Գնաճի հաշվետվություն 2018/4 (Դրամավարկային քաղաքականության 2018թ. 4-րդ եռամսյակի ծրագիր, Դրամավարկային քաղաքականության 2018թ. 3-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)
Համառոտագիր
2018թ. չորրորդ եռամսյակում ինչպես ընդհանուր, այնպես էլ բնականոն գնաճը որոշակիորեն դանդաղում են: Կենտրոնական բանկի կողմից իրականացվող խթանող դրամավարկային քաղաքականության և սպասվող տնտեսական զարգացումների ներքո 12-ամսյա գնաճը կցուցաբերի կայուն վարքագիծ՝ պահպանվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանի շրջակայքում և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
Երրորդ եռամսյակի ընթացքում շարունակել է պահպանվել ցածր գնաճային միջավայր և 12-ամսյա գնաճը հիմնականում տատանվել է թույլատրելի միջակայքի ստորին հատվածում: Չնայած որոշ ապրանքների շուկաներում առկա առաջարկի շոկերի գնաճային ազդեցություններին, դիտվել է նաև բնականոն գնաճի և կարճաժամկետ գնաճային սպասումների նվազում՝ առավելապես պայմանավորված սպասվածից թույլ պահանջարկի զարգացումներով: Ստեղծված մակրոտնտեսական իրավիճակում և ցածր գնաճային միջավայրում քաղաքականության տոկոսադրույքի ներկա մակարդակը գնահատվում է բավականաչափ խթանող, ուստի ԿԲ-ն այն թողել է անփոփոխ՝ պահպանելով խթանող պայմանները։ Միևնույն ժամանակ, սպասվող զարգացումների ներքո խթանող դրամավարկային պայմանների չեզոքացումը տեղի կունենա առավել դանդաղ տեմպերով՝ տնտեսության վերականգնման տեմպերին առավել կայուն ազդակներ հաղորդելու նպատակով:
2018 թվականի առաջին կիսամյակի բարձր տնտեսական ակտիվության համեմատ երրորդ եռամսյակում դրա աճի տեմպերը որոշ չափով դանդաղել են՝ պայմանավորված ինչպես առաջարկի, այնպես էլ ներքին թույլ պահանջարկի գործոններով: Գնահատվում է, որ կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճը կվերականգնվի՝ մոտենալով իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:
Բազային սցենարի համաձայն, միջնաժամկետ հատվածում տնտեսական աճի զարգացումները մեծապես կպայմանավորվեն տնտեսության հիմնարարներով, ներդրումային ակտիվությամբ և արտադրական հզորությունների ընդլայնմամբ, ինչպես նաև Կառավարության կողմից ձեռնարկվող կառուցվածքային բարեփոխումների ընթացքով և գործընկեր երկրներում ակնկալվող տնտեսական աճի ներուժային մակարդակներով:
Գնաճի և տնտեսական աճի կանխատեսումներից շեղման ռիսկերը թե՛ կարճաժամկետ և թե՛ միջնաժամկետ հատվածում երկկողմանի են, սակայն հաշվեկշիռը բացասական է, այսինքն՝ գերակշռում են դեպի ներքև շեղման ռիսկերը (մանրամասն ներկայացված է փաստաթղթի «2.2.4 Հիմնական դատողություններ և ռիսկեր» ենթաբաժնում): Կենտրոնական բանկը ուշադրությամբ հետևում է մակրոտնտեսական զարգացումներին և կանխատեսվող սցենարից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում համարժեքորեն կարձագանքի՝ ապահովելով գների կայունությունը: