Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը (2007 թվական)

Նախաբան

2007 թվականին ՀՀ ֆինանսական համակարգում շարունակվել են դրական զարգացումները: ՀՀ ֆինանսական համակարգի համընդհանուր ակտիվների մեծության մոտ 92%-ը բաժին է ընկել բանկային համակարգի ակտիվների մեծությանը: Հաշվետու տարում մակրոտնտեսական միջավայրում դարձյալ շարունակվել են վերջին տարիներին ձևավորված կայուն զարգացման միտումները, որոնք բարենպաստ ազդեցություն են ունեցել նաև բանկային համակարգի զարգացումների վրա: Բանկային համակարգի կողմից տրամադրված վարկերի ծավալները ավելացել են տնտեսության բոլոր ճյուղերում, ընդ որում՝ վերջին տարիներին պահպանվում են տնտեսության ճյուղերի վարկավորման սեզոնային դրսևորումները: Ինչպես 2006 թվականին, այս տարի ևս ամենաբարձրը հիփոթեքային վարկավորման աճի տեմպն էր (125% աճ): Ծավալային ամենամեծ աճը ապահովել են սպառողական վարկերը, որին նպաստել է 2007 թվականին համախառն ազգային եկամտի բարձր՝ 17.4% աճի մակարդակը:

2007 թվականին իրական ՀՆԱ աճը կազմել է 13.7%, ընդ որում՝ ՀՆԱ աճին մեծապես նպաստել է շինարարության ճյուղը (բաժին է ընկել աճի 4.5 տոկոսային կետը): Չնայած շինարարության ճյուղի աճը հիմնականում ապահովվել է ոչ թե բանկային համակարգի վարկավորման (բանկային համակարգի տրամադրած վարկերում շինարարության ճյուղին բաժին է ընկնում 5%-ը), այլ մասնավոր հատվածի կողմից ֆինանսավորված շինարարության ծավալների աճի հաշվին, այնուամենայնիվ շինարարության ոլորտում թողարկման իրական 27% աճին զուգահեռ, բանկային համակարգի կողմից ճյուղի վարկավորումն ավելացել է 91%-ով: Տարվա ընթացքում ՀՀ տնտեսությունում ֆինանսական միջնորդության մակարդակը բավականին աճել է. բանկային համակարգի ակտիվների և ՀՆԱ հարաբերակցությունը ավելացել է 4.6 տոկոսային կետով՝ տարեվերջին կազմելով 24.4%, բանկային համակարգի կողմից տրամադրված վարկերի և ՀՆԱ հարաբերակցությունը ավելացել է 4.4 տոկոսային կետով և կազմել 13.0%: Ֆինանսական միջնորդության մակարդակը Հայաստանում դեռևս ցածր է, սակայն տնտեսության կայուն զարգացման պայմանները և բնակչության եկամուտների աճը ՀՀ ֆինանսական համակարգի ընդլայնման լուրջ հիմքեր են ստեղծում:

2007 թվականին բանկային համակարգի հատկանշական դրսևորումներից են եղել.

  • Վարկերի աննախադեպ աճը. տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալներն ավելացել են 78%-ով:
  • Զուտ արտաքին ակտիվների (ԶԱԱ) նվազումը. ԶԱԱ-ն նվազել է 87 մլրդ դրամով և կազմել -76 մլրդ դրամ, ընդ որում՝ ոչ ռեզիդենտներից (հիմնականում օտարերկրյա բանկերից) ներգրաված այդչափ միջոցները առավելապես տրամադրվել են ներքին տնտեսության վարկավորմանը: Հատկանշական է, որ մինչև 2007 թվականը ԶԱԱ մեծությունը ՀՀ բանկային համակարգում միշտ եղել է դրական:
  • ՀՀ դրամայնացումը. ՀՀ դրամային ակտիվների տեսակարար կշիռը աճել է 6.1 տոկոսային կետով, ՀՀ դրամային պարտավորությունների տեսակարար կշիռը՝ 7.7 տոկոսային կետով և համապատասխանաբար կազմել են ընդհանուր ակտիվների 63.0%-ը ու պարտավորությունների 51.7%-ը (մինչև 2007 թվականը պարտավորությունների կազմում արտարժութային միջոցների տեսակարար կշիռը գերազանցել է ՀՀ դրամային միջոցների տեսակարար կշիռը):

Ընդհանուր առմամբ, վարկերի կտրուկ աճի պայմաններում ակտիվների որակի վատթարացում չի արձանագրվել. ստանդարտ դասի ակտիվների տեսակարար կշիռը տարեվերջին կազմել է ընդհանուրի ընդամենը 97.6%-ը (նախորդ տարվա վերջին՝ դարձյալ 97.6%), իսկ տարվա ընթացքում իրականացված զուտ մասհանումների տեսակարար կշիռը ընդհանուր ակտիվներում կազմել է ընդամենը 0.6% (նախորդ տարվա վերջին` 0.4%):

2007 թվականին շարունակվել է ապահովագրական շուկան անառողջ ապահովագրական ընկերություններից «մաքրելու» գործընթացը: Դադարեցվել է ևս 6 ապահովագրական ընկերությունների լիցենզիաների գործողությունը: Չնայած դրան, ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները նախորդ տարվա համեմատ աճել են 1.3%-ով, շահույթը՝ 113.3%-ով, պայմանագրերի քանակը՝ 39.5%-ով: Կապիտալի շուկայում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունը Հայաստանի ֆոնդային բորսայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի 100 տոկոսի ձեռքբերումն էր շվեդական հայտնի բորսայական օպերատոր Օ-ԷՄ-ԷՔՍ-ի կողմից (OMX AB publ.): Սրա համար նախադրյալներ էին ստեղծվել «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ նոր օրենքով, որի համաձայն՝ Հայաստանի ֆոնդային բորսան և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան վերակազմավորվեցին և դարձան բաց բաժնետիրական ընկերություններ, այսինքն՝ նրանց ոչ առևտրային կարգավիճը փոխվեց առևտրայինի: Բացի այդ, 2007 թվականի ընթացքում 6 ընկերություններ իրականացրին պարտատոմսերի թողարկումներ, իսկ 1 բանկ՝ նաև բաժնետոմսերի առաջնային հրապարակային առաջարկ (IPO): Այսպիսով, 2007 թվականի ընթացքում կապիտալի շուկայի զարգացման ակնկալիքներն ավելի իրատեսական դարձան: