​Գնաճի հաշվետվություն 2017/1 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 1-ին եռամսյակ 2017թ., Դրամավարկային քաղաքականության 2016թ. 4-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)

Համառոտագիր

2016թ. ընթացքում, ելնելով ձևավորված մակրոտնտեսական իրավիճակից և գնաճային զարգացումներից՝ ԿԲ-ն իրականացրել է ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն, որը նպատակաուղղված է եղել առկա գնանկումային միջավայրի մեղմմանը: Ընդ որում, ԿԲ-ի հետևողականությունը դրամավարկային պայմանների աստիճանական թուլացման հարցում տվել է իր դրական արդյունքները, քանի որ պահպանվող ցածր գնաճի ներքո տարվա ընթացքում էականորեն նվազել են գնաճային սպասումները, դիտվել է ներքին պահանջարկի և գնաճի որոշ չափով վերականգնում, ինչպես նաև նպաստել է եկամուտների գնողունակության պահպանմանը և արտաքին մրցունակության վերականգնմանը: 

2016թ. չորրորդ եռամսյակում պահպանվել են տնտեսական ակտիվության աճի դանդաղ տեմպերը՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ճյուղերում թողարկման ծավալների նվազմամբ: Դրանից ելնելով՝ ԿԲ-ն վերանայել է 2016թ-ի տնտեսական աճի կանխատեսումը դեպի ներքև, այդուհանդերձ, 2017 թվականի տնտեսական աճի կանխատեսումն էականորեն չի վերանայվել: 2017թ-ից մինչև կանխատեսվող հորիզոնի վերջ, համաշխարհային տնտեսության աճի տեմպերի որոշ չափով արագացման, ՀՀ տնտեսությունում ակնկալվող ներքին պահանջարկի աստիճանական վերականգնման, արտահանմանն ու ներդրումների խթանմանն ուղղված Կառավա­րության մի շարք ծրագրերի և կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրագործման ազդեցությամբ, տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:

2016թ-ի ընթացքում պահպանվող գնանկումային զարգացումները չորրորդ եռամսյակում որոշակիորեն մեղմվել են և տարեվերջին 12-ամսյա գնաճը կազմել է -1.1%: Պայմանավորված որոշ ոչ պարենային ապրանքների ակնկալվող ցածր գների ձևավորմամբ և այս տարվա փետրվարից էլեկտրաէներգիայի սակագնի իջեցմամբ, գնաճի նպատակին հասնելու հետագիծը նախորդ կանխատեսման համեմատ կլինի փոքր ինչ ավելի դանդաղ: Մինչև տարեվերջ գնանկումային միջավայրն աստիճանաբար կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:  

2016թ. չորրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը շարունակել է աճել դանդաղ տեմպերով՝ պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի թողարկման ծավալների անկմամբ և հանքարդյունաբերության ճյուղի աճի տեմպերի դանդաղմամբ: 2015-2016թթ-ին ՌԴ-ից դրամական փոխանցումների նվազումը բացասաբար է անդրադարձել ներքին պահանջարկի վրա, այդուհանդերձ, նույն ժամանակահատվածում ԿԲ և Կառավարության կողմից իրականացված ընդլայնողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները որոշակիորեն չեզոքացրել են այդ ազդեցությունը:

Այս պարագայում 2016թ-ի երկրորդ եռամսյակից ներքին պահանջարկը որոշ չափով վերականգնվել է, ինչն արտահայտվել է այդ ընթացքում մասնավոր սպառման աճի տեմպերի արագացմամբ: Արդյունքում, տարվա համար գնահատվում է իրական արտահայտությամբ մասնավոր սպառման 0.9% աճ, իսկ մասնավոր իրական ներդրումները կնվազեն 2.5%-ով: Չորրորդ եռամսյակում զուտ իրական արտահանման բարելավումը շարունակվել է. ապրանքների և ծառայությունների իրական արտահանման աճը 2016թ-ին գնահատվում է 14.0%, իսկ ապրանքների և ծառայությունների ներմուծման իրական ծավալների աճը՝ 1.5%: Նշված զարգացումների ներքո 2016թ-ի տնտեսական աճը գնահատվում է 0.3-0.5% միջակայքում:

2016թ. չորրորդ եռամսյակում արձանագրվել է 2.7% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.9%-ի դիմաց, որի պարագայում գնաճի 12-ամսյա ցուցանիշը տարեվերջին կազմել է -1.1%: Ելնելով առաջիկա ամիսներին դեռևս պահպանվող գնանկումային միջավայրից, թույլ ներքին պահանջարկից և գնաճային սպասումների շարունակաբար մեղմումից՝ ԿԲ-ն չորրորդ եռամսյակում ևս շարունակել է թուլացնել դրամավարկային պայմանները. վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է ընդհանուր հաշվով 0.5 տոկոսային կետով (տարեկան կտրվածքով՝ 2.5 տոկոսային կետ)՝ դեկտեմբերի վերջին այն սահմանելով 6.25% (մանրամասն ներկայացված է «III. 1.1 Փաստացի գնաճ և գնաճի նպատակի իրագործումը» բաժնում):

ԿԲ կանխատեսումների համաձայն 2017թ-ից համաշխարհային տնտեսության աճի տեմպերը որոշ չափով կարագանան, իսկ միջազգային ապրանքային շուկաներում՝ բացառությամբ հացահատիկի, կշարունակվեն գնաճային զարգացումները: Այնուամենայնիվ, կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

2017թ-ին տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ հիմնականում պայմանավորված ՀՀ տնտեսությունում ակնկալվող ներքին պահանջարկի աստիճանական վերականգնմամբ, արտահանմանն ու ներդրումների խթանմանն ուղղված 

Կառավա­րության մի շարք ծրագրերի արդյունավետ իրագործմամբ, արտաքին տնտեսա­կան միջավայրի շարունակվող բարելավմամբ և կառուցվածքային բարեփոխումների իրականացմամբ: Արդյունքում, 2017 թվականին ակնկալվում է 2.2-3.2% տնտեսական աճ, որը պահանջարկի տեսանկյունից կապահովվի մասնավոր սպառման 1.7%, մասնավոր ներդրումների 3.0% աճի, ինչպես նաև զուտ արտահանման հաշվին, որի կազմում ապրանքների և ծառայությունների արտահանման աճը կանխատեսվում է 5.0-7.0% միջակայքում, իսկ ապրանքների և ծառայությունների ներմուծման աճը՝ 0-2.0% միջակայքում: Միաժամանակ, տարվա ընթացքում՝ նախորդ տարվա նկատմամբ համախառն պահանջարկի վրա ակնկալվում է հարկաբյուջետային քաղաքականության 3.0 զսպող ազդեցություն: Առաջարկի տեսանկյունից տնտեսական աճին կնպաստեն արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի աճերը:

Կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճի տեմպերը կշարունակեն արագանալ՝ գտնվելով 3.2-4.4% միջակայքում: Այսպիսով, կանխատեսվող հորիզոնում, մինչև 2018թ-ի սկիզբ ներքին գների վրա ներքին պահանջարկի գնանկումային ազդեցությունն աստիճանաբար կթուլանա, իսկ այնուհետև՝ մինչև կանխատեսվող հորիզոնի վերջ այն կվերածվի գնաճայինի:

ԿԲ կանխատեսումների համաձայն գնաճի նպատակին հասնելու հետագիծը նախորդ կանխատեսման համեմատ կլինի փոքր ինչ ավելի դանդաղ՝ պայմանավորված որոշ ոչ պարենային ապրանքների ցածր գների ձևավորմամբ և փետրվարին էլեկտրաէներգիայի սակագնի իջեցմամբ: Այնուհետև՝ մինչև տարեվերջ գնանկումային միջավայրն աստիճանաբար կչեզոքանա և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:

Հաշվի առնելով նշված գործոնները և նախորդ տարվա համեմատ 2017թ-ին նախատեսվող զսպողական հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ԿԲ-ն դեռևս նպատակահարմար և հնարավոր է գտնում 2017թ. առաջին եռամսյա­կում դրամավարկային պայմանների թուլացումը:

ԿԲ-ն գնահատում է նաև, որ մինչ օրս իրականացված դրամավարկային քաղաքականությունը ստեղծել է բավարար խթաններ՝ 2017թ-ին գնանկումային միջավայրի չեզոքացման և կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման համար, մինչդեռ ավանդական դրամավարկային քաղաքականության ապագա հնարավորությունները մնում են սահմանափակ:

Կանխատեսված ցուցանիշից գնաճի շեղման ռիսկերը ընդհանուր առմամբ գնահատվում են նվազման ուղղությամբ թե՛ կարճաժամկետ, և թե՛ միջնաժամկետ հատվածում: Ընդ որում, արտաքին հատվածից բխող ռիսկերը նախորդ կանխատեսման համեմատ էականորեն չեն փոխվել և փոքր-ինչ գնաճային են՝ հիմնականում պայմանավորված զարգացող երկրներից կապիտալի արտահոսքի և դրանից բխող ֆինանսական շուկաների տատանողականության, ինչպես նաև հումքային ու պարենային ապրանքների միջազգային գների զարգացումների հետ կապված ռիսկերով:

Ներքին տնտեսությունից բխող ռիսկերը գնահատվում են գնանկումային՝ կապված ներքին գների վրա արտաքին ապրանքային շուկաներում գների փոփոխությունների ազդեցության փոխանցման չափի, ներքին պահանջարկի վերականգնման ընթացքի, մասնավոր ներդրումների աճի վերականգնման տեմպե­րի, ինչպես նաև Կառա­վարության կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումների հետ: Միևնույն ժամանակ, բնակլիմայական պայ­մաններից կախված` առկա են գյուղատնտեսության ճյուղի զարգացումների երկկողմանի ռիսկեր:

Վերոնշյալ ռիսկերի դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը: