Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը (2003 թվական)

Նախաբան

«Հայաստանի բանկային համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» ամփոփ ներկայացնում է 2003 թ. ընթացքում ՀՀ բանկային համակարգի զարգացման և բարեփոխման միտումները: Նմանատիպ վերլուծություններ ՀՀ կենտրոնական բանկը հրատարակել է նաև 1999 և 2000 թվականներին, որոնցում ներկայացված է ինչպես ՀՀ բանկային համակարգի ինստիտուցիոնալ կայացման և զարգացման պատմությունը, այնպես էլ ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը 1994 թվականից սկսած: Արտաքին ֆինանսական ներհոսքը և ներքին տնտեսական ակտիվությունը պայմանավորեցին ծրագրվածից անհամեմատ բարձր տնտեսական աճ, որը բնութագրական է անցումային փուլը հաղթահարած երկրներին: Ծրագրված 6 %-ի փոխարեն տնտեսական աճը կազմել է 13.9%, որի պայմաններում տարեվերջին գնաճի մակարդակը, առանց հաշվի առնելու հացամթերքի գների փոփոխությունը, կազմել է 2.9% (ցորենի գնի փոփոխությունը հաշվի առնելով՝ փաստացի ցուցանիշը կազմել է 8.6%): Փաստորեն, ամբողջական պահանջարկի աճին արձագանքել է ամբողջական առաջարկը, այլապես 2003 թվականը կամփոփվեր ավելի ցածր տնտեսական աճով և գների ավելի բարձր մակարդակով:

Նշենք, որ տնտեսական աճին զուգահեռ բանկային համակարգի ակտիվների աճը տարվա ընթացքում կազմել է 16.0%: Ամենաբարձր իրական աճը գրանցվել է շինարարության ճյուղում՝  44.4%, ընդ որում, թեև շինարարությունն առավելապես իրականացվել է արտաքին ռեսուրսների հաշվին, այնուամենայնիվ բանկային համակարգի կողմից ճյուղի վարկավորումն ավելացել է 46.7%-ով: Վարկավորման ծավալների խոշոր աճ է գրանցվել սպառողական վարկերի ոլորտում՝ 52.5%, որն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է բնակչության եկամուտների աճով: 2003 թվականի ընթացքում բնակչության դրամական եկամուտները, նախորդ տարվա համեմատությամμ, իրական արտահայտությամμ աճել են 9.9%-ով, իսկ դրամական ծախսերը՝ 12.2%-ով: Ընդ որում, դրամական եկամուտների 76.0%-ն ուղղվել է ապրանքների գնմանն ու ծառայությունների վճարմանը:

Սպառողական վարկերի հասանելիությունը՝ մի կողմից, դրամական եկամուտների աճը՝ մյուս կողմից, էական խթան են հանդիսացել սպառողական ապրանքների ձեռքբերման համար: Պայմանավորված անբարենպաստ բնակլիմայական գործոնով՝ գյուղատնտեսական մթերքների թողարկման իրական աճը 2003 թվականին կազմել է ընդամենը 4.3%, իսկ գյուղատնտեսության վարկավորումը տարվա կտրվածքով նվազել է 1%-ով: Վարկավորման նվազման շարժառիթը, ըստ էության, լրացուցիչ վարկային կորուստներից խուսափելն է: 2003 թվականի արդյունքներով, ՀՆԱ առաջանցիկ աճի պայմաններում նվազել է ՀՆԱ-ում մասնավոր սպառման կշիռը՝ նախորդ տարվա 89.6%-ի փոխարեն կազմելով 84.5%: Համախառն պահանջարկի աճի պարագայում սպառման կշռի նվազումը նշանակում է խնայողությունների աճ: Դրա մասին են վկայում նաև բանկային համակարգի ժամկետային ավանդների՝ 10.3%-ով և ցպահանջ ավանդների 63.0%-ով աճը:

Ֆինանսական համակարգի զարգացման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ռազմավարությունն ուղղված էր ինչպես բանկային համակարգի կառուցվածքային, ինստիտուցիոնալ, այնպես էլ բանկային համակարգի՝ որպես ֆինանսական միջնորդի, կայացմանը: Այս համատեքստում 2003 թվականը Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի համար կարելի է բնութագրել որպես բավական լուրջ ձեռքբերումների տարի: Սկսել են գործել վարկային կազմակերպությունները. վարկային ռիսկի նվազեցման նպատակով՝ վարկային ռեգիստրը, իսկ ավանդատուների շահերի պաշտպանության համար՝ ավանդների երաշխավորման համակարգը: Բանկային ծառայությունների ընդլայնման նպատակով պլաստիկ քարտերի քանակը կրկնապատկվել է՝ նպաստելով բանկերում ցպահանջ և էժան ռեսուրսների գոյացմանը: Պետք է նշել, որ այս ամենին զուգահեռ գրանցվել են բանկային համակարգի ծավալների ընդլայնման, ռիսկերի կառավարման և շահութաբերության դրական միտումներ, թեև դեռևս ցածր է համակարգի ֆինանսական միջնորդության աստիճանը:

Բանկային համակարգի զարգացման ներկայիս մակարդակը նախկին ԽՍՀՄ երկրների (առանց Մերձբալթյան երկրների) համեմատությամբ կարելի է համարել բավարար, որի մասին վկայում է ֆինանսական միջնորդությունը բնութագրող ցուցանիշների մակարդակը: Այսպես, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի ընդհանուր ակտիվների և ՀՆԱ հարաբերությունը կազմում է 17.4% (ԱՊՀ 7 երկրների միջին ցուցանիշը 18.3% էր, իսկ Մերձբալթյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներում՝ 74.4%, 2002 թ.): Տնտեսությունից ներգրաված (առանց այլ ֆինանսական կազմակերպությունների) ավանդների և ՀՆԱ հարաբերությունը կազմում է 11.3%, որը թեև գերազանցում է ԱՊՀ 7 երկրների 10.7% ցուցանիշը, այնուամենայնիվ անհամեմատ զիջում է Մերձբալթյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների 47.9% ցուցանիշը (2002 թ.):

Ֆինանսական միջնորդության ցածր մակարդակը հիմնականում պայմանավորում են երկու կարևոր գործոններ՝ բանկային համակարգի նկատմամբ ավանդատուների վստահության պակասը և մեծ վարկային ռիսկը, որոնց խտացված արտահայտությունը գործնականում տոկոսադրույքների սպրեդի համեմատաբար բարձր մակարդակն է: Այսպես, Մերձբալթյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների 5.3 տոկոսային կետ սպրեդի համեմատությամբ Հայաստանի Հանրապետության բանկերի տոկոսադրույքների սպրեդը կրկնակի բարձր է:

Վարկատուների և վարկառուների իրավունքների պաշտպանության, համապատասխան օրենսդրական դաշտի, իրական հատվածում աուդիտի և հաշվապահական հաշվառման ստանդարտների ոչ բավարար մակարդակը, անկախ մակրոտնտեսական զարգացումներից, բարձրացնում է վարկային ռիսկը: Նման պայմաններում դիտվում է բանկերի կողմից վարկավորման աճի տեմպերի զսպում: Այսպես, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի վարկային ներդրումների և ՀՆԱ հարաբերությունը կազմում է ընդամենը 8.0%, մինչդեռ ԱՊՀ 7 և Մերձբալթյան երկրներում այս ցուցանիշը կազմում է համապատասխանաբար 9.7% և 31.4%:

Վերջին երկու տարում այսպիսի զարգացումներին զուգահեռ արտերկրի բանկերում տեղաբաշխված ակտիվների հաշվին դիտվում է առևտրային բանկերի զուտ արտաքին ակտիվների նկատելի աճ: ՀՀ առևտրային բանկերը նպատակահարմար են համարում տնտեսությունից ներգրաված միջոցները պահել ցածր եկամտաբեր, բայց համեմատաբար հուսալի ակտիվներում: