Գնաճի հաշվետվություն 2019/4 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 4-րդ եռամսյակ 2019թ. Դրամավարկային քաղաքականության 2019թ. 3-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)

Համառոտագիր

2019թ-ի չորրորդ եռամսյակում պահպանվում է ցածր գնաճային միջավայր, ինչի ներքո Կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն:

Իրականացվող դրամավարկային քաղաքականության և սպասվող տնտեսական զարգացումների ներքո 12-ամսյա գնաճն առաջիկայում դեռևս կպահպանվի ցածր մակարդակում՝ 2019թ-ի վերջին 12-ամսյա գնաճը կգտնվի 0.8-1.2% միջակայքում: Միևնույն ժամանակ Կենտրոնական բանկը ձևավորված մակրոմիջավայրում նախապատվությունը տալիս է գնաճի աստիճանական վերականգնմանը՝ գնահատելով, որ ցածր գնաճը ներկայումս նպաստում է երկարաժամկետ գնաճային սպասումների խարսխմանը և եկամուտների գնողունակության պահպանմանը: Արդյունքում, միջնաժամկետ հատվածում գնաճն աստիճանաբար կվերականգնվի՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

Գնաճի կանխատեսված հետագիծն ապահովելու տեսանկյունից քաղաքականության տոկոսադրույքի ներկա մակարդակը ԿԲ կողմից գնահատվում է բավարար խթանող, ուստի ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ: Կանխատեսվում է, որ բազային սցենարով մակրոտնտեսական զարգացումների պարագայում անհրաժեշտ կլինի դեռևս պահպանել խթանող դիրքը՝ միջնաժամկետ հատվածում գնաճն աստիճանաբար վերադարձնելով նպատակային ցուցանիշին:

Միևնույն ժամանակ, ցածր գնաճի ձևավորման վրա զգալի ազդեցություն են ունենում նաև այնպիսի առաջարկի գործոններ, ինչպիսիք են ապրանքային շուկաների մրցակցության շարունակական աճը (պայմանավորված ԵԱՏՄ ընդհանուր շուկայի անդամակցությամբ և կառուցվածքային բարեփոխումներով), ինչպես նաև  պահանջարկի որոշակի տեղաշարժը կարճաժամկետ սպառման ապրանքներից դեպի երկարաժամկետ սպառման ապրանքներ, որի ներքո ոչ արտահանելի հատվածում գրանցվում է ռեսուրսների օգտագործման արդյունավետության աճ:

ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների համաձայն 2019թ. տնտեսական աճը կգտնվի 7.0-7.3% միջակայքում, իսկ միջնաժամկետում այն կմոտենա իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:

2019թ-ի տնտեսական աճին հիմնականում նպաստել է մասնավոր սպառումը: Միջնաժամկետում տնտեսական աճը հիմնականում կպայմանավորվի տնտեսության արտադրական հզորությունների ընդլայնմամբ, Կառավարության կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումների ընթացքով և ՀՀ հիմնական գործընկեր երկրներում ակնկալվող տնտեսական աճի ներուժային մակարդակներով:

Կանխատեսվող հորիզոնում գնաճի կանխատեսումից շեղման ռիսկերը, ընդհանուր առմամբ, հավասարակշռված են, իսկ տնտեսական աճի մասով փոքր-ինչ գերակշռում են վերևի ուղղությամբ շեղման ռիսկերը (մանրամասն ներկայացված է փաստաթղթի «2. 2. 4 Հիմնական դատողություններ և ռիսկեր» ենթաբաժնում): Մակրոտնտեսական զարգացումներին և առկա ռիսկերի դրսևորմանը համահունչ, ըստ անհրաժեշտության, ԿԲ-ն կճշգրտի դրամավարկային պայմանները՝ իրագործելով գների կայունության ապահովման նպատակը: