Գնաճի հաշվետվություն 2021/1 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 1-ին եռամսյակ 2021թ. Դրամավարկային քաղաքականության 2020թ. 4-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)​

Համառոտագիր

2021 թ. սկզբին, ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավա­րակի շարունակվող տարածման, ՀՀ-ում դեռևս նախորդ տարեվեր­ջից հայտարարված ռազմական դրության և դրանց հետևանքով տնտեսական հեռանկարի հարցում կուտակված մեծ անորոշության պայմաններում, ՀՀ-ում շարունակում է պահպանվել ցածր տնտեսա­կան ակտիվություն և պահանջարկի թույլ միջավայր, մինչդեռ արձա­նագրվել է գնաճի և գնաճային սպասումների զգալի ավելացում: Գնահատվում է, որ գնաճային միտումները հիմնականում պայմա­նավորված են եղել առաջարկի գործոններով, այդ թվում՝ միջազգա­յին ապրան­քահումքային շուկաներից փոխանցվող գնաճային ազդեցություն­ներով, ինչպես նաև դրամի արժեզրկմամբ:

ՀՀ ԿԲ բազային սցենարի համաձայն՝ առաջիկա եռամսյակ­ներում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում: Դա պայմանավորված կլինի հիմնականում առաջարկի կարճաժամ­կետ գործոններով, որոնց ազդեցությունը աստիճանաբար կչե­զո­քանա՝ արտահայտվելով միջնաժամկետում գնաճի՝ դեպի ներքև ճշգրտմամբ: Հաշվի առնելով գնաճային գործոնների կարճաժամ­կետ բնույթը՝ առաջիկայում Կենտրոնական բանկի դրամավար­կային քաղաքականությունն ուղղված կլինի գնաճային սպասում­ների արագացման ցանկացած ռիսկի չեզոքացմանը՝ հնարավո­րինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնմանը:

Իրականացվող դրամավարկային քաղաքականության և սպաս­վող տնտեսական զարգացումների ներքո 12-ամսյա գնաճն առաջի­կայում դեռևս կպահպանվի բարձր մակարդակում, իսկ միջնաժամկետում գնահատվող թույլ պահանջարկի միջավայրում կնվազի՝ կայունանալով նպատա­կային 4.0% ցուցանիշի շուրջ: Հաշվի առնելով գնաճի նման ուղեգիծը և պահպանվող թույլ պահանջարկը, ինչպես նաև` ապագային միտված դրամավարկային քաղաքականության սկզբունքի ներքո ընդգծելով դրա­մավարկային պայմանների նախորդ խստացումների (2020 թ. դեկ­տեմբերին և 2021 թ. փետրվարին վերաֆինանսավոր­ման տոկո­սադրույքի բարձրացում ընդհանուր առմամբ 1.25 տոկո­սային կե­տով) դերը գնաճի ու գնաճային սպասումների զսպման ուղղությամբ՝ ԿԲ-ն որոշեց վերաֆինանսավորման տոկոսադ­րույ­քը թողնել անփոփոխ:

ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների բազային սցենարի հա­մաձայն՝ 2021 թ. սկզբին համավարակի նոր ալիքի տարած­ման, պահպանվող ռազմական դրության և տնտեսական ­հեռա­նկարի հետ կապված անորոշությունների պայմաններում տնտե­սական աճի տարեկան կանխատեսումը, նախորդի համեմատ փոքր-ինչ վերանայվել է դեպի ներքև: Միջնաժամկետ հատվա­ծում տնտե­սական աճը որոշ չափով կվերականգնվի, սակայն միայն հորի­զոնի վերջում կմոտենա գնահատվող երկարաժամ­կետ կայուն մակարդակին՝ պայմանավորված արտադրողականության և ներդրումների սպասվող ցածր աճի միտումներով: 

2021 թ. տնտեսական աճը հիմնականում կպայմանավորվի շինա­րարության և գյուղատնտեսության ոլորտների թողարկման ծավալ­ների աճով, ինչը կուղեկցվի նաև մասնավոր ծախսումների աճի որոշակի վերականգնմամբ, չնայած ներքին  պահանջարկը դեռևս կմնա թույլ՝ ի հաշիվ պահպանվող ցածր մասնավոր սպառման: Միջ­նաժամկետում հարկաբյուջետային քաղաքականության աստիճա­նական զսպման ֆոնին տնտեսական աճի վերականգնմանը մեծա­պես կնպաստի իրականացվող խթանող դրամավարկային քաղա­քակա­նությունը, ինչպես նաև պահանջարկի բացասական գործոն­ների աստիճանական չեզոքացումը:  

Կանխատեսվող հորիզոնում գնաճի և տնտեսական աճի կան­խատեսված ուղեգծից շեղման ռիսկերը հավասարակշռված են (տե՛ս «2. 2. 4. Հիմնական դատո­ղություններ և ռիսկեր» ենթաբա­ժինը): Կենտրոնական բանկը հետևում է մակրոտնտեսական զարգացումներին և ռիսկերի ցանկա­ցած դրսևորման դեպքում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրա­գործումն ապահովելու համար։