Գնաճի հաշվետվություն 2018/1 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 1-ին եռամսյակ 2018թ. Դրամավարկային քաղաքականության 2017թ. 4-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)
Համառոտագիր
ԿԲ 2018 թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի համաձայն՝ գնաճն առաջիկա ամիսներին փոքր-ինչ կավելանա՝ տատանվելով թույլատրելի միջակայքում, իսկ միջնաժամկետ հատվածում կկայունանա 4% նպատակային մակարդակի շուրջ:
12-ամսյա գնաճի նպատակի իրագործմանը հիմնականում նպաստելու են կարճաժամկետ հատվածում մակրոտնտեսական միջավայրում սպասվող դրական զարգացումները՝ պայմանավորված ԿԲ կողմից իրականացված խթանող դրամավարկային քաղաքականության դեռևս դրսևորվող ազդեցությամբ և արտաքին ու ՀՀ տնտեսություններում պահանջարկի վերականգնման ակնկալվող համեմատաբար բարձր տեմպերով: 2017 թ. ընթացքում ԿԲ-ն իրականացրել է խթանող դրամավարկային քաղաքականություն՝ նպատակաուղղված ներքին պահանջարկի և գնաճի վերականգնմանը, ինչը, ներքին պահանջարկի վերականգնման կայունության ամրապնդման նպատակով, կպահպանվի նաև 2018 թ. առաջին եռամսյակում:
Այսինքն՝ 2017 թ. չորրորդ եռամսյակում ԿԲ-ն գնահատում էր, որ հասարակության կարճաժամկետ գնաճային սպասումները 2018 թ. սկզբին որոշակիորեն կմեղմվեն, քանի որ պայմանավորված են հիմնականում առաջարկի գործոններով: Ինչպես և սպասվում էր, 2018 թ. առաջին եռամսյակում լրացուցիչ գնաճային սպասումները մեղմվել են, ուստի քաղաքականության ավելի արագ արձագանքման անհրաժեշտություն դեռևս չկա: Այդուհանդերձ, մակրոտնտեսական նախանշված զարգացումների ներքո և գնաճի նպատակի իրագործման համար միջնաժամկետ հատվածում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում:
Ելնելով 2017 թվականի չորրորդ եռամսյակում շարունակվող բարձր տնտեսական ակտիվությունից՝ ԿԲ-ն, նախկին կանխատեսման համեմատ, գնահատում է 2017 թվականի տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշ: Նախորդ կանխատեսման համեմատ ակնկալվում է նաև համախառն պահանջարկի ավելի բարձր մակարդակ, ինչը հիմնավորվում է թե՛ բնականոն գնաճի և թե՛ ներմուծման բարձր աճով: Ակնկալվում է, որ կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճի արագացումը պայմանավորող ժամանակավոր գործոնները աստիճանաբար կվերանան և այն կգտնվի իր ներուժային մակարդակի շուրջ:
Կարճաժամկետ հատվածում գնաճի և տնտեսական աճի կանխատեսումների ռիսկերը հիմնականում երկկողմանի են՝ պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի հնարավոր զարգացումներով:
Միջնաժամկետ հատվածում գնաճի և տնտեսական աճի ռիսկերը հիմնականում վերևի ուղղությամբ են: Դրանք պայմանավորված կլինեն արտաքին պահանջարկի ավելի արագ վերականգնմամբ, հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում գների՝ նախորդ կանխատեսումների համեմատ արագ աճով և ներքին պահանջարկի, հատկապես սպառման աճի, առավել երկարատև բնույթով: