Գնաճի հաշվետվություն 2020/1 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 1-ին եռամսյակ 2020թ. Դրամավարկային քաղաքականության 2019թ. 4-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)​

Համառոտագիր

Չինաստանում ծագած և ամբողջ աշխարհում արագ տեմպե­րով տարածվող COVID-19 կորոնավիրուսի պանդեմիան և դրա կանխման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները էապես ազդել են թե՛ համաշխարհային և թե՛ ՀՀ մակրոտնտեսական և ֆինանսական շուկայի զարգացումների վրա: Ելնելով դրանից՝ 2020 թ. առաջին եռամսյակում իրականացված կանխատեսում­ները և ծրագրային ուղղությունները, ի տարբերություն նախորդ եռամսյակների, կատարվել են որակապես և քանակապես էակա­նորեն ավելի մեծ անորոշության պայմաններում։

Պետք է փաստել նաև, որ թե՛ ՀՀ տնտեսությունը, թե՛ ամբողջ աշխարհը հենց այս պահին շարունակում են կրել շոկի ազդեցու­թյունը, սակայն առայժմ գրեթե բացակայում են այնպիսի վիճակա­գրական տվյալներ, որոնք թույլ կտան ստանալ շոկի տնտեսական ազդեցության գոնե նախնական գնահատականներ, թեկուզ այլ երկրների օրինակով։ Այդ իսկ պատճառով ՀՀ-ում և ամբողջ աշխար­հում առաջին եռամսյակի տվյալների հրապարակումից հետո ընթա­ցիկ կանխատեսումները մեծ հավանականությամբ կենթարկվեն էա­կան ճշգրտումների։ Կանխատեսումների ներքո, անորոշությունների խիստ մեծ աճը արտահայտվում է գնաճի և մյուս կարևոր մակրոցու­ցանիշների բազային սցենարի շուրջ անորոշության միջակայքերի էական լայնացմամբ):

Բազային սցենարի համաձայն 2020 թ. առաջին եռամսյակում պահպանվել է ցածր գնաճային միջավայր, ինչի ներքո Կենտրո­նական բանկը շարունակել է իրա­կանացնել խթանող դրամավար­կային քաղաքականություն:

Իրականացվող դրամավարկային քաղաքականության և սպաս­վող տնտեսական զարգացումների ներքո 12-ամսյա գնաճն առաջի­կայում դեռևս կպահպանվի ցածր մակարդակում: Միջնաժամկետ հատվածում գնաճն աստիճանաբար կվե­րա­կանգնվի՝ կանխատես­վող հորիզոնի վերջում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

Առողջապահական խնդիրներով պայմանավորված՝ տնտեսու­թյան մեջ կգրանցվի և՛ առաջարկի, և՛ պահանջարկի կրճատում, ինչի ազդեցությունը գնաճի վրա բավականին անորոշ է՝ հիմնա­կա­նում գնահատվելով չեզոքին մոտ։ Միևնույն ժամանակ, վերջին տարիներին իրականացված ցածր գնաճային քաղաքականության շնորհիվ ՀՀ տնտեսությունում գնաճային սպասումները ներկայումս գնահատվում են բավականին խարսխված, ինչը ներկա իրավիճա­կում գների կայունության պահպանման կարևոր նախադրյալ է:

Ելնե­լով նշվածից և արձագանքելով ներկա ցածր գնաճին, համաշ­խարհային տնտեսության ակնկալվող գնանկումային ազդեցություն­ներին և ձևավորված անորոշություններին՝ ԿԲ խորհուրդը որոշել է ավելացնել դրամավարկային խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով: Ընդ որում, վերջին ամսվա ընթացքում դիտարկվել է բոլոր զար­գացող երկրների ռիսկայնության աճ, ինչը, այլ հավասար պայ­մաններում, դրամավարկային դիրքը դարձնում է ավելի խթանող։ Գնաճային սպա­սումները խարսխելու տեսանկյունից ԿԲ խորհուրդը նաև կարևորում է հնարավորինս թափանցիկ և կանխատեսելի դրամավարկային քա­ղաքականության իրականացումը:

Կորոնավիրուսային պանդեմիայով և կիրառվող հակահա­մա­ճարակային միջոցառումներով պայմանավորված՝ ՀՀ տնտեսա­կան աճը 2020 թվականին զգալիորեն կնվազի  իսկ կանխատես­վող հորիզոնում, անորոշութ­յունների նվազմանը զուգընթաց, կվերադառնա ներուժային մա­կարդակին:

ՀՀ տնտեսության վրա նոր կորոնավիրուսի բացասական հետևանք­ները չեզոքացնելու համար ՀՀ կառավարությունն արդեն իսկ մշակում է հարկաբյուջետային խթաններ: Նախատեսվում է լրա­ցուցիչ մոտ 150.0 մլրդ դրամ ծախսերի կատարում, որը, սակայն, այս ծրագրի մեջ ներառված չէ, քանի որ ծախսման ուղղությունները և ծրագրերը դեռևս մշակման փուլում են, ուստի այս պահին դժվար է գնահատել դրանց կատարման հնարավոր ընթացքը և ազդեցության չափը համախառն պահանջարկի վրա։

Կանխատեսվող հորիզոնում գնաճի և տնտեսական աճի՝ կանխատեսումից շեղման ռիսկերը, ընդհանուր առմամբ, բարձր են և երկկողմանի՝ պայմանավորված համաճարակային իրավի­ճակի տևողությամբ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ընթացքով (մանրամասն տե՛ս «2. 2. 4. Հիմնական դատողություններ և ռիսկեր» ենթաբաժինը): Կենտրոնական բանկը ռիսկերը գնահատելու համար մշակում և քննարկում է իրավիճակի զարգացման տարբեր այլընտրանքային սցենարներ և պատրաստ է արձագանքելու ռիսկերի ցանկացած դրսևորմանը՝ ապահովելով գների կայունությունը Հայաստանի Հանրապետությունում։

  1. Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 1-ին եռամսյակ 2020թ. Դրամավարկային քաղաքականության 2019թ. 4-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)​
  2. Գրաֆիկներ եւ աղյուսակներ (առաջին եռամսյակ)