Գնաճի հաշվետվություն 2019/3 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 3-րդ եռամսյակ 2019թ. Դրամավարկային քաղաքականության 2019թ. 2-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)

Համառոտագիր

2019թ. երրորդ եռամսյակում, որոշ արտաքին և ներքին գործոնների ազդեցությամբ, արձանագրվել է թույլ գնաճային միջավայր, ինչի պարագայում ԿԲ-ն շարունակել է վարել խթանող դրամավարկային քաղաքականություն: Ընդ որում, ՀՀ ԿԲ-ն գնահատում է, որ ներկայումս ցածր գնաճը նպաստում է երկարաժամկետ գնաճային սպասումների խարսխմանը և եկամուտների գնողունակության պահպանմանը, ուստի շարունակում է նախապատվությունը տալ գնաճի աստիճանական վերականգնմանն ուղղված քաղաքականությանը: Արդյունքում, գնաճն առաջիկա ամիսներին դեռևս կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ միջնաժամկետ հատվածում կայունանալով դրա շուրջ:

Համաձայն 2019թ-ի երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի, կարճաժամկետում ցածր գնաճը պայմանավորող հիմնական գործոնը մնում է թույլ համախառն պահանջարկը, որն իր հերթին կրում է  արտաքին աշխարհում աստիճանաբար թուլացող գնաճային միջավայրի և  Կառավարության կողմից իրականացվող զսպողական հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը: Չնայած մինչև տարեվերջ սպասվում է համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցության թուլացում, սակայն տարվա կտրվածքով այն դեռևս կմնա զսպող: Միաժամանակ, արտաքին հատվածում առևտրային պատերազմների անորոշությունների ավելացման պայմաններում միջազգային ապրանքահումքային հիմնական շուկաներում դիտվում են որոշակի գնանկումային դրսևորումներ: Գնաճի կանխատեսված հետագիծն ապահովելու տեսանկյունից ԿԲ խորհուրդն անհրաժեշտ է համարում ավելացնել դրամավարկային քաղաքականության խթանման չափը և կանխատեսում, որ, նախանշված մակրոտնտեսական զարգացումների ներքո, միջնաժամկետ հատվածում ևս կպահպանի դրամավարկային քաղաքաականության խթանող դիրքը:

2019թ. երրորդ եռամսյակում ևս պահպանվում է բարձր տնտեսական ակտիվություն։ Գնահատվում է, որ կարճաժամկետ հատվածում այդ միտումները կպահպանվեն, ինչի ներքո 2019թ-ի տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է դեպի վերև՝ միջին հաշվով 6.9%, իսկ միջնաժամկետում այն կմոտենա իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:

Բազային սցենարի համաձայն, 2019թ-ի տնտեսական աճին հիմնականում  նպաստելու  են ծառայությունների ոլորտի և մասամբ՝ արդյունաբերության ճյուղի աճերը, ինչն ուղեկցվելու է մասնավոր սպառման, վերոնշյալ գործոններով պայմանավորված, բարձր աճի պահպանմամբ: Միջնաժամկետում տնտեսական աճը հիմնականում կպայմանավորվի տնտեսության արտադրական հզորությունների ընդլայնմամբ, Կառավարության կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումների ընթացքով և գործընկեր երկրներում ակնկալվող տնտեսական աճի ներուժային մակարդակներով:

Կանխատեսվող հորիզոնում գերակշռում են գնաճի կանխատեսումից ներքևի ուղղությամբ, իսկ տնտեսական աճի կանխատեսումից փոքր ինչ վերևի ուղղությամբ շեղման ռիսկերը (մանրամասն ներկայացված է փաստաթղթի «2. 2. 4 Հիմնական դատողություններ և ռիսկեր» ենթաբաժնում): Մակրոտնտեսական զարգացումներին և առկա ռիսկերի դրսևորմանը համահունչ, ըստ անհրաժեշտության, ԿԲ-ն կճշգրտի դրամավարկային պայմանները՝ իրագործելով գների կայունության ապահովման նպատակը: