Գնաճի հաշվետվություն 2022/3 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 3-րդ եռամսյակ 2022թ. Դրամավարկային քաղաքականության 2022թ. 2-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)
Համառոտագիր
2022 թ. երրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և մասնավորապես ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում են տնտեսական ակտիվության տեմպերի դանդաղման միտումները՝ հիմնականում պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտության և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տարբեր պատժամիջոցների ազդեցության պահպանմամբ: Դրան զուգահեռ, գործընկեր երկրներում ձևավորված բարձր գնաճային միջավայրի մեղմմանն ուղղված զսպող դրամավարկային քաղաքականության իրականացման արդյունքում դիտվում է գնաճային միջավայրի աս-տիճանական մեղմում, իսկ միջազգային ապրանքահումքային շուկաներում՝ գների որոշակի նվազում: ՀՀ տնտեսությունում շարունակում է դիտվել սպասվածից մեծ ակտիվություն՝ պայմանավորված գերազանցապես պահանջարկի գործոններով: Վերջիններս էլ առավելապես դրսևորվում են ծառայությունների ոլորտում արտաքին պահանջարկի էական ավելացմամբ՝ շարունակելով կրել միջազգային այցելուների, այդ թվում՝ զբոսաշրջիկների և ֆինանսական զգալի ներհոսքի ազդեցությունը: Նման զարգացումների պարագայում թեև արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցություններն աստիճանաբար թուլանում են, գնաճային միջավայրը շարունակում է ընդլայնվել, և գնաճային սպասումները մնում են բարձր՝ հիմնականում պայմանավորված մեծ պահանջարկով:
Երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը պահպանվել է բարձր մակարդակում և օգոստոսին կազմել 9.1%: ՀՀ ԿԲ-ի կողմից ներկայացվող սցենարի համաձայն՝ ձևավորված մեծ պահանջարկն առաջիկայում ևս զգալիորեն կնպաստի բարձր գնաճային միջավայրի և գնաճային սպասումների պահպանմանը, ինչից ելնելով՝ Կենտրոնական բանկն այս փուլում ևս բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը: Միաժամանակ, ԿԲ-ն հետևողական է լինելու՝ համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում՝ չեզոքացնելով գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ:
Իրականացվող դրամավարկային քաղաքականության և սպասվող մակրոտնտեսական զարգացումների ներքո 12-ամսյա գնաճը կնվազի և 2023 թ. վերջից կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
ԿԲ սցենարի համաձայն՝ տնտեսական բարձր ակտիվությունն առաջիկայում կպահպանվի, ինչի արդյունքում 2022 թ․ տնտեսական աճի ցուցանիշը կձևավորվի նախորդ գնահատականներից էականորեն վերև: Միջնաժամկետում դա աստիճանաբար կնվազի և կկայունանա երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակի շուրջ:
2022 թ․ սպասվող տնտեսական աճին հիմնականում կնպաստի Հայաստան միջազգային այցելուների, այդ թվում զբոսաշրջիկների և ֆինանսական մեծածավալ ներհոսքի ազդեցությամբ ծառայությունների ճյուղում պահպանվող բարձր պահանջարկը: Միջնաժամկետ հատվածում պահանջարկի դրական միջավայրի աստիճանական ճշգրտման հետևանքով տնտեսական աճը որոշակիորեն կդանդաղի, այնուամենայնիվ, նախորդ կանխատեսման համեմատությամբ դեռևս մնալով բարձր, ինչը կպայմանավորվի պետական կապիտալ ծախսերի և արտադրողականության ակնկալվող ավելի բարձր աճով: Գնահատվում է, որ կանխատեսվող հորիզոնում ՀՆԱ աճը կպահպանվի իր ճշգրտված 4.1% երկարաժամկետ կայուն մակարդակի շուրջ։
Կանխատեսվող հորիզոնում գնաճի սցենարային ուղեգծից շեղման ռիսկերը հավասարակշռված են, իսկ տնտեսական աճի մասով կարճաժամկետ հատվածում փոքր-ինչ գերակշռում են նվազման ուղղությամբ ռիսկերը (տե՛ս 2.2.4 ենթաբաժինը):
Որևէ ուղղությամբ ռիսկերի դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը: