Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը (2006 թվական)

Նախաբան

2006 թվականի հունվարի 1-ից ՀՀ կենտրոնական բանկը ստանձնեց Հայաստանի ֆինանսական հատվածի կարգավորումն ու վերահսկողությունը: Աշխարհում ֆինանսական համակարգի զարգացումներին բնորոշ են բանկային, ապահովագրական և արժեթղթերով գործունեությունների մերձեցման միտումները: Միասնական վերահսկողական մարմնի ստեղծման հիմնական դրդապատճառը ֆինանսական շուկայում ընդհանուր ռիսկերի վերահսկումն էր: Արդիական խնդիր էր դարձել ֆինանսական շուկայի զարգացման միտումների համալիր վերահսկողությունը, ֆինանսական շուկայի տարբեր հատվածներին բնորոշ ռիսկերի գնահատումը, ինչպես նաև ընդհանուր ֆինանսական համակարգի զարգացումների վրա առանձին ֆինանսական շուկաներում, ինստիտուտներում և ենթակառուցվածքներում ծագագող ռիսկերի ազդեցության գնահատումը:

Ներկայումս բանկային ակտիվների մեծությունը կազմում է ֆինանսական համակարգի համընդհանուր ակտիվների մեծության մոտ 93%-ը: Սակայն էապես կարևորվում է նաև ոչ բանկ ֆինանսական ինստիտուտների (առավելապես ապահովագրության և արժեթղթերի շուկաների)՝ բանկային համակարգին համահունչ զարգացումների նախադրյալների ստեղծումը: Կարգավորման և վերահսկողության հետագա զարգացման հեռանկարների տեսանկյունից 2006 թվականին Կենտրոնական բանկի կարևորագույն շեշտադրումը եղել է ապահովագրության և արժեթղթերի շուկաների զարգացման քաղաքականության վերաիմաստավորումը: Մշակվել են ՀՀ-ում ապահովագրության և արժեթղթերի շուկաների զարգացման հայեցակարգային մոտեցումներ, որոնք իրենց արտացոլումն են գտել նաև «Ապահովագրության մասին»  և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին»  ՀՀ օրենքներում կատարված փոփոխություններում: Իր հերթին, նշված հայեցակարգային մոտեցումների հիման վրա ձևավորվում են նաև ապահովագրական և արժեթղթերի հատվածների կարգավորման և վերահսկողության ենթաօրենսդրական դաշտերը: Քանի որ ներկայումս ՀՀ ֆինանսական շուկայի կարևորագույն մասնակիցներն են առևտրային բանկերը՝ տվյալ նյութում հիմնական շեշտադրումը կատարվում է բանկային համակարգի վրա:

Ընդհանուր առմամբ, 2006 թվականին մակրոտնտեսական միջավայրում դարձյալ շարունակվել են վերջին տարիներին ձևավորված կայուն զարգացման միտումները, որոնք բարենպաստ ազդեցություն են ունեցել նաև բանկային համակարգի զարգացումների վրա: Չնայած հաշվետու տարում բանկային համակարգի ակտիվների և ՀՆԱ-ի հարաբերակցությունը չի փոփոխվել՝ կազմելով 19.8%, սակայն բանկային համակարգի կողմից տրամադրված վարկերի արագընթաց աճի պայմաններում «վարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը ավելացել է 0.3 տոկոսային կետով և կազմել 8.6%: Տնտեսության կայուն զարգացման պայմաններում ՀՀ ֆինանսական համակարգը ընդարձակման ու խոշորացման բավականաչափ ներուժ ունի, սակայն ներկայումս ֆինանսական միջնորդության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում դեռևս խիստ ցածր է:

Որպես ֆինանսական միջնորդության մակարդակի բնութագրիչ՝ տոկոսադրույքների սպրեդի համեմատաբար բարձր մակարդակը վկայում է ՀՀ ֆինանսական համակարգում անբավարար ֆինանսական միջնորդության աստիճանի մասին: Տարվա ընթացքում տոկոսադրույքների սպրեդը տատանվել է 13 տոկոսային կետի միջակայքում (Մերձբալթյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների 4 - 6 տոկոսային կետ կազմող սպրեդի նկատմամբ ՀՀ բանկերի տոկոսադրույքների սպրեդը մնում է բավականին բարձր): Սպրեդի բարձր մակարդակը հիմնականում վարկերի բարձր պահանջարկի պայմաններում դրանց սահմանափակ առաջարկի առկայության արդյունք է: Կարևորագույն խնդիր է նաև երկարաժամկետ վարկերի պահանջարկի բավարարումը: Համակարգում երկարաժամկետ խնայողությունների շարունակական բացակայության պայմաններում երկարաժամկետ վարկավորման դեպքում կարող է առաջանալ ներգրավման-տեղաբաշխման անհամապատասխանությունից բխող իրացվելիության և տոկոսադրույքների ռիսկերով պայմանավորված խնդիրներ:

Այս առումով, Կենտրոնական բանկն ակտիվ քայլեր է ձեռնարկում ապահովագրության, արժեթղթերի շուկաների, ինչպես նաև կենսաթոշակային համակարգի զարգացումների նախադրյալների ստեղծման ուղղությամբ, քանզի տնտեսությունում «երկար փողերի» ձևավորման կարևորագույն նախադրյալ է նշված ինստիտուտների կայացումը: Միաժամանակ, Կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել հիփոթեքային վարկավորման զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ (հիմնականում Գերմանական զարգացման բանկի հետ համատեղ):

2006 թվականին բանկային համակարգի հատկանշական դրսևորումներից են եղել ակտիվների և պարտավորությունների արժութային կառուցվածքի էական փոփոխությունները.

  • դրամային ակտիվների տեսակարար կշիռը աճել է 9.5 տոկոսային կետով և կազմել ընդհանուր ակտիվների 56.9%-ը (դրամային ակտիվներն աճել են 42.9%-ով, արտարժութային ակտիվները նվազել են 2.5%-ով),
  • դրամային պարտավորությունների տեսակարար կշիռը աճել է 10.8 տոկոսային կետով և կազմել ընդհանուր պարտավորությունների 44.0%-ը (դրամային պարտավորություններն աճել են 54.8%-ով, արտարժութային պարտավորությունները նվազել են 2.0%-ով):

Բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման ծավալները տարվա ընթացքում ավելացել է 25%-ով և տարեվերջին կազմել 230 մլրդ դրամ: Տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է վարկային ներդրումների աճ, ընդ որում՝ պահպանվել են տնտեսության ճյուղերի վարկավորման՝ նախորդ տարի դրսևորված սեզոնայնությունները: 2006 թվականին ամենաբարձրը հիփոթեքային վարկավորման աճի տեմպն էր (114% աճ): Ինչպես և վերջին տարիներին, ամենամեծ ծավալային աճը ապահովել են սպառողական վարկերը, որին նպաստել է նաև 2006 թվականին բնակչության զուտ տնօրինվող եկամտի 19% աճը:

2006 թվականին անվանական ՀՆԱ աճին հիմնականում նպաստել են շինարարության ճյուղը և ծառայությունների ոլորտը: Չնայած շինարարության աճը հիմնականում ապահովվել է ոչ թե բանկային համակարգի վարկավորման, այլ մասնավոր հատվածի կողմից ֆինանսավորված շինարարության ծավալների աճի հաշվին, այնուամենայնիվ շինարարության ոլորտում թողարկման իրական աճը կազմել է 37%, որին զուգահեռ, բանկային համակարգի կողմից ճյուղի վարկավորումն ավելացել է 47%-ով: Չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը տարեվերջին կազմել է ընդհանուրի ընդամենը 2.4%-ը, որի 66%-ը հսկվող դասի ակտիվներն են: Տարվա ընթացքում իրականացված զուտ մասհանումների տեսակարար կշիռը ընդհանուր ակտիվներում կազմել է ընդամենը 0.4%՝ վկայելով ՀՀ բանկային համակարգում վարկային ռիսկի ցածր մակարդակի մասին: