Գնաճի հաշվետվություն 2021/4 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 4-րդ եռամսյակ 2021թ. Դրամավարկային քաղաքականության 2021թ. 3-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)

Համառոտագիր

2021 թ. չորրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում համավարակի հերթական ալիքի տարածման թույլ ազդեցությունների պայմաններում շարունակվում են պահանջարկի դրական զարգացումները, ինչը զուգակցվում է արտադրաշղթաների խաթարման և առաջարկի սահմանափակության գործոնների սպասվածից ավելի երկար պահպանմամբ: Այդ իրավիճակում թե՛ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում և թե՛ ՀՀ-ում նախկին կանխատեսման համեմատ ձևավորվել է ավելի բարձր գնաճային միջավայր, որոշակիորեն ավելացել են գնաճային սպասումները:

Չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը, ինչպես և սպասվում էր, շարունակել է ավելանալ և նոյեմբերին կազմել է 9.6%: ՀՀ ԿԲ բազային սցենարի համաձայն՝ վերոնշյալ գործոնների պայմաններում առաջիկայում ակնկալվում է արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցությունների ավելացում, ինչից ելնելով, Կենտրոնական բանկն այս փուլում արդեն իսկ բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը:

Իրականացվող դրամավարկային քաղաքականության և սպասվող տնտեսական զարգացումների ներքո 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կանխատեսվող միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին ու կկայունանա դրա շուրջ: ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների բազային սցենարի համաձայն՝ ՀՀ տնտեսական աճի 2021 թվականի կանխատեսումը վերանայվել է ներքևի ուղղությամբ, իսկ կանխատեսվող հորիզոնի երկայնքով այն ավելի բարձր կլինի: Արդյունքում՝ տնտեսական աճը միջնաժամկետ հորիզոնում գնահատվում է իր կայուն մակարդակից փոքր-ինչ բարձր միջակայքում:

ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների բազային սցենարի համաձայն՝ ՀՀ տնտեսական աճի 2021 թվականի կանխատեսումը վերանայվել է ներքևի ուղղությամբ, իսկ կանխատեսվող հորիզոնի երկայնքով այն ավելի բարձր կլինի: Արդյունքում՝ տնտեսական աճը միջնաժամկետ հորիզոնում գնահատվում է իր կայուն մակարդակից փոքր-ինչ բարձր միջակայքում:

2021 թ. տնտեսական աճի վերանայումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի սպասվող ավելի ցածր աճով, ինչը պահանջարկի տեսանկյունից կարտահայտվի ավելի զսպված ներքին պահանջարկով: Կանխատեսվող միջնաժամկետ հորիզոնում տնտեսական աճի գնահատականը նախորդ կանխատեսման համեմատ վերանայվել է վերևի ուղղությամբ՝ հիմնականում պայմանավորված 2022 թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի իրականացմամբ և դրա տնտեսական ազդեցություններով: 

Կանխատեսվող հորիզոնում գնաճի կանխատեսված ուղեգծից շեղման ռիսկերը հիմնականում վերևի ուղղությամբ են, իսկ տնտեսական աճի մասով ռիսկերը հավասարակշռված են (մանրամասն ներկայացված է 2.2.4. «Հիմնական դատողություններ և ռիսկեր» ենթաբաժնում): Կենտրոնական բանկը մշտադիտարկում է մակրոտնտեսական իրավիճակի փոփոխությունները և որևէ ուղղությամբ գնաճային ռիսկերի դրսևորման դեպքում պատրաստ է համապատասխանորեն արձագանքելու՝ միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործումն ապահովելու համար։