Գնաճի հաշվետվություն 2017/4 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 4-րդ եռամսյակ 2017թ., Դրամավարկային քաղաքականության 2017թ. 3-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)

Համառոտագիր

ԿԲ չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի համաձայն գնաճը կշարունակի ավելանալ՝ առաջիկա ամիսներին մտնելով տատանումների թույլատրելի միջակայք և սույն ծրագրով նախանշված դրամավարկային քաղաքականության ընթացքի ազդեցության ներքո՝ միջնաժամկետ հատվածում կկայունանա 4% նպատակային մակարդակի շուրջ:

12-ամսյա գնաճի վերականգնմանը հիմնականում նպաստելու են կարճաժամկետ հատվածում սպասվող մակրոտնտեսական միջավայրի դրական զարգացումները՝ պայմանավորված ԿԲ կողմից իրականացված խթանող դրամավարկային քաղաքականության դեռևս դրսևորվող ազդեցությամբ և արտաքին ու ՀՀ տնտեսություններում պահանջարկի վերականգնման ակնկալվող համեմատաբար բարձր տեմպերով: Տարվա ընթացքում դրամավարկային պայմանները պահպանվել են խթանող՝ ապահովելով ներքին պահանջարկի և գնաճի վերականգնումը, որը հատկապես արտահայտվել է բնականոն գնաճի վարքագծում: Այդուհանդերձ, առաջիկայում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ միջինժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման համար:

Ելնելով 2017թ-ի երրորդ եռամսյակում ևս պահպանվող բարձր տնտեսական ակտիվությունից՝ ԿԲ-ն կրկին վերանայել է 2017թ-ի տնտեսական աճի կանխատեսումը փոքր-ինչ դեպի վերև: Նույն ուղղությամբ վերանայվել է նաև համախառն պահանջարկի կանխատեսումը՝ հիմնված տարվա անցած ինն ամիսների ընթացքում արագ տեմպերով վերականգնմամբ, ինչն արտահայտվում է թե՛ բնականոն գնաճի, թե՛ ներմուծման և թե՛ ծառայությունների ծավալների բարձր աճերով: Կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:

Կարճաժամկետ հատվածում գնաճային ռիսկերը ներքևի ուղղությամբ որոշ չափով գերակշռում են՝ պայմանավորված սեզոնային գյուղմթերքների գների հնարավոր ոչ բավարար վերականգնմամբ: 2018 թվականից մինչև կանխատեսվող հորիզոնի վերջ գնաճային ռիսկերը թեքված են վերև՝ հիմնականում կապված միջազգային ապրանքային շուկաներում գնաճային միջավայրի ընդլայնման ու ներքին պահանջարկի վերականգնման արագության հետ: