Գնաճի հաշվետվություն 2020/4 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 4-րդ եռամսյակ 2020թ. Դրամավարկային քաղաքականության 2020թ. 3-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)
Համառոտագիր
2020 թ. չորրորդ եռամսյակում ՀՀ մակրոտնտեսական միջավայրը ձևավորվել է Հայաստանում և ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի տարածման և սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ հարձակմամբ պայմանավորված՝ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ազդեցությամբ: Գնահատվում է, որ նշված գործոնները մեծացրել են տնտեսական հեռանկարի հետ կապված անորոշությունները, որոնք զգալիորեն կզսպեն և կհետաձգեն թե՛ արտաքին աշխարհում, թե՛ ՀՀ-ում տնտեսական ակտիվության և համախառն պահանջարկի վերականգնումը: Միաժամանակ, 2021 թ. սկզբից տարբեր երկրներում կորոնավիրուսի պատվաստանյութերի կիրառման վերաբերյալ դրական սպասումների ներքո ապրանքահումքային միջազգային շուկաներում նկատվում է գների աճ, որը ստեղծում է որոշակի գնաճային ճնշումներ ներքին գների վրա:
ՀՀ ԿԲ բազային սցենարի համաձայն՝ առաջիկա եռամսյակներում գնաճը կշարունակի ավելանալ, սակայն գնաճային միջավայրը կձևավորվի նպատակային ցուցանիշից ցածր, ինչի ներքո Կենտրոնական բանկը կշարունակի պահպանել դրամավարկային քաղաքականության խթանող դիրքը` նախանշելով դրա աստիճանական չեզոքացում:
Իրականացվող դրամավարկային քաղաքականության և սպասվող տնտեսական զարգացումների ներքո 12-ամսյա գնաճն առաջիկայում կմոտենա և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4.0% ցուցանիշի շուրջ: Դա կպայմանավորվի առկա մեծ անորոշությունների հետևանքով դեռևս պահպանվող թույլ մասնավոր պահանջարկին զուգահեռ արտաքին գնաճային միտումներով, արժութային շուկայում դրամի որոշակի արժեզրկմամբ և գնաճային սպասումների ավելացմամբ, ինչպես նաև իրականացվող խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների ազդեցությամբ: Հաշվի առնելով արտաքին հատվածից սպասվող գնաճային ազդեցությունների և արժութային փոխարժեքի փաստացի արժեզրկման ֆոնին կանխատեսվող գնաճի որոշ չափով արագացումը և երկրի ռիսկի հավելավճարի աճը՝ ԿԲ-ն որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ դեռևս պահպանելով դրամավարկային քաղաքականության խթանող դիրքը: Գնահատվում էր նաև, որ տնտեսական սպասվող զարգացումների պարագայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար կրճատել դրամավարկային խթանող դիրքը՝ միջնաժամկետ հատվածում գնաճի կայունացումը նպատակային ցուցանիշի շուրջ ապահովելու համար։
ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների բազային սցենարի համաձայն՝ չորրորդ եռամսյակում համավարակի նոր ալիքի տարածման, հաստատված ռազմական դրության և ստեղծված իրավիճակում տնտեսական հեռանկարի հետ կապված ավելացող անորոշությունների պայմաններում 2020 թ. տնտեսական աճը կպահպանվի բացասական տիրույթում, իսկ միջնաժամկետում աստիճանաբար կվերականգնվի և կկայունանա իր՝ ներկայումս ավելի ցածր գնահատվող երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակի շուրջ:
2020 թ. տնտեսական անկումը հիմնականում կպայմանավորվի ծառայությունների ոլորտի թողարկման ծավալների զգալի կրճատմամբ, ինչը կուղեկցվի նաև թույլ մասնավոր պահանջարկի պահպանմամբ: Միջնաժամկետում տնտեսական աճի վերականգնմանը մեծապես կնպաստեն իրականացվող խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները, ինչպես նաև պահանջարկի բացասական գործոնների աստիճանական չեզոքացումը:
Կանխատեսվող հորիզոնում գնաճի կանխատեսված ուղեգծից շեղման կարճաժամկետ ռիսկերը վերևի ուղղությամբ են, իսկ տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշից շեղման մասով գերակշռում են ներքևի ուղղությամբ ռիսկերը (մանրամասն տե՛ս «2. 2. 4. Հիմնական դատողություններ և ռիսկեր» ենթաբաժինը): Առողջապահական, քաղաքական և տնտեսական մեծ անորոշությունների պայմաններում Կենտրոնական բանկը մշտապես հետևում է իրադարձությունների զարգացմանը և ռիսկերի դրսևորման դեպքում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության նպատակի իրագործումն ապահովելու համար։