Գնաճի հաշվետվություն 2020/3 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 3-րդ եռամսյակ 2020թ., Դրամավարկային քաղաքականության 2020թ. 2-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)

Համառոտագիր

2020 թվականի երկրորդ եռամսյակում, նոր կորոնավիրուսի տարածման տեմպերի էականորեն արագացման պարագայում, համաշխարհային և ՀՀ տնտեսական ակտիվության արձանա­գրված խոր անկումից հետո, երրորդ եռամսյակում դիտվել է որո­շակի աշխուժացում: Այդուհանդերձ գնահատվում է, որ համավա­րակի վերջնական հաղթահարման հետ կապված դեռևս պահ­պանվող անորոշության բարձր մակարդակը կզսպի և կհետաձգի արտաքին ու ներքին տնտեսական ակտիվության և համախառն պահանջարկի վերականգնումը: Ելնելով նշված զարգացումներից և պահպանվող ցածր գնաճային միջավայրից՝ կենտրոնական բանկերի մեծ մասը, այդ թվում՝ գործընկեր երկրների կենտրոնա­կան բանկերը եռամսյակի ընթացքում շարունակել են վարել խթանող դրամավարկային քաղաքականություն, ինչը զուգորդվել է նաև կառավարությունների կողմից իրականացվող զգալի խթա­նող հարկաբյուջետային քաղաքականությամբ:

ՀՀ ԿԲ բազային սցենարի համաձայն՝ երրորդ եռամսյակում պահպանվում է ցածր գնաճային միջավայրը, ինչի ներքո ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն:

Սպասվող տնտեսական զարգացումների ներքո 12-ամսյա գնաճն առաջիկայում դեռևս կպահպանվի ցածր մակարդակում, քանի որ գների վրա, չնայած իրականացվող խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություններին, գերակշռող է մնում համավարակի հաղթահարման հետ կապված անորոշությունների հետևանքով պահպանվող թույլ մասնավոր պահանջարկի ազդեցու­թյունը: Գնաճի կանխատեսված հետագիծն ապահովելու նպատա­կով, հաշվի առնելով առաջիկայում ցածր գնաճային միջավայրի պահպանման և արտաքին հատվածից ոչ գնաճային ազդեցություն­ների սպասումները, ԿԲ-ն ավելացնում է խթանման չափը՝ 0.25 տոկոսային կետով նվազեցնելով վերաֆինանսավորման տոկո­սադրույքը և այն սահմանելով 4.25%: Տնտեսական սպասվող զար­գացումների պարագայում ԿԲ խորհուրդը հակված է առաջիկայում ևս շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը` գնահա­տելով, որ անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում: ՀՀ կենտրոնական բանկը գնահատում է, որ կանխատեսվող հորիզոնում, դրամավարկային խթանող պայ­մանների պահպանման ներքո գնաճն աստիճանաբար կվերա­կանգնվի և հորիզոնի վերջում կկայունանա նպատակային 4% ցու­ցանիշի շուրջ:

ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների բազային սցենարի համաձայն՝ համավարակի տարածման տնտեսական հետևանք­ ներով և դրանց հաղթահարման տևողության հետ կապված առ­կա մեծ անորոշությամբ պայմանավորված՝ 2020 թ. տնտեսական աճը կգտնվի բացասական տիրույթում, իսկ միջնաժամկետում կվերականգնվի, սակայն ավելի դանդաղ կվերադառնա իր երկա­րաժամկետ հավասարակշիռ մակարդակին:

2020 թ. տնտեսական անկումը հիմնականում կպայմանավորվի մասնավոր ծախսումների զգալի կրճատմամբ: Միջնաժամկետում, անորոշությունների նվազմանը զուգահեռ, պահանջարկի վերա­կանգնմանը մեծապես կնպաստի հատկապես իրականացվող խթա­նող դրամավարկային քաղաքականությունը:

Կանխատեսվող հորիզոնում գնաճի և տնտեսական աճի կան­խատեսումից շեղման ռիսկերը երկկողմանի են և հիմնականում հավասարակշռված (մանրամասն տե՛ս «2.2.4. Հիմնական դատո­ղություններ և ռիսկեր» ենթաբաժինը): Ընդհանուր առմամբ, քանի որ առկա են խիստ մեծ անորոշություններ՝ կապված առողջապա­հական իրավիճակի և, ըստ այդմ, տնտեսության հետագա զարգա­ցումների հետ, Կենտրոնական բանկը փորձում է նվազեցնել այդ անորոշություններից բխող հնարավոր ռիսկերը՝ կառուցելով իրավի­ճակի զարգացման տարբեր սցենարներ և դիտարկելով դրանց հա­մապատասխան քաղաքականության արձագանքի հնարավորու­թյունները: Դա թույլ կտա այդ ռիսկերի դրսևորման դեպքում համա­պատասխանորեն ճշգրտել դրամավարկային պայմանները՝ ապա­հովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում: