Գնաճի հաշվետվություն 2018/2 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 2-րդ եռամսյակ 2018թ. Դրամավարկային քաղաքականության 2018թ. 1-ին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)

Համառոտագիր 

Ընթացիկ եռամսյակում սեզոնային ապրանքների գնանկմամբ պայմանավորված գնաճը որոշակիորեն դանդաղել է: Այդուհանդերձ, ներկա դրամավարկային քաղաքականության պայմաններում, 2018 թվականի ընթացքում այն կշարունակի ավելանալ՝ պահպանվելով տատանումների թույլատրելի միջակայքում և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ:

12-ամսյա գնաճի նպատակի իրագործմանը հիմնականում նպաստելու են կարճաժամկետ հատվածում սպասվող մակրոտնտեսական միջավայրի դրական զարգացումները՝ պայմանավորված պահպանվող դրամավարկային խթանող քաղաքականությամբ և արտաքին տնտեսությունում պահանջարկի շարունակական վերականգնմամբ: 2018թ-ի անցած ժամանակահատվածի փաստացի զարգացումների համաձայն 12-ամսյա գնաճը առաջին եռամսյակում շարունակել է ավելանալ, սակայն երկրորդ եռամսյակում դիտվել է նվազում՝ պայմանավորված սեզոնային գյուղատնտեսական ապրանքների գների անկմամբ: Գնահատվում է, որ դա սեզոնայնության տեղաշարժի հետևանք է և կվերականգնվի առաջիկա եռամսյակների ընթացքում։ Ելնելով ներքին պահանջարկի վերականգնման ամրապնդման անհրաժեշտությունից, ինչպես նաև գնահատելով, որ հասարակության կարճաժամկետ գնաճային սպասումներն ընդհանուր առմամբ կայունացել են և ներկա պայմաններում լրացուցիչ գնաճային զարգացումներ չեն ակնկալվում, ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պահպանելով դրամավարկային քաղաքականության խթանող ուղղվածությունը։

Այդուհանդերձ, մակրոտնտեսական նախանշված զարգացումների ներքո և գնաճի նպատակի իրագործման համար, միջնաժամկետ հատվածում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում:

2018 թվականի առաջին եռամսյակում դեռևս պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, ինչը աստիճանաբար կչեզոքանա երկրորդ եռամսյակից՝ մոտենալով իր ներուժային մակարդակին:Բազային սցենարի համաձայն, միջնաժամկետ հատվածում տնտեսական աճի զարգացումները մեծապես որոշվել են տնտեսության հիմնարարներով, ինչպես նաև ներդրումային ծրագրերի իրականացմամբ, Կառավարության կողմից ձեռնարկվող կառուցվածքային բարեփոխումների ընթացքով և գործընկեր երկրներում ակնկալվող տնտեսական աճի ներուժային մակարդակներով: Նշենք, որ տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները երկրորդ եռամսյակի ընթացքում հանգեցրել են ներքին պահանջարկի և տնտեսական ակտիվության աճի տեմպերի շատ կարճաժամկետ դանդաղման  և միջնաժամկետ հատվածում դրանք մակրոտնտեսական զարգացումների վրա ազդեցություն չեն ունենա:    

Կարճաժամկետ հատվածում գնաճի և տնտեսական աճի կանխատեսումների ռիսկերը հիմնականում երկկողմանի են՝ պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի  հնարավոր զարգացումներով:Միջնաժամկետ հատվածում գնաճի և տնտեսական աճի ռիսկերը ներկայումս գնահատվում են հավասարակշռված, որի պարագայում 12-ամսյա գնաճը գտնվում է տատանումների թույլատրելի միջակայքում:Նշված ռիսկերի դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը համարժեքորեն կարձագանքի՝ ճշգրտելով դրամավարկային պայմանները: