​Գնաճի հաշվետվություն 2019/2 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 2-րդ եռամսյակ 2019թ. Դրամավարկային քաղաքականության 2019թ. 1-ին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)

Համառոտագիր

Ցածր գնաճային միջավայրը պահպանվել է նաև 2019թ. երկրորդ եռամսյակում, ինչի պարագայում ԿԲ-ն շարունակել է իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն: Արդյունքում, համախառն պահանջարկի վերականգնմանը զուգընթաց, գնաճը միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Համաձայն 2019թ-ի երկրորդ եռամսյակում արված կանխատեսումների, 12-ամսյա գնաճն առաջիկա տարում կտատանվի թույլատրելի միջակայքի ներքևի սահմանի շրջանում: ԿԲ-ն գնահատում է, որ ներկայումս ցածր գնաճը նպաստում է երկարաժամկետ գնաճային սպասումների խարսխմանը և եկամուտների գնողունակության պահպանմանը, ուստի շարունակում է նախապատվությունը տալ գնաճի աստիճանական վերականգնմանն ուղղված քաղաքականությանը:

Կարճաժամկետում ցածր գնաճը պայմանավորող հիմնական գործոնը մնում է ձևավորված թույլ համախառն պահանջարկը, որն իր հերթին կրել է Կառավարության կողմից իրականացվող զսպողական հարկաբյուջետային քաղաքականության և արտաքին աշխարհում պահպանվող ցածր գնաճային միջավայրի ազդեցությունը: Ճիշտ է, սպասվում է, որ 2019թ-ի երկրորդ կեսին հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի վրա կունենա զգալի խթանող ազդեցություն, սակայն դա միայն կչեզոքացնի առաջին կիսամյակում թողած զսպող ազդեցությունը՝ տարվա կտրվածքով դառնալով չեզոք: Ստեղծված մակրոտնտեսական իրավիճակում և ցածր գնաճային միջավայրում քաղաքականության տոկոսադրույքի ներկա մակարդակը գնահատվում է ՀՆԱ բացասական ճեղքին համարժեք բավարար խթանող, ուստի ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում ներկայումս վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ: Կանխատեսվում է նաև, որ, նախանշված մակրոտնտեսական զարգացումների ներքո, միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման համար ԿԲ-ն կպահպանի խթանող պայմաններն անհրաժեշտ երկար ժամանակահատվածում:

2019թ. առաջին եռամսյակում դիտված բարձր տնտեսական ակտիվության պարագայում տնտեսական աճը գերազանցել է սպասված ցուցանիշը՝ կազմելով 7.1%, որին շարունակում է գերակշռող նպաստում ունենալ մասնավոր սպառման բարձր աճը: Գնահատվում է, որ կարճաժամկետ հատվածում այդ միտումները կպահպանվեն, ինչի ներքո 2019թ-ի տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է դեպի վերև՝ գտնվելով 5.9-7.4% միջակայքում, իսկ միջնաժամկետում այն կմոտենա իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:

2019թ-ի տնտեսական աճին հիմնականում  նպաստելու  են ծառայությունների ոլորտի և մասամբ՝ արդյունաբերության ճյուղի աճերը, ինչն ուղեկցվելու է մասնավոր սպառման բարձր աճի պահպանմամբ: Միջնաժամկետում տնտեսական աճը հիմնականում կպայմանավորվի տնտեսության արտադրական հզորությունների ընդլայնմամբ, Կառավարության կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումների ընթացքով և գործընկեր երկրներում ակնկալվող տնտեսական աճի ներուժային մակարդակներով:

Կանխատեսվող հորիզոնում գերակշռում են գնաճի կանխատեսումից ներքևի ուղղությամբ, իսկ տնտեսական աճի կանխատեսումից փոքր ինչ վերևի ուղղությամբ շեղման ռիսկերը՝ պայմանավորված թե՛ արտաքին և թե՛ ներքին գործոններով (մանրամասն ներկայացված է փաստաթղթի «2. 2. 4 Հիմնական դատողություններ և ռիսկեր» ենթաբաժնում): Մակրոտնտեսական զարգացումներին և առկա ռիսկերի դրսևորմանը համահունչ, ըստ անհրաժեշտության, ԿԲ-ն կճշգրտի դրամավարկային պայմանները՝ իրագործելով գների կայունության ապահովման նպատակը: