Գնաճի հաշվետվություն 2021/3 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 3-րդ եռամսյակ 2021թ. Դրամավարկային քաղաքականության 2021թ. 2-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)

Համառոտագիր

2021թ-ի երրորդ եռամսյակում 12 ամսյա գնաճը շարունակել է ավելանալ և օգոստոսին կազմել է 8.8%: ՀՀ ԿԲ բազային սցենարի համաձայն՝ առաջիկա եռամսյակներում բարձր գնաճային միջավայրը կպահպանվի: Այսպես, ապրանքահումքային միջազգային շուկաներում պահպանվող բարձր գնաճային միջավայրից սպասվող ազդեցությունների և արտադրական կարողությունների ընդլայնման համեմատ ներքին պահանջարկի առաջանցիկ աճի պայմաններում դեռևս շարունակվում է գնաճի և գնաճային սպասումների արագացումը, ինչից ելնելով Կենտրոնական բանկն այս փուլում ևս բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը:

Իրականացվող դրամավարկային քաղաքականության և սպասվող տնտեսական զարգացումների ներքո 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև 2022թ-ին կմոտենա նպատակային 4% ցուցանիշին և միջնաժամկետ հատվածում կկայունանա դրա շուրջ:

ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների բազային սցենարի համաձայն, պայմանավորված ներքին պահանջարկի սպասվող ավելի բարձր մակարդակով, վերանայվել և բարձրացվել է տնտեսական աճի տարեկան կանխատեսվող ցուցանիշը: Միջնաժամկետ հատվածում տնտեսական աճի կանխատեսվող ուղեգիծն էականորեն չի փոխվել. այն որոշ չափով կդանդաղի և կկայունանա երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակի շուրջ:

2021թ-ի վերանայված տնտեսական աճը հիմնականում կպայմանավորվի ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտների թողարկման ծավալների սպասվող ավելի բարձր աճով, ինչը կուղեկցվի նաև համախառն պահանջարկի՝ հատկապես մասնավոր սպառման աճի ավելի արագ տեմպերով: Միջնաժամկետում տնտեսական աճի դանդաղումը տեղի կունենա առավելապես կանխատեսվող թույլ ներդրումային ակտիվությամբ՝ պայմանավորված տնտեսաքաղաքական անորոշությունների միայն աստիճանական նվազմամբ, ինչպես նաև իրականացվող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ներքո մասնավոր սպառման առաջանցիկ աճի աստիճանական կայունացմամբ։  

Կանխատեսվող հորիզոնում գնաճի կանխատեսված ուղեգծից շեղման ռիսկերը հավասարակշռված են, իսկ տնտեսական աճի մասով փոքր ինչ գերակշռում են ավելի բարձր աճի ուղղությամբ ռիսկերը (մանրամասն ներկայացված է փաստաթղթի «2.2.4 Հիմնական դատողություններ և ռիսկեր» ենթաբաժնում): Կենտրոնական բանկը մշտադիտարկում է մակրոտնտեսական իրավիճակի փոփոխությունները և որևէ ուղղությամբ գնաճային ռիսկերի դրսևորման դեպքում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործումն ապահովելու համար։