնաճի հաշվետվություններում:  2014 թվականի վերջին եռամսյակում  նավթի միջազգային գների կտրուկ նվազման և ռուսական ռուբլու փլուզման հետևանքով հասարակությունը ականատես եղավ տնային տնտեսությունների և կազմակերպությունների վարքագծի կտրուկ փոփոխության: Բոլոր տնտեսվարող սուբյեկտները գնաճի չափազանց բարձր սպասումներ ունենալով փորձում էին ապահովագրել իրենց՝ ազգային դրամը վերածելով արտարժույթի և տարբեր՝ նույնիսկ կարճաժամկետ սպառման ապրանքների: Նման վարքագիծը իր մեջ կրում էր հիպերգնաճի այն բոլոր սաղմերը, որը մեր տնտեսությունը ապրել էր 1993 թվականին: ԿԲ-ն այդ իրավիճակում արձագանքեց իր զինանոցում առկա բոլոր միջոցներով՝ կայունացնելով իրավիճակը և զերծ պահելով Հայաստանը տնտեսական խորը ճգնաժամից: Արդյունքում, հնարավոր եղավ խուսափել ծանր ֆինանսական և տնտեսական ցնցումներից, որոնք 2014 թվականի նավթի միջազգային շուկայում կտրուկ գնանկման հետևանքով մինչ այժմ առկա են տարածաշրջանի շատ երկրներում: Արդյունքում ԿԲ իրականացրած գործողությունների շնորհիվ 2015 թվականին ոչ միայն հնարավոր եղավ ապահովել մակրոտնտեսական կայունություն, այլ նաև նպաստել դրական տնտեսական աճի ձևավորմանը, երբ տարածաշրջանի բոլոր հիմնական գործընկեր երկրների տնտեսություննները կրճատվում էին զգալի տեմպերով: Բացի այդ ԿԲ իրականացրած գործողությունները հիմքեր դրեցին նախկինում կուտակված տնտեսական անհաշվեկշռվածությունների վերացման և երկարաժամկետ առողջ տնտեսական աճի համար:

Տարածաշրջանային ցնցումները դեռևս ամբողջությամբ չեն հանդարտվել և  ներկայումս ԿԲ-ն անում է հնարավորը պահպանելու դժվարությամբ ձեռբերված մակրոտնտեսական կայունությունը և այն ռիսկի չենթարկելու: Այդ իսկ պատճառով ԿԲ-ն իր իրականացվող դրամավարկային քաղաքականության ներքո առավելությունը տալիս է գնանկման աստիճանական չեզոքացման սցենարին, առավել ևս, որ առկա գնանկումը կրում է մեծամասամբ ներմուծված բնույթ, ինչին գործնականում չեն արձագանքում աշխարհի բոլոր կենտրոնական բանկերը, թույլ տալով, որ ներմուծված գնանկման ցնցումը ինքնաբերաբար մարի: ԿԲ-ն գնանկման կանխատեսումները ներկայացրել է իր նախորդ գնաճի հաշվետվություններում և լավատեղյակ լինելով գնանկման ներմուծված լինելու բնույթին գտնում է, որ ներկա ցածր գնաճը և գնաճի աստիճանական վերականգնամն հետագիծը համապատասխանում է գների կայունության ԿԲ երկարաժամկետ նպատակին և, հետևաբար լավագույնս է ծառայում հասարակության շահերին մի քանի պատճառներով.

  1. Ապահովում է կայունություն և կանխատեսելիություն ներդրումների ներգրավման համար: Վերջին 7 տարիներում միայն 2015 թվականին զգալի ավելացան ներքին խնայողությունները և դադարեցին նվազել համախառն ներդրումները, որոնք հանդիսանում են երկարաժամկետ տնտեսական աճի հիմնաքարը: Այնուամենայնիվ դրանց մակարդակը դեռևս ցածր է, ինչը պայմանավորված է վերջին տարիներին կառուցվածքային բարեփոխումների դանդաղ ընթացքով, որի պայմաններում ներդրումները ամբողջությամբ ֆինանսավորվում էին վարկային միջոցների ներգրավման հաշվին, ինչն ունի զգալի զսպող ազդեցություն և չի կարող կայուն լինել երկարաժամկետ հատվածում: Այսպիսով, ներդրումների տեղի ունենալու համար կարևորագույն չափանիշը դա առկա տոկոսադրույքների համապատասխանությունն է երկրի տնտեսական իրավիճակին և ռիսկերին, որոնք վերջին շրջանում զգալիորեն ավելացել են թե՛ արտաքին, այդ թվում աշխարհաքաղաքական, և թե՛ ներքին, այդ թվում պարտքի ավելացման պատճառներով:
  2. Նպաստում է արտահանելի հատվածի զարգացման միջոցով տնտեսության մեջ կուտակված անհաշվեկշռությունների վերացմանը, որն արտահայտվում է ընթացիկ հաշվի պակասորդի կրճատման և արտաքին պարտքի կայունացման միջոցով, նույնիսկ արտերկրից ներհոսող դրամական փոխանցումների զգալի կրճատման պայմաններում: Ընդ որում տարածաշրջանի բոլոր երկրներում կրճատվել է թե ներմուծումը և թե արտահանումը, մինչդեռ Հայաստանում ներմուծման կրճատումը զուգորդվել է արտահանման գրեթե անփոփոխ մակարդակով (իրական արտահանումը զգալի աճ է գրանցել արտահանման գների կտրուկ նվազման պարագայում), ինչը Հայաստանի տնտեսությունը դրականորեն առանձնացնում է տարածաշրջանի մյուս երկրներից և ապահովում արտաքին անհաշվեկշռվածության ճշգրտումը:
  3. Նպաստում է ձեռնարկությունների մրցունակության վերականգնմանը, որը խաթարվել էր Ռուսաստանի Դաշնության ռուբլու արժեզրկման հետևանքով, քանի որ նվազում են կազմակերպությունների ծախքերը՝ ներմուծված հումքի, վառելիքի և պարենային ու ոչ պարենային ապրանքների մասով: Մինչդեռ գնաճային սցենարի իրականացման դեպքում ձեռնարկությունների վրա աշխատավարձերի աճի ճնշումները և արտարժույթով արտահայտված պարտքի բեռը ծանրանալու էին էլ ավելի ուժգին սննկացումների մեծ ալիքի և գործազրկության շեշտակի աճի հանգեցնելով, որի ռիսկերը նույնիսկ մինչև հիմա չեն չեզոքացել: Այդ ծախսերը էապես գերազանցելու էին արտահանողների ռուբլու նկատմամբ դրամի ավելի քիչ արժեզրկման ծախսերին, որը ըստ էության արդեն իսկ մեծամասամբ չեզոքացվել է ՌԴ-ում երկու տարի անընդմեջ ՀՀ նկատմամբ զգալիորեն ավելի բարձր գնաճի հետևանքով:
  4. Նպաստում է նաև սպառողների կենսամակարդակի պահպանմանը, քանի որ տրանսֆերտների կտրուկ նվազման պարագայում սպառողների եկամուտների նվազումը կլիներ շատ ավելի էական, եթե գնաճի մակարդակը ավելի բարձր լիներ: Ցածր գնաճը պահպանել է աշխատավարձերի գնողունակությունը, մինչդեռ իրական սպառումը նվազել է արտերկրից դրամական փոխանցումների կրճատման հետևանքով:
  5. Խարսխում է գնաճային սպասումները, ինչը՝ բացի մակրոտնտեսական կայունությունից, նաև հնարավորություն է տալիս փոխանցել խթանող դրամավարկային քաղաքականության ազդեցությունը իրական հատվածին և վարկավորմանը: Այսպես գնաճային բարձր սպասումների պարագայում տոկոսադրույքների կտրուկ նվազեցումը անմիջապես արտահայտվում է արժութային շուկայում փոխարժեքի արժեզրկման ճնշումների միջոցով և չի նպաստում իրական տնտեսության վարկավորմանը, ինչպես տեղի ունեցավ 2015-2016 թվականի նոյեմբեր-փետրվար ամիսներին: Մինչդեռ փետրվարից սկսված տոկոսադրույքների իջեցման ավելի աստիճանական քաղաքականությունը ազդակ է տալիս տնտեսությանը ապագա գների կայունության մասին, ինչն արտահայտվում է գնաճային սպասումների նվազման և երկարաժամկետ տոկոսադրույքների իջեցման մեջ: Միայն նման քաղաքականության շնորհիվ հնարավորություն ստեղծվեց աստիճանաբար վերականգնել վարկավորումը, որը 2016 թվականի առաջին եռամսյակի վերջից արդեն գտնվում է դրական տիրույթում:

ԿԲ-ն վստահ է, որ իրականացված դրամավարկային քաղաքականությունը լավագույնս է նպաստում հասարակության շահերին և վճռական է շարունակել իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով իր խնդիրը՝ այն է Հայաստանի Հանրապետությունում գների կայունության ապահովումը: