Գնաճի հաշվետվություն 2017/3 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 3-րդ եռամսյակ 2017թ., Դրամավարկային քաղաքականության 2017թ. 2-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)

Համառոտագիր

ԿԲ երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի համաձայն մինչև 2017թ-ի վերջ գնաճը կշարունակի ընդլայնվել՝ ձևավորվելով տատանման թույլատրելի միջակայքում, իսկ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:  

12-ամսյա գնաճի վերականգնմանը հիմնականում նպաստելու են կարճաժամկետ հատվածում սպասվող մակրոտնտեսական միջավայրի դրական զարգացումները՝ պայմանավորված թե՛ արտաքին և թե՛ ՀՀ տնտեսություններում տարեսկզբից դիտված համեմատաբար բարձր ակտիվությամբ: Միևնույն ժամանակ գնահատվում է, որ գնաճի վրա դեռևս դիտվելու է խթանող դրամավարկային քաղաքականության ազդեցությունը: Քանի որ երկրորդ եռամսյակի փաստացի մակրոտնտեսական զարգացումներն ընթացել են հիմնականում ծրագրված բազային սցենարին համահունչ, ԿԲ-ն ներկայիս որոշմամբ դրամավարկային պայմանները թողել է անփոփոխ, որը համապատասխանում է ԿԲ խորհրդի՝ նախկինում ֆինանսական շուկային տրված ազդակներին այն մասին, որ, ակնկալվող մակրոտնտեսական զարգացումների դրսևորման պարագայում, քաղաքականության տոկոսադրույքը որոշ ժամանակ կմնա անփոփոխ: ԿԲ-ն գնահատում է, որ դրամավարկային պայմանները առաջիկա ժամանակահատվածում դեռևս կպահպանվեն խթանող, որի ներքո ՀՆԱ ճեղքը միջինժամկետ հատվածում կձևավորվի փոքր դրական՝ ապահովելով գնաճի կայունացումը նպատակային ցուցանիշի շուրջ կանխատեսվող հորիզոնում:

Ելնելով 2017թ-ի առաջին կիսամյակում արձանագրված բարձր տնտեսական ակտիվությունից՝ ԿԲ-ն վերանայել է 2017թ-ի տնտեսական աճի կանխատեսումը դեպի վերև: Կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:

Տնտեսական աճը վերականգնվում է առավելապես առաջարկի գործոններով, մասնավորապես արդյունաբերության և ծառայությունների ճյուղերում գրանցված արտադրողականության աճով պայմանավորված: Համախառն պահանջարկի վերականգնմանը նպաստում են ինչպես արտաքին պահանջարկի պահպանվող վերականգնումը, այնպես էլ ներքին պահանջարկի դրական վարքագիծը, որը, զսպող հարկաբյուջետային քաղաքականության պարագայում, ամբողջությամբ պայմանավորված է իրականացված խթանող դրամավարկային քաղաքականությամբ: Ներքին պահանջարկի կառուցվածքում աճում են նաև մասնավոր ներդրումները, ինչը ապագայում կարող է դրական նպաստում ունենալ ՀՆԱ ներուժի աճի վրա:

Տնտեսական աճը միջնաժամկետ հատվածում կձգտի իր երկարաժամկետ ներուժային մակարդակին՝ գտնվելով 4-5% միջակայքում: Միևնույն ժամանակ, տնտեսական աճի շարժիչ ուժը շարունակելու է մնալ տնտեսության արտահանելի հատվածը, որին նպաստելու է արտադրողականության աճի տեմպերի և, գործընկեր երկրների համեմատ ավելի ցածր գնաճի պայմաններում, ՀՀ մրցունակության պահպանումը:

Կանխատեսվող հորիզոնում դրամավարկային քաղաքականության ծրագրի ռիսկերը հավասարակշռված են և հիմնականում կապված են համաշխարհային ու ներքին պահանջարկի վերականգնման արագության հետ: Կարճաժամկետ հատվածում գնաճային ռիսկերը կարող են արտահայտվել նաև գյուղատնտեսական ապրանքների և միջազգային շուկաներում հումքային ապրանքների գների տատանողականության միջոցով, ինչպես նաև աշխարհաքաղաքական զարգացումների և վերջիններիս հետ կապված տնտեսական սպասումների ձևավորման հետ: Այս բոլոր ռիսկերի դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը համարժեքորեն կարձագանքի, ապահովելով միջինժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործումը: