​Գնաճի հաշվետվություն 2019/1 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 1-ին եռամսյակ 2019թ. Դրամավարկային քաղաքականության 2018թ. 4-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)

Համառոտագիր

2018թ-ին ձևավորված ցածր գնաճային միջավայրը պահպանվեց նաև 2019թ-ի սկզբին, ինչի պարագայում ընթացիկ 12-ամսյա գնաճը գտնվել է նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ փետրվարին կազմելով 1.9%: Նման իրավիճակում ԿԲ-ն նախապատվությունը տալիս է գնաճի աստիճանական վերականգնմանը՝ գնահատելով, որ ցածր գնաճը ներկայումս նպաստում է երկարաժամկետ գնաճային սպասումների խարսխմանը և եկամուտների գնողունակության պահպանմանը: Կենտրոնական բանկի կողմից իրականացվելիք խթանող դրամավարկային քաղաքականության և սպասվող տնտեսական զարգացումների ներքո 12-ամսյա գնաճն առաջիկայում դեռևս կպահպանվի ցածր մակարդակում՝ հետագայում, պահանջարկի վերականգնմանը զուգընթաց, կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Գնաճի կանխատեսված հետագիծն ապահովելու տեսանկյունից քաղաքականության տոկոսադրույքի ներկա մակարդակը գնահատվում է ՀՆԱ բացասական ճեղքին համարժեք բավարար խթանող, ուստի ԿԲ-ն նպատակահարմար է գտնում ներկայումս վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ, իսկ միջնաժամկետում գնաճի նպատակի իրագործման համար ԿԲ-ն կպահպանի խթանող պայմանները  անհրաժեշտ երկար ժամանակահատվածում, եթե մակրոտնտեսական զարգացումներն ընթանան կանխատեսվող բազային սցենարով։         

Համաձայն ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների, 2019թ-ի տնտեսական աճը կգտնվի 4.6-6.1% միջակայքում, իսկ միջնաժամկետում այն կմոտենա իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:

Բազային սցենարի համաձայն, 2019թ-ի տնտեսական աճին հիմնականում  նպաստելու է մասնավոր սպառումը: Միջնաժամկետում տնտեսական աճը հիմնականում կպայմանավորվի տնտեսության արտադրական հզորությունների ընդլայնմամբ, Կառավարության կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումների ընթացքով և գործընկեր երկրներում ակնկալվող տնտեսական աճի ներուժային մակարդակներով:

Կանխատեսվող հորիզոնում այսօր դեռևս գերակշռում են գնաճի և տնտեսական աճի կանխատեսումներից ներքևի ուղղությամբ շեղման ռիսկերը՝ պայմանավորված թե՛ արտաքին և թե՛ ներքին գործոններով (մանրամասն ներկայացված է փաստաթղթի «2. 2. 4 Հիմնական դատողություններ և ռիսկեր» ենթաբաժնում): Դրանց դրսևորման դեպքում անհրաժեշտ կլինի դրամավարկային քաղաքականության համապատասխան արձագանք՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության ապահովման համար։