Գնաճի հաշվետվություն 2016/2 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 2-րդ եռամսյակ 2016թ., Դրամավարկային քաղաքականության 2016թ. 1-ին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)

Համառոտագիր

Չնայած համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերի պահպանմանը, 2015թ. Կառավարության կողմից իրականացրած խթանող հարկաբյուջետային քաղաքականության և տարվա երկրորդ կիսամյակից նաև ԿԲ կողմից դրամավարկային պայմանների զգալի թուլացման արդյունքում արդեն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում դիտվել է ՀՀ տնտեսության որոշակի աշխուժացում: Ելնելով դրանից՝ ԿԲ-ն վերանայել է 2016թ-ի տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշը դեպի վեր, իսկ կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում աճի տեմպերը կշարունակեն արագանալ՝ աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին: Առաջիկա ամիսներին կպահպանվի գնանկումային միջավայրը՝ պայմանավորված միջազգային ապրանքային շուկաներից դեռևս փոխանցվող գնանկումային ազդեցությամբ, իսկ կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կվերադառնա նպատակային ցուցանիշին:

ՌԴ-ից դրամական փոխանցումների նվազման հետևանքով տնային տնտեսությունների տնօրինվող եկամուտների զգալիորեն կրճատման ներքո շարունակվել է իրական արտահայտությամբ մասնավոր սպառման ու մասնավոր ներդրումների նվազումը (գնահատվում է համապատասխանաբար 2% և 5%), սակայն, եթե մասնավոր ներդրումները նվազել են ակնկալվածի շրջանակում, մասնավոր սպառմանն ուղղված ծախսերը սպասվածից քիչ են կրճատվել՝ պայմանավորված այդ ժամանակահատվածում դիտված առավել բարձր տնտեսական ակտիվությամբ: Դրան նպաստել են ինչպես Կառավարության և ԿԲ կողմից իրականացրած հարկաբյուջետային և դրամավարկային խթանող քաղաքականությունը, այնպես էլ տնտեսության արտահանելի հատվածում դրսևորված համեմատաբար բարձր աճը: Վերջինիս արդյունքում տարվա առաջին եռամսյակում դիտվել է ապրանքների և ծառայությունների արտահանման բավականին բարձր իրական աճ՝ գնահատվում է տ/տ 32.9%, այն դեպքում, երբ ապրանքների և ծառայությունների ներմուծման իրական նվազման գնահատումը կազմել է 7.5%՝ շարունակելով բարելավել զուտ իրական արտահանման ցուցանիշը: Նշված զարգացումների ներքո 2016թ-ի առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է տ/տ 5.6%՝ հիմնականում պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ճյուղերում արձանագրված թողարկման ծավալների աճով, որի պարագայում եռամսյակի տնտեսական աճը գնահատվում է տ/տ 4.8-5.0% միջակայքում:

ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների համաձայն 2016թ-ին արտաքին հատվածում կպահպանվեն տնտեսական աճի դանդաղ տեմպերը, իսկ միջազգային ապրանքային շուկաներում գնանկումային զարգացումները կդադարեն և աստիճանաբար ձեռք կբերվի գնային որոշակի կայունություն: Միաժամանակ, Ռուսաստանի տնտեսության նվազման տեմպերի դանդաղման և ռուսական ռուբլու փոխարժեքի արժեզրկման սպասումների չեզոքացման պարագայում տարվա ընթացքում ակնկալվում է սեզոնային աշխատողների փոխանցումների և մասնավոր տրանսֆերտների նվազման տեմպերի դանդաղում, որն իր դրական ազդեցությունը կթողնի ներքին պահանջարկի, հետևաբար և մասնավոր սպառման աստիճանական վերականգնման վրա: Մյուս կողմից, չնայած 2016թ-ին ակնկալվող պետբյուջեի մեծ պակասուրդին, տարվա ընթացքում ներքին պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը (հաշվարկված նախորդ տարվա նկատմամբ) գնահատվում է 1.5 զսպող: Այս պարագայում 2016թ-ի համար կանխատեսվում է մասնավոր սպառման շուրջ 1.0% աճ, իսկ մասնավոր ներդրումները կաճեն մոտ 2.0%-ով՝ հիմնականում ի հաշիվ տնտեսության արտահանելի հատվածում իրականացվելիք ներդրումների: Վերջինս, առաջին եռամսյակում արձանագրված բարձր աճի հետ մեկտեղ, հիմք է հանդիսացել արտահանման կանխատեսումը ավելի բարձր աճի ուղղությամբ ճշգրտելու համար: Այսպես, 2016թ-ին ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճը կանխատեսվում է 9.0-11.0% միջակայքում, այն դեպքում, երբ ապրանքների և ծառայությունների իրական ներմուծման կանխատեսումը կպահպանվի նախորդի շրջանակում՝ 6.0-8.0%-ով նվազում: Այս զարգացումների ներքո 2016թ-ի տնտեսական աճը գնահատվում է 2.7-3.6% միջակայքում:

2017թ-ից տնտեսական աճի տեմպերը կշարունակեն արագանալ՝ կրելով արտահանման ու ներդրումների խթանմանն ուղղված Կառավարության ծրագրի արդյունավետ իրագործման, արտաքին տնտեսական միջավայրի աստիճանական բարելավման և կառուցվածքային բարեփոխումների ազդեցությունը: Վերը նկարագրված զարգացումներով պայմանավորված՝ ակնկալվում է, որ տնտեսական աճը կանխատեսվող հորիզոնի վերջում կկազմի 3.0-4.5%:

Այսպիսով, կանխատեսվող հորիզոնում, մինչև 2017թ-ի սկիզբ ներքին գների վրա համախառն պահանջարկի ազդեցությունը կլինի գնանկումային, իսկ այնուհետև՝ մինչև կանխատեսվող հորիզոնի վերջ այն կվերածվի գնաճայինի:

2016թ. առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը նվազել է սպասվածից արագ տեմպերով. եռամսյակի ընթացքում արձանագրվել է 0.4% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.4% գնաճի դիմաց, որի պարագայում գնաճի 12-ամսյա ցուցանիշը մարտի վերջին կազմել է -2.0%:  Ցածր գնաճին գերազանցապես նպաստել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղմթերքների գների նվազումը և միջազգային ապրանքային շուկաներից ներքին գների վրա մասամբ փոխանցված գնանկումային ազդեցությունները: Չնայած առկա բավականին ցածր գնաճային միջավայրին և գնաճային սպասումների որոշ չափով մեղմմանը, ԿԲ-ն գնաճային սպասումները գնահատում էր դեռևս բարձր, ինչից ելնելով էլ՝ այդ ժամանակահատվածում նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն աստիճանաբար՝ ընդհանուր հաշվով 0.5 տոկոսային կետով, և մարտի վերջին այն սահմանել 8.25%: Ընդ որում, մշտապես շեշտվել է այն վերապահումը, որ գնաճային սպասումների հետագա մեղմման և գնաճային լրացուցիչ ռիսկերի բացակայության պարագայում ԿԲ-ն կշարունակի դրամավարկային պայմանների աստիճանական, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև մեծ քայլերով թուլացումը (մանրամասն ներկայացված է «III. 1.1 Փաստացի գնաճ և գնաճի նպատակի իրագործումը բաժնում):

ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների համաձայն առաջիկա ամիսներին դեռևս շարունակվում է արտաքին աշխարհի գնանկումային ազդեցության փոխանցումը ներքին գներին, որը կչեզոքանա ընթացիկ տարվա երկրորդ կեսին: Գնահատվում է նաև, որ իրականացված հետևողական դրամավարկային քաղաքականության ազդեցությամբ գնաճային սպասումները նվազում են համեմատաբար ավելի արագ տեմպերով: Միևնույն ժամանակ, քաղաքականության ազդեցության գործոնին ներկայումս ավելացել է նաև բնական գազի սակագնի սպասվող իջեցման գործոնը, որը ևս իր նպաստումը կունենա գնաճային սպասումների նվազման գործընթացին:

ԿԲ-ն գնահատում է, որ առկա ցածր գնաճային միջավայրում և գնաճային սպասումների էական մեղմման պարագայում 2016թ-ի երկրորդ եռամսյակում առավել նպատակահարմար է իրականացնել դրամավարկային պայմանների ավելի մեծ քայլով թուլացում, որը, զուգակցվելով նախորդ տարվա սկզբից իրականացված դրամավարկային պայ­մանների մեղմման հետ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու կանխատեսվող հորիզոնում գնաճի կայունացմանը նպատակային ցուցանիշի շուրջ:

Կանխատեսված ցուցանիշից գնաճի շեղման ռիսկերը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ հատվածում գնահատվում են հավասարակշռված: Ընդ որում, արտաքին և ներքին հատվածներից բխող ռիսկերը նախորդ կանխատեսումների համեմատ հիմնականում պահպանվել են: Մասնավո­րապես՝ արտաքին հատվածի ռիսկերի թվում հատկանշական են զարգացող երկրներից դեպի ԱՄՆ կապիտալի արտահոսքի և դրանից բխող զարգացող երկրների արժույթների տատանողականության աճի, Չինաստանի կառուցվածքային վերափոխման գործընթացի արդյունքում համաշխարհային տնտեսական աճի հնարավոր դանդաղման, ինչպես նաև հումքային ու պարենային ապրանքների միջազգային գների զարգացումների հետ կապված ռիսկերը: Ներքին տնտեսությունից բխող ռիսկերը հիմնականում կապված են ներքին գների վրա արտաքին աշխարհի գնանկումային ազդեցության փոխանցման չափի, բնակլիմայական պայ­մաններից կախված՝ գյուղատնտեսության ճյուղի զարգացումների, ներքին պահանջարկի վերականգնման ընթացքի, մասնավոր ներդրումների աճի վերականգնման տեմպե­րի, ինչպես նաև Կառա­վարության կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումների հետ:

Վերոնշյալ ռիսկերի դրսևորման պարագայում Կենտրո­նական բանկը կարձա­գանքի համապատասխան քաղաքականու­թյամբ՝ ապահովելով գնաճի նպատակային մակարդակը միջնաժամկետ հատվածում: