Գնաճի հաշվետվություն 2021/2 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 2-րդ եռամսյակ 2021թ. Դրամավարկային քաղաքականության 2021թ. 1-ին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)​

Համառոտագիր

2020 թվականի առողջապահական և տնտեսաքաղաքական մարտահրավերներով լի ծանր տարվանից հետո համաշխարհային տնտեսությունում 2021թ. ընթացիկ զարգացումներում արձանագրվել են սպասվածից դրական միտումներ՝ թե՛  պատվաստանյութերի կիրառման արդյունքում կորոնավիրուսի համավարակի հաղթահարման և թե՛ իրականացված զգալի խթանող քաղաքականությունների ազդեցությամբ տնտեսական ակտիվության ու համախառն պահանջարկի ավելի արագ վերականգնման առումով: Այս միտումները միջազգային ապրանքահումքային շուկաներում և ՀՀ հիմնական գործընկեր երկրներում հանգեցրել են գնաճային միջավայրի էական ընդլայնման, ինչն էլ մի շարք ներմուծվող ապրանքների միջոցով փոխանցվել է նաև ՀՀ տնտեսություն՝ արտահայտվելով գնաճի և գնաճային սպասումների ավելացմամբ: Գնահատվում է, որ արտաքին հատվածում գնաճային նման զարգացումները կրում են կարճաժամկետ բնույթ, ուստի, աշխարհի առաջատար և ՀՀ գործընկեր երկրները, շարունակում են նախապատվություն տալ դրամավարկային խթանող դիրքի պահպանմանը՝ անգամ դրամավարկային պայմանների որոշակի խստացման պարագայում։  

ՀՀ ԿԲ բազային սցենարի համաձայն՝ առաջիկա եռամսյակներում կպահպանվի բարձր գնաճային միջավայր: Ընթացիկ գնահատականների համաձայն, պարենային ապրանքների միջազգային գներից փոխանցվող ազդեցության առաջարկի գործոններին ավելացել են նաև պահանջարկի գործոններ՝ պայմանավորված արտադրական կարողությունների ընդլայնման հնարավորությունների նկատմամբ մասնավոր սպառման առաջանցիկ մեծ աճով: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Կենտրոնական բանկն այս փուլում բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը: Միաժամանակ, վերահաստատելով ներքին պահանջարկի ավելացմանը զուգահեռ գնաճային սպասումների արագացման ռիսկերի չեզոքացման ուղղությամբ քաղաքականության հետևողականությունը, ԿԲ-ն դիտարկում է դրամավարկային պայմանների խթանող դիրքի չեզոքացման և զսպման ուղղությամբ հնարավոր փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը։

Իրականացվող դրամավարկային քաղաքականության և սպասվող տնտեսական զարգացումների ներքո 12-ամսյա գնաճն առաջիկա եռամսյակներում կպահպանվի բարձր մակարդակում, իսկ միջնաժամկետում, իրականացվող զսպող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ազդեցությամբ աստիճանաբար կնվազի՝ կայունանալով նպատակային 4.0% ցուցանիշի շուրջ:     

ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների բազային սցենարի համաձայն, առաջիկա եռամսյակներում շարունակելով վերականգնվել սպասվածից ավելի արագ տեմպերով, տնտեսական աճը (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ) կմտնի դրական տիրույթ արդեն 2021թ-ի երկրորդ եռամսյակից՝ հիմնականում պայմանավորված մասնավոր սպառման առաջանցիկ աճով։ Ելնելով դրանից՝ ԿԲ-ն էականորեն վերանայել և բարձրացրել է տնտեսական աճի տարեկան կանխատեսվող ցուցանիշը: Միջնաժամկետ հատվածում տնտեսական աճը որոշ չափով կդանդաղի և կկայունանա երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակի շուրջ:

2021թ-ի տնտեսական աճը հիմնականում կպայմանավորվի արդյունաբերության և ծառայությունների ոլորտների թողարկման ծավալների աճով, ինչը կուղեկցվի նաև համախառն պահանջարկի՝ հատկապես մասնավոր սպառման  ավելի արագ տեմպերով վերականգնմամբ: Միջնաժամկետում տնտեսական աճի տեմպերի դանդաղումը տեղի կունենա առավելապես կանխատեսվող թույլ ներդրումային ակտիվությամբ, ինչպես նաև իրականացվող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ներքո մասնավոր սպառման առաջանցիկ աճի աստիճանական կայունացմամբ։ 

Կանխատեսվող հորիզոնում գնաճի և տնտեսական աճի կանխատեսված հետագծից շեղման ռիսկերը հավասարակշռված են (մանրամասն ներկայացված է փաստաթղթի «2. 2. 4 Հիմնական դատողություններ և ռիսկեր» ենթաբաժնում): Կենտրոնական բանկը մշտադիտարկում է մակրոտնտեսական իրավիճակի փոփոխությունները և որևէ ուղղությամբ գնաճային ռիսկերի դրսևորման դեպքում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործումն ապահովելու համար։