Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը (2005 թվական)

Նախաբան

2005 թվականին մակրոտնտեսական միջավայրում դարձյալ շարունակվել են վերջին տարիներին ձևավորված կայուն զարգացման միտումները, որոնք բարենպաստ ազդեցություն են ունեցել նաև բանկային համակարգի զարգացումների վրա: Հաշվետու տարում արձանագրվել է բանկային համակարգի ֆինանսական միջնորդության մակարդակի բարձրացում, որին նպաստել են նաև նախորդող մի քանի տարիներին այդ ուղղությամբ իրականացված միջոցառումները: Այդ ձեռնարկումների շնորհիվ մի կողմից ապահովվել է ֆինանսական միջոցների ներհոսք բանկային համակարգ, մյուս կողմից՝ վարկավորման մի շարք կայացած մեխանիզմների և տնտեսական ակտիվության շնորհիվ էականորեն ավելացել են վարկերի ծավալները:

Բանկային համակարգը, գործելով մրցակցային միջավայրում, հաշվետու տարում ներգրավել է հաճախորդների ավելի լայն շրջանակներ: Վերջին տարիներին ֆինանսական միջնորդության մակարդակի աճը վկայում է, որ տնտեսության կայուն զարգացման պայմաններում բանկային համակարգը ընդարձակման ու խոշորացման բավականաչափ ներուժ ունի: Անվանական ՀՆԱ-ի 17.5% աճի համեմատ բանկային համակարգի ակտիվների 21.2% և տնտեսությանը տրամադրված վարկերի 39.1% առաջանցիկ աճի տեմպերի պարագայում 0.6 տոկոսային կետով աճել է բանկային համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը, 1.3 տոկոսային կետով՝ բանկային համակարգի վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը և կազմել են համապատասխանաբար 19.8% և 8.3%:

Այդուհանդերձ, ֆինանսական միջնորդության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում դեռևս խիստ ցածր է: Որպես ֆինանսական միջնորդության մակարդակի բնութագրիչ՝ տոկոսադրույքների սպրեդի համեմատաբար բարձր մակարդակը վկայում է ՀՀ ֆինանսական համակարգում անբավարար ֆինանսական միջնորդության աստիճանի մասին: 2005 թվականին տոկոսադրույքների սպրեդը շարունակել է մնալ բավականին բարձր՝ տատանվելով 13-16%-ի միջակայքում: Մերձբալթյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների 5 տոկոսային կետ կազմող սպրեդի նկատմամբ ՀՀ բանկերի տոկոսադրույքների սպրեդը մնում է բավականին բարձր: Սպրեդի բարձր մակարդակը հիմնականում վարկերի բարձր պահանջարկի պայմաններում դրանց սահմանափակ առաջարկի առկայության արդյունք է: Ներկայումս հետզհետե ավելանում է երկարաժամկետ վարկերի պահանջարկը, մինչդեռ տնտեսությունում նկատվում է «երկար»  խնայողությունների բացակայություն, ինչի հետևանքով ֆինանսական միջոցների ներգրավման-տեղաբաշխման անհամապատասխանությունից առաջանում է այլ ռիսկերից (իրացվելիության, տոկոսադրույքների) ակնկալվող կորուստների լրացուցիչ փոխհատուցման խնդիր:

Այս առումով Կենտրոնական բանկը 2006 թվականին կստանձնի նաև ֆինանսական շուկայի այլ մասնակիցների (ապահովագրության շուկա, արժեթղթերի շուկա) վերահսկողությունը և կձեռնարկի դրանց զարգացմանն ուղղված մի շարք քայլեր, քանզի տնտեսությունում «երկար փողերի» ձևավորման կարևորագույն նախադրյալ է հզոր ապահովագրական և արժեթղթերի շուկաների առկայությունը: Իրականացնելով բանկային համակարգի կայուն զարգացման և ռիսկերի նվազեցման քաղաքականություն՝ ԿԲ-ն 2005 թվականին հիմնականում կարևորել է բանկերում կորպորատիվ կառավարման հիմնարար սկզբունքների ներդրումը: Այս առումով և՛ օրենսդրական փոփոխությունները, և՛ վերահսկողությունը հիմնականում վերոնշյալ քաղաքականության իրականացման նպատակ են հետապնդել:

Այսպես, 2005 թվականին ընդունվել է ««Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են բանկերի կառավարման մարմինների՝ մասնավորապես բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի, խորհրդի, գործադիր մարմնի և գլխավոր հաշվապահի իրավական կարգավիճակը, ձևավորման և գործունեության կազմակերպման չափանիշները, կորպորատիվ կառավարման այլ դրույթներ: Միաժամանակ, 2005 թվականին բանկերում իրականացված նպատակային ստուգումները հիմնականում ուղղվել են ԿԲ առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկի, այն է՝ բանկերում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրմամբ ներքին հսկողության համակարգերի թերությունների բացահայտմանը: Իրականացված նպատակային ստուգումները մեծամասամբ կատարվել են «բանկերում ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանների կատարման, բանկի ռիսկերի կառավարման համակարգի» ուսումնասիրության նպատակով: Բանկերի և ԿԲ կողմից վարվող հետևողական քաղաքականությունների արդյունքում ՀՀ բանկային համակարգում առկա ռիսկերը ներկայումս գտնվում են կառավարելի շրջանակներում: 

2005 թվականին բանկային համակարգում տեղի են ունեցել մի շարք դրական զարգացումներ, որոնցից հատկանշական են եղել.

  • բանկային համակարգի ակտիվների և պարտավորությունների արժութային կառուցվածքի էական փոփոխությունները. դրամային ակտիվներն ու պարտավորություններն ավելացել են համապատասխանաբար 49%-ով և 44%-ով, իսկ արտարժութային ակտիվներն ու պարտավորությունները՝ 4%-ով և 5%-ով, որի արդյունքում բավականին մեծացել են դրամային ակտիվների և պարտավորությունների տեսակարար կշիռները: 
  • ավանդների արժութային կառուցվածքի էական փոփոխությունը. ավանդների աճն ամբողջությամբ ապահովվել է դրամային ավանդների աճի հաշվին, որի արդյունքում զգալիորեն մեծացել է դրամային ավանդների տեսակարար կշիռը:
  • բանկային համակարգի կանոնադրական հիմնադրամի աննախադեպ աճը (աճել են 50%-ով),
  • վարկավորման ծավալների կտրուկ աճը (աճել են 39%-ով), ինչի արդյունքում ընդհանուր ակտիվների կազմում տնտեսության վարկերի տեսակարար կշիռն ավելացել է 5.4 տոկոսային կետով՝ տարեվերջին կազմելով 41.8%:

Վարկերի քանակը տարվա ընթացքում ավելացել է 35%-ով և տարեվերջին կազմել 222.4 հազար հատ: Վարկերի ծավալային և քանակական աճի պարագայում վարկային ներդրումների որակի վատացում չի արձանագրվել: Հատկանշական է, որ պահպանվել են տնտեսության ճյուղերի վարկավորման՝ նախորդ տարի դրսևորված սեզոնայնությունները: 2005 թվականին բանկային համակարգի վարկավորման աճը, ինչպես և վերջին տարիներին, հիմնականում տեղի է ունեցել սպառողական (ներառյալ հիփոթեքային վարկերը) և առևտրային վարկերի հաշվին: Սպառողական վարկերի 22.6 մլրդ դրամ աճին նպաստել է նաև բնակչության զուտ տնօրինվող եկամտի աճը (2005 թվականին մասնավոր հատվածի տնօրինվող եկամուտներն աճել են 16%-ով):

2005 թվականին անվանական ՀՆԱ աճին հիմնականում նպաստել են արդյունաբերության, շինարարության ճյուղերը և ծառայությունների ոլորտը: Չնայած շինարարության աճը հիմնականում ապահովվել է ոչ թե բանկային համակարգի վարկավորման, այլ մասնավոր հատվածի կողմից ֆինանսավորված շինարարության ծավալների աճի հաշվին, այնուամենայնիվ շինարարության ոլորտում թողարկման անվանական աճը կազմել է 59%, որին զուգահեռ, բանկային համակարգի կողմից ճյուղի վարկավորումն ավելացել է 49%-ով: Ծառայությունների ոլորտում տարվա ընթացքում արձանագրվել է 34% աճ, որին զուգահեռ, բանկային համակարգի կողմից այս ոլորտի վարկավորումն ավելացել է 65%-ով:

Արդյունաբերության ճյուղի վարկերը 2005 թվականին ավելացել են 10%-ով, իսկ ճյուղի թողարկման անվանական աճը կազմել է 22%: Նախորդ տարիների համեմատ թողարկման անվանական բարձր աճ է արձանագրվել մշակող արդյունաբերության ճյուղում՝ 26% աճ: Վարկային ներդրումների արագատեմպ աճին զուգընթաց, նույնիսկ փոքր-ինչ լավացել է բանկային համակարգի ակտիվների որակը, ինչից կարելի է դատողություններ անել նաև բանկային վերահսկողության արդյունքների մասին: Չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը տարեվերջին կազմել է ընդհանուրի ընդամենը 1.6%-ը, որի մեծ մասը հսկվող դասի ակտիվներն են: Որպես հետևանք՝ տարվա ընթացքում զուտ մասհանումների տեսակարար կշիռը ընդհանուր ակտիվներում կազմել է ընդամենը 0.3%՝ վկայելով վարկային ռիսկի ցածր մակարդակի մասին: