Գնաճի հաշվետվություն 2020/2 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 2-րդ եռամսյակ 2020թ., Դրամավարկային քաղաքականության 2020թ. 1-ին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)
Համառոտագիր
2020 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, կորոնավիրուսի տարածման տեմպերը զգալիորեն արագացան, ինչից ելնելով՝ աշխարհի գրեթե բոլոր երկրներում փուլ առ փուլ երկարաձգվեցին արտակարգ դրության ժամկետները՝ պահպանելով առողջապահական և տնտեսական սահմանափակումները: Վերջինիս հետևանքով, ձևավորված մեծ անորոշությունների ներքո մարտին արված կանխատեսումների համեմատ, երկրորդ եռամսյակում արձանագրվեցին համաշխարհային և ՀՀ տնտեսական ակտիվության՝ սպասվածից շատ ավելի խոր անկումներ, համախառն պահանջարկի զգալի թուլացում և ապրանքահումքային հիմնական շուկաներում գնանկումային դրսևորումներ, ինչպես նաև ավելացան անորոշությունները՝ կապված համավարակի տևողության և տնտեսական զարգացման հեռանկարների հետ: Այս իրավիճակում աշխարհի հիմնական հեղինակավոր ֆինանսական կառույցներն ու կենտրոնական բանկերը մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների իրենց գնահատականները ճշգրտել և վերանայել են ներքևի ուղղությամբ: Դրան համապատասխան էլ կենտրոնական բանկերը եռամսյակի ընթացքում շարունակել են իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն՝ պահանջարկի վերականգնման և գների կայունության ապահովման նպատակով:
ԿԲ-ն նույնպես էականորեն վերանայել է 2020 թվականի տնտեսական աճի իր կանխատեսումը՝ նախորդ եռամսյակում կանխատեսված 0.7%-ից նվազեցնելով -4.0%-ի: Ընդ որում` դա պայմանավորված է ինչպես երկրորդ եռամսյակում անկման չափի ավելացմամբ, այնպես էլ ապագայում ավելի դանդաղ վերականգնման սպասումներով, որի ներքո տնտեսական աճը միջնաժամկետ հատվածում կգտնվի երկարաժամկետ կայուն մակարդակից ցածր: Միևնույն ժամանակ, ցածր արտաքին պահանջարկի և մեծ անորոշության պայմաններում գնահատվում է, որ մասնավոր պահանջարկն ավելի թույլ կլինի, և այդ գնանկումային ազդեցությունը չեզոքացնելու համար ԿԲ-ն որոշեց այս անգամ ավելի մեծ քայլով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գնահատելով, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում:
Արդյունքում՝ 12-ամսյա գնաճն առաջիկայում դեռևս կպահպանվի ցածր մակարդակում, քանի որ կարճաժամկետ հատվածում թույլ մասնավոր պահանջարկի ազդեցությունները կգերակշռեն հարկաբյուջետային քաղաքականության խթանող ազդեցությանը, իսկ միջնաժամկետ հատվածում, խթանող դրամավարկային քաղաքականության արդյունքում, գնաճն աստիճանաբար կվերականգնվի՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:
Կանխատեսվող հորիզոնում գնաճի և տնտեսական աճի կանխատեսումից շեղման ռիսկերը գերակշռում են հիմնականում ներքևի ուղղությամբ՝ պայմանավորված համավարակի հնարավոր առավել երկար տևողությամբ և առավել խոր տնտեսական բացասական ազդեցություններով (մանրամասն տե՛ս փաստաթղթի «2.2.4. Հիմնական դատողություններ և ռիսկեր» ենթաբաժինը): Առկա ռիսկերի դրսևորմանը համահունչ՝ ԿԲ-ն պատրաստ է ըստ անհրաժեշտության ճշգրտել դրամավարկային պայմանները՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում: