Գնաճի հաշվետվություն 2018/3 (Դրամավարկային քաղաքականության 2018 թ. 3-րդ եռամսյակի ծրագիր, Դրամավարկային քաղաքականության 2018 թ. 2-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)
Համառոտագիր
2018թ. երկրորդ եռամսյակում, սեզոնային ապրանքների գնանկմամբ պայմանավորված, գնաճը որոշակիորեն դանդաղել է: Իրականացվող դրամավարկային քաղաքականության ներքո ակնկալվում է, որ 2018 թվականի երկրորդ կիսամյակում 12-ամսյա գնաճը կավելանա՝ պահպանվելով տատանումների թույլատրելի միջակայքում և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
12-ամսյա գնաճի նպատակի իրագործմանը հիմնականում նպաստելու են կարճաժամկետ հատվածում շարունակվող մակրոտնտեսական դրական միտումները՝ պայմանավորված պահպանվող դրամավարկային խթանող քաղաքականության և համեմատաբար բարձր տնտեսական ակտիվության ազդեցությամբ, չնայած ներքին պահանջարկը և արտաքին հատվածում ձևավորված գնաճային միջավայրը որոշ չափով թուլանում են: Տարվա անցած ժամանակահատվածում պահպանվել է ցածր գնաճային միջավայր և 12-ամսյա գնաճը հիմնականում տատանվել է թույլատրելի միջակայքի ստորին հատվածում, ինչպես նաև դիտվել է բնականոն գնաճի և կարճաժամկետ գնաճային սպասումների նվազում՝ մի շարք ապրանքների շուկաներում արձանագրված առաջարկի փոփոխության ազդեցությամբ: Գնահատվում է, որ, գնաճի վերականգնմանը զուգահեռ, գնաճային սպասումները նույնպես կավելանան և կկայունանան նպատակային մակարդակի շուրջ: Ելնելով մակրոտնտեսական փաստացի և կանխատեսվող զարգացումներից, մասնավորապես ներքին պահանջարկի կայուն աճի ամրապնդման անհրաժեշտությունից՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ երրորդ եռամսյակում ևս պահպանելով դրամավարկային քաղաքականության խթանող ուղղվածությունը։
ԿԲ-ն նաև գնահատում է, որ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, առաջիկայում անհրաժեշտ կլինի պահպանել դրամավարկային խթանող միջավայրը՝ միջնաժամկետ հատվածում դրա աստիճանական չեզոքացման նկատառումով:
2018 թվականի առաջին կիսամյակում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն՝ պայմանավորված հիմնականում մասնավոր հատվածի ներդրումների բարձր աճով: Գնահատվում է, որ կարճաժամկետ հատվածում այդ միտումները կպահպանվեն, ինչի հիման վրա էլ ԿԲ-ն ճշգրտել է տնտեսական աճի տարվա կանխատեսումը՝ բարձր մակարդակի ուղղությամբ, իսկ միջնաժամկետում այն կմոտենա իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:
Բազային սցենարի համաձայն, միջնաժամկետ հատվածում տնտեսական աճի զարգացումները մեծապես կպայմանավորվեն տնտեսության հիմնարարներով, 2017-2018թթ. դիտվող ներդրումային ակտիվությամբ և արտադրական հզորությունների ընդլայնմամբ, ինչպես նաև Կառավարության կողմից ձեռնարկվող կառուցվածքային բարեփոխումների ընթացքով և գործընկեր երկրներում ակնկալվող տնտեսական աճի ներուժային մակարդակներով: