Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը (2010 թվական)
Նախաբան
Համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամից բխող մարտահրավերները 2009 և 2010 թթ. Հայաստանի ֆինանսական կայունությանը խոցելի ցնցումների չհանգեցրին: 2010 թվականին ՀՀ ֆինանսական համակարգը գրեթե վերականգնեց մինչ ճգնաժամային եկամտաբերության մակարդակը:
2010թ. շարունակվեցին դեռևս նախորդ տարվա երկրորդ կիսամյակից ՀՀ Կառավարության և Կենտրոնական բանկի կողմից իրականացված վարկավորման ծրագրերը: Նշված վարկավորման ծրագրերը, 2009թ. իրականացրած հակաճգնաժամային ընդլայնողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը, դրամի արժեզրկման դրսևորումները և միջազգային շուկաներում գների աճը 2010թ. տարեսկզբից տնտեսությունում ձևավորեցին գնաճային միջավայր: Եվ չնայած այս պայմաններում Կենտրոնական բանկը 2010թ. տաեսկզբից իրականացրեց դրամավարկային քաղաքականության խստացում, այնուամենայնիվ վարկավորման առաջարկի մեծացման արդյունքում տարվա ընթացքում բանկային համակարգի կողմից տնտեսությանը տրամադրվող վարկերի տոկոսադրույքները դրսևորեցին նվազման միտումներ:
ՀՀ ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակիցը բանկային համակարգն է, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների 91%-ը:
ՀՀ բանկային համակարգը, դիմակայելով դեռևս նախորդ տարվա ճգնաժամային մարտահրավերներին, արդեն 2010թ, զգալով տնտեսության վերկանգման շունչը, վերանայեց և ակտիվացրեց վարկավորման քաղաքականությունը: Վարկավորման ակտիվացումը զուգորդվել է տարվա ընթացքում վարկերի որակի լավացմամբ: Բանկային համակարգի ֆինանսական միջնորդության մակարդակը 2010 թվականին բավականին բարձրացել է, սակայն դեռևս զիջում է ԱՊՀ շատ երկրների նույն ցուցանիշին: Բանկային համակարգի ակտիվների աճի տեմպը գերազանցեց անվանական ՀՆԱ-ի աճի տեմպը, ինչի արդյունքում բանկային համակարգի ակտիվների և ՀՆԱ-ի հարաբերակցությունը 2010 թվականին ավելացել է 2.6 տոկոսային կետով` կազմելով 44.5%: Բանկային համակարգի կողմից տրամադրված վարկերի և ՀՆԱ-ի հարաբերակցությունն ավելացել է 3.3 տոկոսային կետով և կազմել 25.3%:
2010 թվականին ՀՀ բանկային համակարգը պահպանել է զարգացման ու աճի միտումները և համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամից ծագած հետևանքների ներքո դրսևորել բարձր ճկունություն: Բանկային համակարգը 2010թ. ապահովեց ակտիվների 17.7% աճ, կապիտալի 14.6% աճ և շահութաբերության բարձր մակարդակ (շահութաբերությունն ըստ ակտիվների կազմել է 2.2%, ըստ կապիտալի` 10.7%):
2010 թվականին Կենտրոնական բանկը իրականացրել է բանկային, արժեթղթերի, ապահովագրության շուկաների համահունչ զարգացմանն ուղղված բարեփոխումների շարունակական աշխատանքները` նպատակ հետամտելով ապահովել ՀՀ ֆինանսական համակարգի կայունությունը, վճարահաշվարկային համակարգի կատարելագործումը և ֆինանսական համակարգի կայուն զարգացումը: Նշված համատեքստի ներքո 2010թ. իրականացված կարևորագույն ռեֆորմներից է Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը: Նշված համակարգի ներդրման արդյունքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնաս կրած քաղաքացիներին կապահովվի պատշաճ փոխհատուցում: Համակարգը կխթանի նաև ընդհանուր ապահովագրական շուկայի զարգացմանը` ընդլայնելով մատուցվող ծառայությունները, բարձրացնելով առաջարկվող պրոդուկտների որակը և գործընթացների արդյունավետությունը:
Տարվա կարևորագույն ռեֆորմներից է կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող օրենքների փաթեթի ընդունումը, որի հիման վրա Հայաստանում 2011 թվականից կներդրվի կամավոր, իսկ 2014 թվականից` պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը: Այս բարեփոխումները ունեն մեծ սոցիալական նշանակություն և ուղղված են բնակչության պատշաճ կենսամակարդակի պահպանմանը նաև կենսաթոշակի անցնելուց հետո:
2010թ. Կենտրոնական բանկի կողմից շարունակվել է ֆինասական համակարգի կարգավորման դաշտի արդիականացման, ֆինանսական համակարգի վերահսկողության և սպառողների շահերի պաշտպանության և հասարակության տարբեր նպատակային խմբերի տնտեսագիտական և ֆինանսական կրթման ուղղությամբ լայնածավալ միջոցառումների իրականացումը: