Գնաճի հաշվետվություն 2017/2 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 2-րդ եռամսյակ 2017թ., Դրամավարկային քաղաքականության 2017թ. 1-ին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)

Համառոտագիր

2017 թվականի առաջին եռամսյակում դիտվել է կանխատեսումների համեմատ բավականին բարձր տնտեսական ակտիվություն՝ հիմնականում պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում թողարկման ծավալների աճերով: Ելնելով դրանից՝ ԿԲ-ն վերանայել է 2017թ-ի տնտեսական աճի կանխատեսումը դեպի վերև: Կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:

2017թ-ի առաջին եռամսյակում գնանկումային միջավայրը հիմնականում չեզոքացել է և 12-ամսյա գնաճը մարտի վերջին կազմել է -0.1%, իսկ ապրիլին՝ շարունակել ընդլայնվել մինչև 1.2%-ի: Մինչև տարեվերջ գնաճը կշարունակի ընդլայնվել՝ ձևավորվելով տատանման թույլատրելի միջակայքի ստորին հատվածում, իսկ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ:  

2017 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության աճը զգալիորեն գերազանցել է ԿԲ ակնկալիքները և կազմել 6.6%, որի պարագայում առաջին եռամսյակի տնտեսական աճը վերանայվել է դեպի վեր՝ 5.0-5.4% միջակայքում: 2015-2016թթ-ին ԿԲ և Կառավարության կողմից իրականացված ընդլայնողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները նպաստել են ներքին պահանջարկի վերականգնմանը, ինչին համապատասխան վերանայվել են նաև իրական արտահայտությամբ մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների գնահատվող ցուցանիշները՝ 5.0% և 3.7% (նախորդ կանխատեսումից համապատասխանաբար 3.0 և 2.0 տոկոսային կետով բարձր):

Ընդ որում հարկ է փաստել, որ ներքին պահանջարկը վերականգնվում է ավելի արագ տեմպերով: 2017թ. առաջին եռամսյակում զուտ իրական արտահանումը կանխատեսվածի համեմատ վատացել է՝ պայմանավորված ապրանքների և ծառայությունների ներմուծման բարձր իրական աճով. գնահատվում է 11.5%, այն դեպքում, երբ ապրանքների և ծառայությունների իրական արտահանումն աճել է 1.5%-ով:

2017թ. առաջին եռամսյակում գնանկումային միջավայրը գրեթե չեզոքացել է, որի պարագայում գնաճի 12-ամսյա ցուցանիշը մարտի վերջին կազմել է -0.1%, իսկ ապրիլին բարձրացել մինչև 1.2%-ի: Ելնելով նրանից, որ նախորդ կանխատեսման համեմատ որոշ ոչ պարենային ապրանքների ակնկալվող ցածր գների ձևավորման և հունվարից գազի, իսկ փետրվարից էլեկտրաէներգիայի սակագների իջեցման պարագայում ակնկալվում էր գնաճի՝ նպատակին հասնելու փոքր ինչ ավելի դանդաղ հետագիծ՝ ԿԲ-ն փետրվարին իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.0%, իսկ մարտին՝ թողել անփոփոխ, քանի որ գնաճային որոշ ռիսկեր նյութականանում էին (մանրամասն ներկայացված է «III. 1.1 Փաստացի գնաճ և գնաճի նպատակի իրագործումը» բաժնում):

ԿԲ կանխատեսումների համաձայն կանխատեսվող հորիզոնում համաշխարհային տնտեսության աճի տեմպերի և միջազգային ապրանքային շուկաների զարգացումների մասով էական փոփոխություններ չեն կանխատեսվում, միայն ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները վերանայվել են աճի ուղղությամբ՝ պայմանավորված Ռուսաստանի տնտեսության վերականգնման շարունակմամբ և ռուբլու արժևորման վերանայումներով: Այս պարագայում արտաքին հատվածից ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ:

2017 թվականի տնտեսական աճի ԿԲ գնահատումները վերանայվել են աճի ուղղությամբ՝ հիմնականում պայմանավորված առաջին եռամսյակում սպասվածի համեմատ արձանագրված շատ ավելի բարձր տնտեսական ակտիվությամբ և աճի ուղղությամբ որոշ ռիսկերի նյութականացմամբ: Արդյունքում, 2017 թվականի տնտեսական աճը կանխատեսվում է 3.3-4.8% միջակայքում, որն ավելացվել է բացառապես ներքին պահանջարկի հաշվին: Ընդ որում, վերջինիս բարձր աճը մասամբ չեզոքացնելու է արտաքին պահանջարկի նվազման (զուտ արտահանման վատացման հաշվին) ազդեցությունը:

Ներքին պահանջարկի կառուցվածքում կանխատեսվում է մասնավոր սպառման 4.3%, մասնավոր ներդրումների 6.0% աճ, ինչպես նաև ապրանքների ու ծառայությունների արտահանման և ապրանքների ու ծառայությունների ներմուծման իրական աճեր՝ համապատասխանաբար 3.0-5.0% և 4.0-6.0% միջակայքերում: Միաժամանակ, 2017թ-ին՝ նախորդ տարվա նկատմամբ համախառն պահանջարկի վրա ակնկալվում է հարկաբյուջետային քաղաքականության 3.0 տոկոսային կետ զսպող ազդեցություն (պահպանվել է նախորդ կանխատեսումը), որը կճշգրտվի՝ կախված հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ընթացքից:

Առաջարկի տեսանկյունից տնտեսական աճին կնպաստեն արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի աճերը: Միջնաժամկետ կանխատեսումները չեն վերանայվել. 2018 թվականի տնտեսական աճը կգտնվի 2.7-4.5%, իսկ 2019թ-ին՝ 3.1-5.2% միջակայքում: Այդուհանդերձ, եթե տնտեսական աճի ներկայիս բարձր տեմպերը պահպանվեն, միջնաժամկետ կանխատեսումները ևս կվերանայվեն դեպի վեր:

Այսպիսով, կանխատեսվող հորիզոնում, մինչև 2018թ-ի երկրորդ եռամսյակ ներքին գների վրա ներքին պահանջարկի գնանկումային ազդեցությունն աստիճանաբար կթուլանա, իսկ այնուհետև՝ մինչև կանխատեսվող հորիզոնի վերջ այն կվերածվի գնաճայինի, ինչը նույնն է նախորդ ծրագրի համեմատ:

ԿԲ կանխատեսումների համաձայն 2017թ-ի վերջին կանխատեսվող գնաճի ցուցանիշը նախորդ ծրագրի կանխատեսման համեմատ վերանայվել է աճի ուղղությամբ՝ պայմանավորված ինչպես սեզոնային ապրանքների գների՝ սպասվածից բարձր աճերի արձանագրմամբ, այնպես էլ համախառն պահանջարկի վերականգնման արագացող տեմպերի ներքո՝ 2017թ-ի ընթացքում ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների գների ավելի արագ վերականգնման սպասումներով: ԿԲ-ն գնահատում է, որ մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կգտնվի նպատակային ցուցանիշի տատանման թույլատրելի միջակայքի ստորին հատվածում, իսկ կանխատեսվող հորիզոնի մնացած ժամանակահատվածում աստիճանաբար կկայունանա նպատակային 4%-ի շուրջ:

Հաշվի առնելով այն գնահատումը, որ առկա դրամավարկային պայմանները շարունակում են մնալ խթանող՝ նպաստելով ամբողջական պահանջարկի վերականգնմանը եւ թիրախային մակարդակի շուրջ գնաճի կայունացմանը, ԿԲ-ն նպատակահարմար է գտնում 2017թ. երկրորդ եռամսյա­կում դրամավարկային պայմանները թողնել անփոփոխ:

Կանխատեսված ցուցանիշից գնաճի շեղման ռիսկերը, ընդհանուր առմամբ, գնահատվում են հավասարակշռված թե՛ կարճաժամկետ, թե՛ միջնաժամկետ հատվածներում:

Համաշխարհային տնտեսության աստիճանական վերականգնման և տնտեսության ներքին հատվածի վերը նկարագրված զարգացումների և անորոշությունների ներքո տնտեսության արտաքին և ներքին հատվածներից բխող ռիսկերն, ընդհանուր առմամբ, ևս գնահատվում են հավասարակշռված: Առկա ռիսկերի դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը: